Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշատակի եւ ոգեկոչման երեկո

Փետրվար 12,2002 00:00

Հիշատակի եւ ոգեկոչման երեկո Փետրվարի 9-ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Արցախի ազատության համար մարտնչած եւ զոհված ՀՀ ԳԽ պատգամավոր Վիգեն Շիրինյանի մահվան 10-ամյակին եւ ծննդյան 50-ամյակին նվիրված հուշ-երեկո։ Միջոցառումը կազմակերպել էր «Գոյամարտ» հասարակական-բարեգործական միությունը։ Ներկաներին իրենց ոգեկոչող երգերով ողջունեցին Երեւանի սպայի տան մենակատարները։ Ելույթ ունեցան Վիգեն Շիրինյանին լավ ճանաչած մարդիկ, որոնք իրենց խոնարհումը բերեցին սուրբ նահատակի հիշատակին։ Վիգեն Շիրինյանը ծնվել է 1946-ին, Չլդրան գյուղում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Երեւանում, ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտը, 6 տարի աշխատել «Երազ» գործարանում, ապա վերադարձել է հայրենիք՝ Արցախ, եւ աշխատանքի անցել ՋԷԿ-ում։ Վերակառուցման տարիներին ազատության հույսով ոգեշնչված հայորդին անդամակցել է սկզբում «Կռունկ», հետո «Ամարաս» կոմիտեներին։ Սակայն բանիմաց մարդը շուտ հասկացավ սահմանադրական միջոցներով պայքարի անարդյունավետությունը, ընտրեց զենքով պայքարի ուղին։ 1989-ին անդամագրվեց Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ ստեղծված «Արցախի պաշտպանության կոմիտեին», որտեղ գործունեություն ծավալեց Սերժ Սարգսյանի, Սամվել Շահմուրադյանի, Արթուր Մկրտչյանի եւ այլոց հետ։ Վիգեն Շիրինյան ազատատենչ մարտիկը իր մահկանացուն կնքեց 1992-ին Ստեփանակերտի ռմբակոծման ժամանակ։ Նա իրեն ճանաչողների հիշողության մեջ մնացել է որպես իր սկզբունքներին հավատարիմ, կենսասեր եւ ժողովրդասեր մարդ։ Վիգեն Շիրինյանի մասին ջերմ խոսքերով հանդես եկավ Արցախի ԱԺ պատգամավոր Վահրամ Աթանեսյանը. «1985 -86թթ. Վիգենը Մարտակերտում շրջանային թերթում գրական խմբակ էր ստեղծել եւ կարդում էր հայրենասիրական բանաստեղծություններ։ … Վիգենը այն մարդն էր, որ առաջինը Մարտակերտի շրջգործկոմի շենքի վրա բարձրացրեց Եռագույնը»։ Ելույթ ունեցավ նաեւ գրող Զորի Բալայանը։ Նա ասաց. «Նարեկացին գրել է՝ Աստված մի արասցե, եթե զոհը ապարդյուն է։ Վիգեն Շիրինյանը այն ֆիդայիներից, հայդուկներից մեկն է, որ հարթել են հայոց բանակի ճանապարհը եւ ոչ ոք իրավունք չունի մոռանալու զոհված ոչ մի քաջի, որ մատաղ արեցին իրենց կյանքը անկախության ճանապարհին»։ Իրենց հուշերով ներկաների հետ կիսվեցին նաեւ Արկադի Տեր-Թադեւոսյանը եւ այլք։ Վիգեն Շիրինյանի այրին՝ Գալինա Շիրինյանը, ցավ հայտնեց, որ միջոցառմանը ներկա չէին իրենց՝ Վիգենին ամենամոտ ընկերներ ու զինակիցներ համարող Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը եւ որ, ամենացավալին է, ոչ միայն չօգնեցին միջոցառման կազմակերպմանը, այլեւ ցանկանում էին ամեն կերպ խոչընդոտ հանդիսանալ հուշ-երեկոյի կայացմանը։ Նա անթաքույց հուզմունքով շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր եկել էին իրենց հիշատակի տուրքը մատուցելու հայրենանվեր զինվոր ամուսնուն։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել