Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՆՔ ՈՒՇԱՑԵԼ, ԲԱՅՑ ՏԵՂՈՒՄ ԷԼ ՉԵՆՔ ԴՈՓՈՒՄ

Փետրվար 12,2002 00:00

ՉԵՆՔ ՈՒՇԱՑԵԼ, ԲԱՅՑ ՏԵՂՈՒՄ ԷԼ ՉԵՆՔ ԴՈՓՈՒՄ Վերջին մեկ-երկու տարում «ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» արտահայտությունը դարձել է մեր մեծ ու փոքր իշխանավորների ամենասիրելի եւ հաճախ գործածվող բառակապակցություններից մեկը։ Իսկ երբ տնտեսության այդ փոքր, բայց խոստումնալից ճյուղը անձամբ ՀՀ նախագահի կողմից հռչակվեց որպես առաջնահերթ ուղղություն, բոլորը մեկեն սկսեցին խոսել ոչ միայն ուղղակի «տեղեկատվական տեխնոլոգիաներից», այլ արդեն՝ «բա՜րձր տեխնոլոգիաներից»։ Սակայն հարկ է խոստովանել, որ ոչ միայն խոսողներն իրենք, այլեւ՝ լսողներից շատերը ճիշտ ու լրիվ չեն ընկալում ոչ միայն արտահայտության իմաստը, այլեւ՝ այն հեռանկարը, որ բացում է Հայաստանի քայքայված տնտեսության առջեւ այդ նոր ուղղությունը։ Այն փոքրաթիվ մարդկանցից մեկը, ով իրապես տեղյակ է այդ ոլորտին, եւ ում դերակատարությունը՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու մեջ, հիրավի, անգնահատելի է, «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմնադրամի» գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյանն է։ Նրա հետ հարցազրույցի առիթը ապրիլ ամսին Երեւանում սպասվող միջազգային ֆորումն է՝ նվիրված հենց ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային զարգացմանը։ – Ապրիլին կկայանա «Էլեկտրոնային զարգացումը Հարավային Կովկասում» կամ «Էլեկտրոնային Կովկաս» անունը կրող ֆորումը։ Ինչո՞ւ «Էլեկտրոնային Կովկաս»։ – Վերջին մի քանի տարիներին տարբեր գլոբալ քաղաքական մարմիններ ստեղծել են ինֆորմացիոն հասարակության հետ կապված տարբեր նախաձեռնություններ։ ՄԱԿ-ն ունի իր նախաձեռնությունը՝ «Յու-Էն- տաքսվորքս», աշխատանքային մարմին, որը զբաղվում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման նախագծերի գնահատմամբ եւ ֆինանսավորմամբ։ Նման մի մարմին ունի Համաշխարհային բանկը, որն այլ խոշոր դոնոր-կազմակերպությունների հետ ստեղծել է հիմնադրամ, որը նույնպես ֆինանսավորում է նախագծեր, որոնք ուղղված են տարբեր երկրներում ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմանը։ Եվրամիությունն ունի «Էլեկտրոնային Եվրոպա» կոչվող ծրագիրը, որը բաղկացած է մանրամասն մշակված գործողությունների ծրագրերից։ Սա գլոբալ մակարդակն է։ Բայց գոյություն ունի նաեւ ռեգիոնալ եւ ազգային նախաձեռնություններ ընդգրկող մակարդակը։ Տարածաշրջանային նախաձեռնություններից, օրինակ, «Էլեկտրոնային Բալկանները», «Էլեկտրոնային Հարավ-արեւելյան Եվրոպան», «Էլեկտրոնային Եվրոպա պլյուսը», «Էլեկտրոնային հյուսիսային չափումը» (որը ներառում է բալթյան եւ սկանդինավյան երկրները)։ Սրանից բացի, տարբեր երկրներ ունեն իրենց ազգային ծրագրերը՝ ինչպե՞ս զարգացնեն իրենց երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Բայց խոսքը միայն կոնկրետ ոլորտի մասին չէ։ Ոլորտն ազդում է ամբողջ հասարակության վրա։ Այլ կերպ ասած, խոսքը էլեկտրոնային զարգացման կամ ինֆորմացիոն հասարակության ծրագրի մասին է։ Առայժմ Հայաստանում ինֆորմացիոն տեղեկատվությունն ընկալվում է որպես տնտեսության առանձին սեկտոր։ Բայց մենք խոսում ենք ոչ թե այդ մի սեկտորի զարգացման եւ դրա ռազմավարական ծրագրի մասին (ինչը նույնպես շատ կարեւոր է), այլ ավելի գլոբալ։ Այդ սեկտորը տեղեկատվական հասարակության մի մասն է, շարժիչ ուժը, իսկ մարմինն ամբողջ հասարակությունն է, տնտեսության բոլոր ճյուղերը՝ գյուղատնտեսություն, առեւտուր, բանկային համակարգ, առողջապահություն եւ այլն… Այդ պատճառով ծրագիրը պիտի ներառի ոչ միայն բուն սեկտորի զարգացումը, այլեւ ունենանք ազգային ծրագիր՝ ինֆորմացիոն հասարակության ստեղծման, որը տարբեր հարթություններ ունի՝ էլեկտրոնային կառավարում, էլեկտրոնային կրթություն, էլեկտրոնային առեւտուր եւ այլն… Փաստորեն, դրվում է մեր տնտեսության եւ հասարակության միգրացիայի խնդիրը՝ դեպի էլեկտրոնային դարաշրջան։ Ազգային եւ գլոբալ մակարդակներն իրար հետ կապվելու կարիք ունեն, ինչի համար էլ կան ռեգիոնալ մակարդակները։ Եվ այս «Էլեկտրոնային Կովկասը» Հայաստանի նախաձեռնությունն է՝ ռեգիոնալ համագործակցություն ստեղծելու, ռեգիոնալ ծրագրեր մշակելու իմաստով։ Հարկավոր են տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաներ (ՏՀՏ) ռեգիոնալ ծրագրեր, որտեղ այդ երկրների օրենսդրությունները պիտի իրար չհակասեն։ Օրինակ, եթե ինտերնետով առեւտուր ենք ուզում անել, պիտի օրենքներն էլ աշխատեն երկրից-երկիր, բանկային փոխանցման դեպքում էլ պիտի այդ օրենքներն աշխատեն։ Պիտի ստեղծվի էլեկտրոնային ստորագրության ենթակառուցվածք։ – Իսկ ի՞նչ արդյունքներ տվեց ֆորումին նախորդած սեմինարը։ – Հունվարի 28-30-ը Երեւանում «Էլեկտրոնային Կովկասի» առաջին աշխատանքային սեմինարը կայացավ, որին մասնակից էին ոչ միայն ռեգիոնի, այլեւ Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի 15 երկրներ։ Հավաքվել էին լավագույն էքսպերտները, որոնք ներկայացնում էին իրենց երկրների ազգային փորձը։ Տարբեր դոնոր-կազմակերպություններ՝ USAID-ը, IREX-ը, ՆԱՏՕ-ի գիտական ծրագիրը, ՀԲ-ն ներկայացրին այն նախագծերը, որոնք իրենք իրականացնում են այդ տարածաշրջանում։ Մենք ծանոթացանք «Էլեկտրոնային Ռուսաստան» ծրագրին ու այլ ռեգիոնալ ծրագրերի։ – Այսինքն, Ռուսաստանում ծրագիրն արդեն գործողության մե՞ջ է։ – Այո, կառավարության կողմից հաստատված ծրագիր է եւ սկսվել են աշխատանքները։ – Իսկ մեզ մոտ ի՞նչ վիճակ է։ – Այս նախաձեռնության իմաստն այն է, որ ինն ամսվա ընթացքում ստեղծվեն աշխատանքային հարաբերություններ, որպեսզի կարողանանք սկսել երկարաժամկետ ռեգիոնալ համագործակցության ծրագիր։ Սա դեռ նախապատրաստական փուլն է։ – ՀՀ կառավարությունն ի՞նչ ձեւով է իրականացնում իր մասնակցությունը նախաձեռնություններին։ – Կառավարության որոշմամբ ԱԳՆ-ն համակարգում է ֆորումի նախապատրաստական աշխատանքները՝ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմնադրամի» հետ միասին։ – Ըստ Ձեզ, որքա՞ն ժամանակ է հարկավոր, որ մեր հասարակությունն ինտեգրվի էլեկտրոնային դարաշրջանին։ Որքա՞ն ժամանակում «Էլեկտրոնային Կովկասը» իրականություն կդառնա։ – Դժվար է կանխատեսումներ անել, բայց ծրագրերում կոնկրետ ժամկետ նշում են։ Օրինակ, «Էլեկտրոնային Ռուսաստան» ծրագիրը նախատեսված է մինչեւ 2010թ.։ Մեր ծրագրի ժամկետները դեռ որոշված չեն։ Փաստորեն, սա ամբողջ հասարակության լուրջ անցման փուլ է։ Եվ այն երկրները, որոնք չեն մշակում իրենց էլեկտրոնային զարգացման ծրագրերը, հայտնվում են լուսանցքային վիճակում։ Մենք չենք կարող ասել, որ շատ ենք ուշացել, բայց չենք էլ կարող ասել, թե շատ առաջ ենք։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել