Ո՞ՒՐ ԵՆ ՄԱՄՈՒԼԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆՆ ՈՒ «ՏՆԱՅԻՆ ՔՆՆԱԴԱՏԸ» Կյանքը ցույց տվեց, որ Հայաստանում լրագրողական կազմակերպությունների ձեւավորումն ու գոյությունը ունեցան ընդամենը մի քանի գործառնական նշանակություն. սեմինարային, չվերթային ու գրանտային։ Լրագրողի պաշտպանության, մասնագիտական գործունեության, պատվի, արժանապատվության, վարքի հետ կապված խնդիրները լրագրողական կազմակերպությունների ուշադրությունից դուրս են։ Այլ խոսքով, չկան մամուլի գծով օմբուդսմեններ, որոնք ի զորու կլինեն այսօրինակ հարցերում ԶԼՄ-ներին պաշտպանելու կամ լավագույն դեպքում, մինչեւ ԶԼՄ-ներին դատարան քարշ տալը հասարակական միջնորդի դեր խաղալու։ Օմբուդսմենը մեծ դեր ունի շիկացած քաղաքական գործիչների ոտնձգություններից լրագրողներին փրկելու գործում։ Իմ գործընկերներից շատերից հարցրի, թե արդյոք իրենց խմբագրություններում կա՞ն հաստիքային իրավաբաններ, փաստաբաններ, իրավախորհրդատուներ։ Ամերիկացիներն ասում են՝ «տնային քննադատներ»։ Ովքե՞ր են պաշտպանում իրենց, երբ գործը հասնում է դատարան։ Փաստենք, որ մեր տեղեկություններն այս իմաստով համընկան հարցման արդյունքների հետ։ Արմինե Օհանյանը («Հայկական ժամանակ») տեղեկացրեց, որ թերթում չկան հաստիքային իրավաբաններ, իրավախորհրդատուներ։ Եվ, որ ինքը վստահում է իրավաբան Ռոբերտ Գրիգորյանին, որից հարկ եղած դեպքերում ստանում է իրավաբանական օգնություն։ Արթուր Սահակյան («Իրավունք)- Որքան տեղյակ եմ, հաստիքով իրավաբաններ-փաստաբաններ թերթը չունի։ Սակայն ՍԻՄ-ը ունի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով։ Եվ եթե հարցեր են առաջանում, խորհուրդ եմ հարցնում նրանցից։ Սոնա Տռուզյան («Հայոց աշխարհ»)- Չենք ունեցել։ Ինձ հետ կապված եթե դեպքեր (դատարանի ) եղել են, դիմել եմ իմ նախընտրած իրավաբանին, փաստաբանին՝ իրավաբանական օգնություն ստանալու։ Լիզա Ճաղարյան («Չորրորդ իշխանություն»)- Հաստիքային իրավաբան-իրավախորհրդատու չունենք։ Առանձին, ինչպես «Օգոստոս» գործակալության դեպքում էր, դիմել ենք փաստաբանի օգնությանը… «Առավոտը» նույնպես հաստիքային իրավաբան, փաստաբան չունի։ Սակայն քանի որ թերթի լրագրողները հաճախ են հայտնվում բախումնային իրավիճակներում, ուստի մենք նույնպես իրավաբանական օգնություն նախընտրում ենք ստանալ ճանաչված փաստաբաններից, իրավաբաններից։ «ՀՀ»-ն եւ «թԸ»-ն մինչեւ վերջերս ունեին իրենց իրավախորհրդատուն։ Այնուամենայնիվ, հետաքրքիր է իմանալ, թե ինչպես են պաշտպանվում մամուլի միջոցները, կա՞ն կարգավորիչներ, որոնք համընդհանուր են եւ որոնք կոչված են հատկապես մամուլի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու։ Մամուլի հարցերում ավանդական պետություն է Շվեդիան։ Այնտեղ 1916թ. ստեղծվեց Եվրոպայի 1-ին մամուլի գործերի խորհուրդը։ Վերջինիս նախաձեռնությամբ էլ ձեւավորվեց մամուլի օմբուդսմենի ինստիտուտը։ Խորհուրդն ուներ 6 անդամ՝ 3-ը ճանաչված թերթերի մեկական ներկայացուցիչներ էին, 3-ը՝ դատավորներ (մեկը՝ ԳԴ)։ Խորհուրդը ֆինանսավորվում էր լրագրողական միությունների կողմից (ԼՄ-ների թիվ մեկ խնդիրը)։ Օմբուդսմենը հետեւում էր լրագրողական վարքագծի կանոնների պաշտպանմանը։ ԱՄՆ-ում ընդունված է «պատվի մասնագիտական կանոնագիրք, որը իրավաբանական ուժ չունի լրատվամիջոցների համար, այլ՝ բարոյական ազդեցություն։ Թերթերում հաստիքով աշխատում են «տնային քննադատները», օմբուդսմենները, որոնց շնորհիվ տպագրվում են եզրակացություններ, հերքումներ, ճշտումներ, ինչպես նաեւ գլխավոր խմբագրին ուղղված նամակները։ ԱՄՆ-ում չկա պետության կողմից լիազորված մամուլի գործերի հանձնաժողով։ Ավստրալիայում գործում է դատական կոմիտե՝ լրագրողների ընկերակցության տանիքի ներքո։ Լրագրողի կողմից էթիկայի կանոնների խախտումը, եթե դատական կոմիտեն արձանագրում է, հետեւանքը լինում է տուգանքն ու ընկերակցությունից արտաքսումը։ Ի դեպ, Նիդեռլանդներում էլ «դատական կոմիտե»՝ մամուլի անկախ խորհրդից արտաքսումը լրագրողների համար պատժի «առավելագույն չափ» է համարվում։ Դա հավասարազոր է նաեւ De Journalist-ում խորհրդի եզրակացությունը տպագրելուն։ Խորհուրդը 16 անդամ ունի, որից 8-ը՝ գործող ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, 8-ը՝ մամուլի գծով փորձագետներ (ի դեպ, փորձագետների պակաս մենք կարծես չունենք)։ Խորհրդի ղեկավարը պարտադիր իրավաբան է։ Խորհուրդ կարող են դիմել (մինչեւ ընդհանուր իրավասության դատարաններ) քաղաքական գործիչները, դատավորները, հոգեւորականները, որոնք, օրինակ, բողոքում էին անձնական կյանքի անձեռնմխելիությունը (մասնավոր կյանքի գաղտնիք) լրագրողի կողմից ոտնահարելու համար։ Մեծ Բրիտանիայի վրա կարծես չեկավ թե՛ 1953թ. ստեղծված մամուլի գործերի խորհուրդը, թե՛ 1991թ. ստեղծված մամուլին առնչվող բողոքների քննարկման հանձնաժողովը։ Խնդիրը ոչ թե մամուլին պաշտպանելն էր, երաշխավորելը մամուլի ազատությանն ու ազատ խոսքին, այլ հասարակությանը մամուլից պաշտպանելը։ Հասարակական տրիբունալը, որը ստեղծվեց հետագայում, միտված էր նրան, որ մամուլին ստիպեին հրապարակային ներողություն խնդրել… մականունով տղաներից, որոնք բախտի բերմամբ քաղաքական-հասարակական գործչի թիկնոց էին գցել իրենց ծռված ուսերին։ Օմբուդսմենն այս իմաստով թույլ ազդեցություն ուներ։ Գերմանիայում 1956թ. լրագրողական ընկերակցություններն ու հրատարակչությունները միասնաբար ձեւավորեցին մասնագիտական էթիկայի կանոնագիրք, որի պաշտպանությանը հետամուտ է մամուլի գերմանական խորհուրդը։ Հայաստանի լրագրողական կազմակերպություններն ու թերթերը ժամանակն է մտածեն իրենց մասնագիտական գործունեությունն ապահովելուն միտված, պատվի ու արժանապատվության պաշտպանության մեխանիզմների (միասնական) ձեւավորման մասին։ Այստեղ արդեն ամբիցիաներն ու դրամաշնորհների ավել կամ պակաս ստանալը հաստատ արժեք չունի։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ