Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե մենք վատ ենք ապրում, մեզի ի՞նչ իրավունք»

Փետրվար 12,2002 00:00

«Դե մենք վատ ենք ապրում, մեզի ի՞նչ իրավունք» «Ի՞նչ Աստված, եթե ամեն ինչ ըտենց ա» կամ «Եթե գողը սխալ ա, էդ վախտ խի՞ հենց ինքն ա էսօր ճիշտը դնում»։ Սրանք «Նոր Հայաստան» հումանիտար աջակցության կենտրոնի երեխաների մտքերն են, որոնք, անշուշտ, ժամանակի ընթացքում կձեւափոխվեն, բայց նրանց խեղված հոգիները վաղը ինչ ձեւ կստանան՝ դժվար է ասել։ Թափառաշրջությունը, մուրացկանությունը եւ հանցագործությունը անչափահասների շրջանում, մանկական աշխատանքի եւ պոռնկության օգտագործումը դարձել են սովորական երեւույթ։ Այս փաստն այսօր աշխարհում տիրող քաոսի հետեւանքներից ընդամենը մեկն է։ Հայաստանում տնտեսական, քաղաքական, սոցիալական եւ հոգեւոր ճգնաժամի զոհերից առաջինը աճող սերունդն է։ Թափառաշրջիկ երեխաների հիմնախնդիրը Հայաստանում առկա է եւ այն մատնել անուշադրության՝ ոչ միայն վտանգավոր է, այլեւ՝ դատապարտելի։ Աղքատության, դպրոցի դերի նվազման եւ արտադպրոցական համակարգի փլուզման պատճառով փողոց են նետվել երեխաներ, որոնք արդեն կազմում են որոշակի մի խավ, որին խորթ չեն հանցագործությունը, թմրամոլությունը, պոռնկությունը, վեներական հիվանդությունները։ Այսպես. 1997թ. մաշկավեներական դիսպանսերի տվյալներով 125 ստուգված դեռահասներից 13-ը վարակված է եղել սիֆիլիսով, 30-ը՝ հոնորեայով։ Ռուսաստանում ավելի քան 700 հազ. երեխաներ փողոցներում են, մոտ 400 հազարը որբ են, 30 հազարը որպես անհայտ կորած են գրանցված, 150 հազարը ամեն տարի փախչում է տներից։ Զգալիորեն ավելացել է 14 տարեկան երեխաների քրեական ակտիվությունը։ 1991 թվի հետ համեմատած, 142%-ով աճել է կանխամտածված սպանությունների թիվը, ավազակային հարձակումներինը՝ 122%, ծանր մարմնական վնասվածքներինը՝ 80%, կողոպուտներինը՝ 46%-ով։ 40 միլիոն երեխաներ աշխարհում ապրում են փողոցներում։ Այսօր արդեն նրանց մեծ մասը զբաղվում է ռեկետով, թմրանյութերի առուվաճառքով, խարդախությամբ եւ հաճախ հովանավորվում մեծահասակների կողմից։ Առկա է առանձնակի դաժանության գործոնը։ Թափառող անչափահասները բաժանվում են 4 խմբի՝ խնամազուրկ երեխաներ, ընտանեկան բյուջեն փողոցում «վաստակող» երեխաներ, ընտանիքից առանձնացվող եւ որբ երեխաներ։ Հայաստանում այս հիմնահարցով զբաղվող 4 կազմակերպություն կա։ Դրանցից մեկը «Նոր Հայաստան» հումանիտար աջակցության կենտրոնն է, որը հիմնադրվել է 1997-ին։ Կենտրոնի սկզբնական աշխատանքը կատարվել է փողոցում. չկտրելով միջավայրից՝ նրանց հիմնական նպատակն է եղել երեխաներին վստահություն ներշնչել իրենց հանդեպ, կազմակերպել նրանց առօրյան արշավների, միջոցառումների միջոցով, փոխել նրանց կենսակերպը։ Սկսած 2001 թ. սկզբից, ԱՄՆ-ի Բաց հասարակության ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացվում է «Փողոցի երեխաների սոցիալական վերականգնումը բաց միջավայրում» ծրագիրը։ Հաշվառված է մոտ 170 երեխա, որից կենտրոն է հաճախում մոտ 30-ը։ Կենտրոնում երեխաները սնվում են, նրանց հագուստ եւ հիգիենայի պարագաներ են հատկացնում տարբեր միջազգային կազմակերպություններ, շաբաթը մեկ անգամ բաղնիք են տանում։ Կարեւորը՝ նրանցից շատերը գտել են տեղ, ուր կարող են գնալ։ Չէ՞ որ նրանք այն երեխաներն են, որոնք դուրս մնալով հսկողությունից, գրեթե հնարավորություն չունեն օգտվելու արտադպրոցական եւ ժամանցի միջոցառումներից։ Նրանց հետ աշխատում են մանկավարժներ, հոգեբաններ եւ օգնականներ, որոնք կենտրոնի նախկին սաներից են։ Ինչպես նշեց կենտրոնի տնօրեն Էլեոնորա Մանանդյանը, բավական բարդ է իրենց աշխատանքը՝ տնային այցելությունների ժամանակ հաճախ պարզվում է, որ երեխաներին մուրացկանության են դրդում ծնողները եւ միշտ չէ, որ իրենք կարող են պայքարել դրա դեմ։ Երեխաները, որոնց հետ աշխատում են, չունեն բարոյական ամուր հիմքերի վրա դրված դաստիարակություն, եւ շատ ավելի խոցելի են, քան իրենց հասակակիցները։ Նրանց հեշտ է ներգրավել տարբեր աղանդավորական շարժումներում, ուստի դա կանխելու համար անհրաժեշտ է հոգեւոր ճիշտ ուղղվածություն։ Որպես սրացված երեւույթ, այս երեխաները ունեն թերարժեքության բարդույթ, հետեւաբար անհրաժեշտ է ստեղծել այնպիսի մթոլորտ, որտեղ երեխան իրեն պաշտպանված զգա, կարողանա ինքնարտահայտվել եւ ստանա այն, ինչը, դժբախտաբար, չի կարողանում ստանալ ընտանիքում։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել