ԿԲ-Ն՝ ՋԱՅԼԱՄԻ ՀԱՅՏՆԻ ԿԵՑՎԱԾՔՈՎ Հայաստանի բանկային համակարգի վիճակը հակադարձ համեմատական է Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի գնահատականին։ Իսկ պաշտոնական լրատվամիջոցներով հայտնած նրա գնահատականն այն է, թե իբր մեր բանկային համակարգի վիճակը երբեք այսքան լավ չի եղել, իբր համակարգն ազատվում է «հիվանդ» բանկերից եւ «առողջանում» է։ Բանկերի վիճակը, սակայն, Տիգրան Սարգսյանի խոսքերից ոչ մի կերպ չի լավանում։ Իսկ համակարգը՝ ավելի վատ լինելու տեղ կարծես թե չունի։ Բայց խնդիրն այն է, որ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը այլ կերպ չէր էլ կարող արտահայտվել (հակառակ դեպքում՝ հրաժարական տալու «տղամարդկություն» պետք է ունենար), քանի որ հենց ԿԲ-ն է մեղավոր այս վիճակի համար։ Երբ այս կամ այն բանկում տեղի ունեցող աննորմալ երեւույթի մասին լրատվամիջոցները հրապարակում են անում, վերջիններիս մեղադրում են, թե տվյալ բանկին ուղղակիորեն վնասում ենք, թե ավանդատուներն սկսում են զանգվածաբար հետ վերցնել իրենց գումարները, բանկը խնդիրների առաջ է կանգնում եւ այլն։ Մի կողմ դնելով այն, որ բանկը միշտ պետք է պատրաստ լինի վերադարձնել ավանդները՝ դրանով ապացուցելով, այսպես կոչված, խոչընդոտող հրապարակումների կեղծ լինելը, նկատենք, որ հակառակ պարագան ԿԲ-ն մեծ հաճույքով անտեսում է։ Հակառակ պարագան այն է, երբ ԿԲ նախագահը կամ բանկերի միության նախագահը, կամ ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահը, կամ մի ուրիշ պաշտոնատար անհիմն գովազդով է զբաղվում, իսկ մարդիկ, նրանց հավատալով, իրենց գումարները «կցմցելով» որպես ավանդ ներդնում են արդեն սնանկացած բանկում։ Մինչդեռ, հիշյալ պարոնները պետք է նկատի ունենան, որ ի տարբերություն սովորական գովազդի, իրենք պարտավոր են ոչ միայն հաշիվ տալ իրենց խոսքերին, այլեւ կանխել անհիմն գովազդը։ Թե չէ «Կրեդիտ-Երեւանի» ինֆարկտ տարած ավանդատուն, որը հիշյալ «նախագահների» գովազդից հետո էր իր վիրահատության գումարը ներդրել բանկում, վիրահատության նախօրեին փաստի առաջ էր կանգնել։ Այնինչ, ԿԲ-ն ոչ միայն չպետք է բանկերի գովազդով զբաղվեր, այլեւ պետք է կանխեր անհիմն գովազդը (խոսքը միայն նշված բանկին չի վերաբերում), ըստ օրենքի։ Իսկ կանխելու քիչ լիազորություններ ու մեխանիզմներ չունի։ Ասենք, կարող էր ստուգել ներկայացված նորմատիվները, թե արդյոք նշվող ճոխ-ճոխ թվերը համապատասխանո՞ւմ են իրականությանը։ Եթե ոչ, ապա, օրինակ, կարող էր արգելել նոր ավանդների ընդունումը (ավանդատուները բազմաթիվ դեպքեր են նշում, երբ բանկերն արդեն սնանկ կամ գրեթե սնանկ վիճակում են ավանդներ ներգրավել)։ Կամ կարող էր թույլ չտալ, որ սնանկացման վտանգի տակ գտնվող բանկը բարձր տոկոսադրույքներով ավանդներ ներգրավելու հայտարարություն անի։ Կարող էր նաեւ «Կրեդիտ-Երեւանի» նախագահ Մարտին Հովհաննիսյանին արգելել ավանդատուների գումարներն անձնական բիզնեսում ներդնել։ Տ. Սարգսյանը եթե Ռ. Քոչարյան – Ս. Սարգսյան «գլխացավանքից» չխուսափեր, Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) էլ կարգելեր իր որդու համար բանկի միջոցներով ավտոմեքենա գնել։ Հակոբ Հակոբյանը կհիմնավորեր, թե իր որդու համար գնված շքեղ ավտոմեքենան որքան անհրաժեշտ է բանկի իմիջի համար, բայց ԿԲ-ն հո կարո՞ղ էր հասկանալ, որ դա այդպես չէ։ Թե չէ այս ամենից մնում է ենթադրել, որ բանկային հաշվետվություններից ԿԲ մասնագետները գլուխ չեն հանում։ Ի դեպ, «Առավոտի» աղբյուրը տեղեկացրեց, որ ՆԳՆ 6-րդ, թե ԱԱՆ 4-րդ վարչությունը այս օրերին իր աջակցությունն է ցույց տալիս «Ագրոբանկին»՝ վարկերը հետ ստանալու գործում, միայն թե այդ աջակցությունը բանկային կանոնների մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում։ Իսկ ԿԲ-ն հո չի՞ կարող Ռ. Քոչարյանի հետ անձամբ շփվող գործարարին արգելել դա անել։ Սակայն մասնագետները նշում են, որ երբ ուժայիններն են բանկի գործերին խառնվում, ուրեմն «ձեռքերդ լվա» այդ բանկից, որովհետեւ ինչքան գումար հետ են բերելու, երկու այնքան էլ իրենց են վերցնելու։ «Առավոտն» ակնկալում է, որ այսօր «Ագրոբանկից», ԿԲ-ից, ՆԳՆ-ից եւ ԱԱՆ-ից կհայտնեն, որ ոչ 4-րդ, ոչ 6-րդ վարչությունը բանկի վարկերի վերադարձման գործով չի զբաղվում։ Իհարկե, չի զբաղվում, պարզապես այդ «զբաղմունքը» կողմնակի զբաղմունք է եւ փաստաթղթային ձեւակերպման չի ենթարկվել։ ԿԲ-ն ուրիշ հետաքրքիր «անգործություններով» էլ է անցկացրել վերջին 1-2 տարին։ Սրանց մասին «Առավոտը» կգրի իր վաղվա համարում։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Հ. Գ. Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ «Կրեդիտ-Երեւանի» շուրջ 20 ավանդատուներ 20 ստորագրությամբ խմբագրություն բերեցին հետեւյալ հայտարարությունը. «Մենք՝ «Կրեդիտ- Երեւան» բանկի ավանդատուներս, ս/թ փետրվարի 11-ին, ժամը 12-ին ականատես եղանք, որ ՀՀ Կենտրոնական բանկի ընդունարանում խառնաշփոթ իրավիճակում կոտրվեց հարթակի ապակիներից մեկը։ Հերթապահ ոստիկանները բռնի ուժով ներս տարան բողոքող ավանդատուներից մեկին՝ Գրետա Հակոբյանին, որ մոտ էր կանգնած այդ պատահարին։ Մենք հավատացած ենք, որ նա եթե ուզենար էլ, չէր կարող իր կանացի կոշիկով կոտրել բավականին հաստ ապակին։ Մենք՝ ավանդատուներս, բողոքում ենք Գրետայի հանդեպ բռնություն գործադրելու համար»։