ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺԱՌԻԹ ՉԿԱ Թուրքագետ Մուրադ Բոջոլյանի ձերբակալությունը քաղաքական շարժառիթ չունի: Այդ մասին «Արմինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Բոջոլյանի փաստաբան Ռուբեն Բալաբանյանը: Ըստ նրա, հնարավոր է, Բոջոլյանի ձերբակալության պատճառ է դարձել վերջինիս համագործակցությունը թուրքական ԶԼՄ-ների, մասնավորապես, TV6 հեռուստաալիքի հետ: Այդ հանգամանքը հարուցել է ՀՀ հատուկ ծառայությունների կասկածը: Միաժամանակ, փաստաբանը կասկած հայտնեց այն առնչությամբ, որ տվյալ ԶԼՄ-ներին Բոջոլյանի կողմից տրամադրված տեղեկատվությունը կարող էր պարունակել քաղաքական կամ այլ պետական գաղտնիքներ: «Ներկայումս վաղ է խոսել, թե որքանով է հիմնավորված Մուրադ Բոջոլյանի նկատմամբ մեղադրանքը»,- նշեց փաստաբանը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԱ փոխնախարար Գրիգոր Գրիգորյանի այն հավաստումը, թե ծանրակշիռ հիմքեր կան մեղադրանք ներկայացնելու համար: Փաստաբանը նաեւ հրաժարվեց հաղորդել, թե արդյո՞ք Մուրադ Բոջոլյանն իրեն մեղավոր է ճանաչել: Ըստ նրա, Մուրադ Բոջոլյանին հարցաքննել են ընդամենը երկու անգամ: Առաջին անգամ՝ որպես կասկածյալ, երկրորդ անգամ՝ որպես մեղադրյալ: Երկու անգամն էլ՝ առանց փաստաբանի: Ինքը՝ Բալաբանյանը, այդ ժամանակ դեռ չէր ստանձնել Բոջոլյանի պաշտպանությունը: Բալաբանյանը նաեւ նշեց, որ ո՛չ ինքը, ո՛չ իր պաշտպանյալը մտադիր չեն բողոքարկելու Բոջոլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը: Փաստաբանը նաեւ նշեց, որ ներկայումս մտադիր չէ հանդես գալու որեւէ միջնորդությամբ: