Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԵՎՍ ՄԻ ՊԱՇՏՊԱՆ

Փետրվար 12,2002 00:00

ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԵՎՍ ՄԻ ՊԱՇՏՊԱՆ Հակասական է միջազգային հանրության արձագանքը նույն երեւույթի տարբեր դրսեւորումներին։ Մի կողմից՝ նրանք դատապարտում են ահաբեկչությունը եւ հաճախ առանց դատ ու դատաստանի հաշվեհարդար տեսնում ահաբեկիչների հետ, մյուս կողմից՝ պաշտպանում նրանց իրավունքները եւ իրենց հովանու տակ վերցնում ահաբեկիչներին։ Ահա եւ «Amnesty International»-ը ՄԱԿ-ի «Ընդդեմ խոշտանգումների» կոմիտեին ուղղված իր երկրորդ զեկույցում, որ վերաբերում է Հայաստանում խոշտանգումների եւ դաժանության դեպքերին, մեջբերում է Նաիրի Հունանյանի պնդումը, թե իրեն խոշտանգել են։ «Amnesty»-ն նաեւ նշում է, թե «Հոկտեմբերի 27»-ի դեպքերի առնչությամբ կալանավորված 18 անձանցից միայն մեկին են թույլ տվել շփվել ընտանիքի հետ. «Դա Վռամ Գալստյանն է, որին թույլատրվել է տեսակցել կնոջ հետ, քանի որ վերջինս նյարդային ցնցում էր ապրել ամուսնու ձերբակալությունից հետո»։ Քանի-քանիսը նյարդային ցնցում տարան Վռամ Գալստյանի եւ իր հանցակիցների գործողությունների հետեւանքով՝ իրավապաշտպանները շրջանցում են։ «Amnesty»-ն հատկապես մտահոգված է, որ այդ 18-ից ոմանք պնդել են իրենց նկատմամբ կիրառված բռնությունների եւ այն մասին, որ բավականաչափ հաճախ չեն հանդիպել իրենց փաստաբաններին։ Ի դեպ, այս կազմակերպությունն իր պնդումներն արել է մեջբերելով ե՛ւ 1999 թ. դեկտեմբերի 21-ին Ռոբերտ Քոչարյանի հեռուստաելույթում արված հայտարարությունը, թե ինքը 100%-ով վստահ չէ, որ «27»-ի գործով քննությանը խորթ մեթոդներ չեն կիրառվում, ե՛ւ նախագահին առընթեր Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի կարծիքը։ 2000 թ. մարտին մեկուսարանում Նաիրի Հունանյանի հետ հանձնաժողովի անդամների հանդիպման հիման վրա զեկույցում տեղ է գտել այն պնդումը, թե Նաիրի Հունանյանը ծեծվել է եւ քննիչների կողմից ենթարկվել «հոգեբանական ճնշման»։ Եթե միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները եւս կրկնակի չափանիշներով չեն առաջնորդվում՝ հուսով ենք, այս տարվա զեկույցում տեղ կգտնեն թալիբների կրած տառապանքների եւ նրանց նկատմամբ գործադրված միջոցների դեմ բողոքներ։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել