Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նյուտոնը վկայում է

Փետրվար 12,2002 00:00

Նյուտոնը վկայում է Human Rights Watch կազմակերպության Հարավային Կովկասի ներկայացուցիչ Ալեքս Անդերսենը բացառիկ հարցազրույց է տվել ArmeniaWeek պարբերականին: Ինչպես հայտնի է, դատարանը մերժել էր Անդրանիկ Պողոսյանի միջնորդությունը որպես վկա հրավիրել եւ հարցաքննել կինոռեժիսոր Ռոման Բալայանին՝ հիմնավորելով, որ նրանք այլ երկրի քաղաքացիներ են եւ չեն կարող դատարանում որպես վկա հանդես գալ եւ մեր օրենքներով չեն կարող խոստանալ, որ սուտ ցուցմունք չեն տալու: Սակայն Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ստեֆան Նյուտոնին որպես վկա հրավիրելու միջնորդությունը դատարանը չմերժվեց: Ավելի ուշ հայտարարվեց, որ «օպերատիվ հետախուզական միջոցառումների» արդյունքում նրան չեն հայտնաբերել: Հավանաբար Ստեֆան Նյուտոնին չհայտնաբերելու հույսն էր միջնորդությունը չմերժելու պատճառը: «Երկու ամիս տեւողությամբ հետաքննությունը չգիտես ինչու չի կարողացել գտնել Հայաստանի կառավարության խորհրդատուին, որը մեղմ ասած հավատ չէր ընծայում Հայաստանի արդարադատությանը եւ զգուշություն է ունեցել սեփական անձի անվտանգության համար,- հայտարարում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի ներկայացուցիչ Ալեքս Անդերսենը ArmeniaWeek-ին տված հարցազրույցում,- սակայն ես նրան Երեւանում գտա մի քանի ժամվա ընթացքում»: Հարցազրույցը Ստեֆան Նյուտոնի հետ տեղի է ունեցել դեկտեմբեր ամսվա կեսերին: Վերջինս սպանության պահին եւ մինչեւ Հայաստանից հեռանալը աշխատել է Երեւանում՝ Հայաստանի կառավարությունում՝ որպես խորհրդատու: Նա Մեծ Բրիտանիա է մեկնել պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո միայն: Ստեֆան Նյուտոնը արդեն ունի նոր պայմանագիր մեկ այլ երկրի հետ եւ առաջիկա օրերին կմեկնի իր նոր աշխատանքին: Մեծ Բրիտանիայի քաղաքացին Human Rights Watch-ի ներկայացուցչին խնդրել է չհրապարակել հարցազրույցը, քանի դեռ ինքը Հայաստանից չի մեկնել, քանզի տեսել է, թե ինչպես նախագահական վարչակազմը, նախագահի պահակախումբը եւ «օրինապահ» մարմինները ներքաշված են սպանության եւ այն կոծկելու մեջ, եւ որ կատարվող հետաքննությունն անլուրջ է: Ստեֆան Նյուտոնը պատմել է, որ սեպտեմբերի 24-ի երեկոյան ինքը նստած է եղել ճիշտ զուգարանի մոտ գտնվող սեղանի շուրջ եւ տեսել է, թե ինչպես փողոցի կողմից, որտեղից հենց նոր հեռացել էր նախագահը, 6-9 թիկնապահներ աստիճաններով վազել են ներքեւ եւ Պողոսյանին նրա ընկերոջ հետ միասին խցկել զուգարան, ծածկել դուռը: «Ստեֆանը հասկացել է, որ այնտեղ ինչ-որ սոսկալի բան է տեղի ունենում, եւ ինքը նույնպես նետվել է ներս»,- մեզ հետ ունեցած զրույցում պատմում է Ալեքս Անդերսենը: Արդեն զուգարանի ներսի աստիճաններին Ստեֆանը տեսել է թիկնապահներից մեկին, որը ծեծում էր Պողոսյանի ընկերոջը (Ստեփան Նալբանդյանին): «Ստեֆանը կանգնել է նրանց միջեւ եւ բղավել թիկնապահի վրա, որ սա վերջ տա: Թիկնապահն այդ պահին դադար է տվել՝ վախենալով գլուխ դնել այդ բարետես արտաքինով օտարերկրացու հետ, դուրս է եկել»,- պատմում է Ա.Անդերսենը: Ի դեպ «բարետես արտաքինով եւ լավ հագնված օտարերկրացուն» տեսել եւ լսել էր նաեւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Ստեֆանը Human Rights Watch-ի ներկայացուցչին ասել է նաեւ, որ այդ թիկնապահը «Կուկուն» չէր, քանի որ ինքը վերջինիս լուսանկարը տեսել է մամուլում: Հիշեցնենք, որ Պողոս Պողոսյանի ընկերը՝ Յուրի Նավոյանն իր լրացուցիչ ցուցմունքում հստակեցրել էր, որ այդ թիկնապահը Գուրգեն Արսենյանն էր: Այնուհետեւ Նյուտոնը իրավապաշտպանին նկարագրել է, թե ինչ է ինքը տեսել զուգարանի ներսում: Պողոսյանի շուրջ, որն արդեն ծանր վիճակում մեջքի վրա ընկած է եղել գետնին, նա տեսել է մի քանի տղամարդու: «Պողոսյանի դեմքը սովորականից 20 անգամ ուռած էր, ճակատին եղել է սոսկալի վնասվածք: Ակնհայտ էր, որ նրան դաժան ծեծի են ենթարկել: Բերանը փրփրակալած էր եւ զրկված էր մարդկային կերպարանքից»,- Անդերսենին պատմել է Ստեֆան Նյուտոնը: Նա տղամարդկանց ասել է. «դուք նրան սպանեցիք, անմիջապես բժիշկ կանչեք»: Սակայն տղամարդիկ արագ հեռացել են՝ փոխարենը ներս են մտել 5 ուրիշ տղամարդ, ըստ ամենայնի՝ նախագահի վարչախմբից, քանի որ Ստեֆանը նախկինում գործ ունեցել է նախագահի աշխատակազմի հետ, ապա դեմքով ճանաչել է ներս մտնողներից մեկ կամ երկուսին: Նրանք օտարերկրացուն խնդրել են հեռանալ, իբր իրենք կարող են իրավիճակը կարգավորել: Ստեֆանը նրանց հայհոյել է եւ ասել, որ չի հեռանա մինչեւ չգան շտապ օգնությունն ու Անգլիայի դեսպանը: (Նյուտոնը Human Rights Watch-ի ներկայացուցչին ասել է, որ այդ պահին այլ միտք չէր գալիս իր գլուխը): Շտապ օգնությունը եկել է անմիջապես եւ հաստատել, որ Պողոսյանն արդեն մահացած է: Գտնվելով Անգլիայում՝ Ստեֆան Նյուտոնը համաձայնել է թույլ տալ Human Rights Watch-ին հրապարակել իր վկայությունը: Նա համաձայնել է նաեւ Ալեքս Անդերսենի մյուս առաջարկին. գրավոր վկայություն պատրաստել դատարան ներկայացնելու համար: Իրավապաշտպանը հայտարարում է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի այդ փաստաթուղթը՝ Ստեֆան Նյուտոնի վկայությունը համապատասխանեցվի հայաստանյան օրենքների հետ եւ իրավական ուժ ստանա դատարանում: Human Rights Watch հայտնի իրավապաշտպան կլազմակերպությունը դեկտեմբերի 19-ին թողարկած իր մամլո հաղորդագրության մեջ խստորեն դատապարտել էր դատախազության կողմից առաջ քաշած ոչ համապատասխան մեղադրանքը: Կազմակերպությունը շարունակում է հետեւել Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությանը, եւ շուտով կհրապարակվի հերթական զեկույցն այդ մասին: ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ArmeniaWeek-ի թղթակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել