«ՍՑԵՆԱՐԸ ԳՐՎԱԾ ԷՐ ՆԱԽՕՐՈՔ» Վստահեցնում է սպանված Պողոս Պողոսյանի եղբայրը «Առագաստ» սրճարանում նախագահ Քոչարյանի թիկնապահների կողմից սպանված ՀՅԴ անդամ Պողոս Պողոսյանի սպանության եւ ընթացող դատավարության մասին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կարծիք էր հայտնել, որ այդ սպանությունը քաղաքական չէ, եւ որ դաշնակցականները հետաքրքրված են, քանի որ Պողոս Պողոսյանը դաշնակցական էր։ «Եթե դաշնակցական էլ չլիներ, հասարակությունը պետք է հետաքրքրված լիներ»,- եզրակացրել էր Հրանտ Մարգարյանը։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը մի խիստ տարօրինակ համեմատություն էր արել՝ կապված նախագահի թիկնապահների վարքագծի հետ, նա ասել էր՝ որ այն, ինչ տեղի է ունեցել «Առագաստում», նույնն է թե, թիկնապահը կարմիր լույսի տակով է անցել։ Բավականին վիրավորական զուգահեռ՝ մարդ սպանելու եւ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու միջեւ։ Դատավարության ընթացքը եւ Դաշնակցության հետզհետե խամրող ուշադրությունն այդ դատավարության հանդեպ ապացույցն է այն բանի, որ կուսակցությունը փոխել է վերաբերմունքը եւ առաջին օրերի պես պահանջատեր չէ։ Վստահաբար պնդելուն միայն մի բան է խանգարում՝ ըստ որոշ աղբյուրների, ՀՅԴ ղեկավարները հանդիպել են նախագահ Քոչարյանի հետ եւ խոսակցության ընթացքում անդրադարձել են նաեւ Պողոս Պողոսյանի սպանությանը։ Ընկերները խնդրել են արդար դատ։ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը հնչել է մոտավորապես այսպես՝ այդքան սպանություններ են կատարվում եւ ոչ ոք չի դատվում, թիկնապահիս վրա գործ է հարուցված, դատը գնում է, էլ ի՞նչ եք ուզում, ինչո՞ւ վկաները չեն ասում, թե ինքն է եղել։ Հանդիպման այլ մանրամասներ չենք կարող պնդել, քանի որ ինֆորմացիան հույժ գաղտնի է պահվում։ Մի բանում նախագահը ճիշտ է՝ ինչո՞ւ հարցաքննված վկաներից ոչ մեկը չի պնդում, թե սրճարանի զուգարանում հենց Աղամալ Հարությունյանին է տեսել, կամ՝ միայն Աղամալ Հարությունյանին է տեսել։ Ակնհայտ է, որ այս գործով վկաները ինչ-որ բան խորը թաքցնում են եւ ոչ մի գնով չեն ասի։ Այլապես ի՞նչ բացատրություն տալ այն իրողությանը, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ստեֆան Նյուտոնը, որը գործով կարեւոր վկա կարող էր լինել, չի հարցաքննվել։ Ավելին, նախաքննության մարմինը չի էլ փորձել գտնել նրան։ Սպանվածի եղբայր Անդրանիկ Պողոսյանը խոստացել էր դատախազության պարտականությունն անձամբ կատարել՝ գտնել եւ դատարան հրավիրել Ստեֆան Նյուտոնին։ Պրն Պողոսյանի այս խոստումից հետո Ստեֆան Նյուտոնի մեկնումը Հայաստանից չափազանց արագացվել է. «Գիտեին, որ կգտնենք եւ կբերենք դատարան, այ, դրա համար էլ մարդուն փախցրին»։ Անդրանիկ Պողոսյանը ուզում է հասկանալ. եթե իրեն, այնուամենայնիվ, հաջողվի Ստեֆան Նյուտոնի ցուցմունքները, ավելի ճիշտ՝ պատմածները, ներկայացնել դատարանին, դրանք իրավական տեսանկյունից հաշվի կառնվե՞ն, թե՞ ոչ։ Պրն Պողոսյանը վստահ է, որ դատարանը հրահանգ է կատարում եւ, ըստ այդ հրահանգի, չի կարող հաշվի առնել Նյուտոնի ցուցմունքները։ Եթե մինչեւ վերջերս սպանվածի եղբայրը հույսեր էր կապում նախագահ Քոչարյանի հետ եւ միամտորեն կարծում էր, թե վերջինս հանուն պետության հեղինակության կհրահանգի արդար դատավարություն իրականացնել, ապա այսօր արդեն Անդրանիկ Պողոսյանը հիասթափված է երկրի նախագահից։ Պողոսյանը այժմ վստահ է, որ մեր երկրում պրոֆեսիոնալ մարդասպանների շահերը ավելի բարձր են դասվում, քան պետության հեղինակությունը. «Իսկ որ նրանք պրոֆեսիոնալ մարդասպաններ են, դա հաստատ է, որովհետեւ գիտեն՝ ինչպե՞ս խփեն, որտե՞ղ խփեն, որ առանց հետքի մարդը մահանա, հետո էլ գրեն, թե ինֆարկտից է մահացել»։ Գործի դատավարությունը կշարունակվի փետրվարի 18-ին, մինչ այդ պետք է որպես վկա հրավիրվեն Ստեֆան Նյուտոնը եւ Ուկրաինայի քաղաքացի, կինոբեմադրիչ Ռոման Բալայանը։ Ստեֆան Նյուտոնի մասով այլեւս ամեն ինչ պարզ է, վերջինս չի գա դատարան, քանի որ իր իսկ խոսքերով ասած՝ հավատ չի ընծայում Հայաստանի արդարադատությանը եւ «զգուշություն» ունի սեփական անձի անվտանգության համար։ Փաստորեն, Ռոման Բալայանը եւս դատարան չի գա։ Անդրանիկ Պողոսյանի վկայությամբ. «Նրան էլ են նախապատրաստել եւ հետը պայմանավորվել են»։ Պրն Պողոսյանը չասաց, թե ինչ փաստերի հիման վրա է նման պնդում անում, բայց վստահեցրեց, որ իր ասածը ճշմարիտ է. «Ռոման Բալայանը ո՛չ կգա, ո՛չ էլ որեւէ բան կասի, ասածն էլ այն կլինի, թե դեպքը վաղուց է եղել, եւ ինքը մոռացել է»։ Սպանվածի եղբայրը վստահ է, որ «սցենարը գրված է, եւ այդ սցենարով գնում է, անկախ նրանից, վկա բերո՞ւմ ես, թե՞ չես բերում, վկան ցուցմունք կտա՞, թե՞ չի տա։ Քի՞չ են ցուցմունքները, առնվազն 4-5 հոգի ցուցմունք է տվել, որ 5-6 հոգով են տարել եւ սպանել, ովքե՞ր են էդ մարդիկ, թող գործը հետ ուղարկեն նոր նախաքննության»։ Գործը, անկասկած, նոր նախաքննության չի ուղարկվի, եւ պետք չէ զարմանալ, եթե Աղամալ Հարությունյանին ընդհանրապես չդատապարտեն՝ հանցակազմի բացակայության պատճառով։ Իսկ որ տեղի է ունեցել իշխանազանցություն, պաշտոնեական դիրքի չարաշահում, ոչ ոք չի նկատի, նույնիսկ՝ փորձառու փաստաբանները։ Ձեռնտու չէ նման բաներ նկատելը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ