Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԷՐ ՄՈԼՈՐԵՑՐԵԼ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Փետրվար 12,2002 00:00

Ո՞Վ ԷՐ ՄՈԼՈՐԵՑՐԵԼ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Որեւէ պատասխան չկա՝ ո՞վ էր մատուցել այն տեղեկատվությունը, որը հունից հանել էր 1995-ին դեռեւս ուժային կառույցների գործունեությունը համակարգող պետնախարար Վազգեն Սարգսյանին։ Ի՞նչ հիմքեր էին եղել պնդելու, թե ՆԳ նախկին բարձրաստիճան մի խումբ սպաներ նախապատրաստում են հեղաշրջում, այդ նպատակով զենք են ստացել Ռուսաստանից եւ անգամ դեռ պաշտոններ են բաժանել՝ ով է լինելու ՆԳ նախարարը, ով՝ փոխնախարարը եւ այլն։ ՆԳՆ աշխատակիցներին ուղղված այն կոչը, որ 67 սպաների անունից հունիսի 20-ի հանրահավաքում ընթերցել էր ՆԳ նախկին նախարար Լեւոն Գալստյանը, արտաքուստ հիմք չէր կարող հանդիսանալ հեղաշրջման փորձի վերաբերյալ կասկածի համար. «Հասել է պահն ահազանգելու, որ այսուհետեւ հնարավոր չէ «սառնասրտորեն» ականատես լինել, թե ինչպես ՆԳՆ-ում տիրող բացասական բարքերի հետեւանքով աշխատակիցների մի մասը համակերպվեց անհանդուրժելի այս իրավիճակին՝ ամենաթողությանն ու ցինիզմին։ Դիմելով ձեզ, կոչ ենք անում կողմնորոշվել Հայրենիքի եւ ժողովրդի առաջ ձեր սրբազան պարտքի գիտակցումով եւ երբեք չդառնալ իշխող վարչախմբի որոշ պաշտոնատար անձանց ձեռքի գործիք»։ Իհարկե, ինչպես 1995 թ. սեպտեմբերի 21-ին այս գործը հանցակազմի բացակայության պատճառով կարճելու որոշման մեջ էր նշվել՝ «ԱԺ ընտրությունների նախօրեին ընդդիմության կողմից կազմակերպվող պերմանենտ հանրահավաքների եւ ցույցերի պայմաններում նշված դիմումը դիտվել է որպես ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պետական եւ հասարակական կարգը բռնությամբ փոխելու կոչ եւ ՆԳ մարմինների աշխատակիցներին քաղաքական պայքարի մեջ ներգրավելու միտում», բայց համենայն դեպս, դիմումը չէ, որ զայրացրել էր Վազգեն Սարգսյանին։ Ըստ գնդապետ Աշոտ Ղուկասյանի, Գեորգի Գրիգորյանի եւ այլոց ցուցմունքների, բուսաբանական այգում տեղակայված զորամասում Վազգեն Սարգսյանը պնդել էր միայն հեղաշրջման եւ բերված զենքերի մասին։ Ի պաշտոնե՝ նման տեղեկատվություն նրան կարող էին տրամադրել երկու հոգի՝ կա՛մ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը, կա՛մ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը։ Առաջինի մասնակցությունը բացառող վկայություններ կան։ Ասենք՝ 1995-ի հունիսին ՆԳՆ Քննչական վարչության պետի տեղակալ Պուշկին Սերոբյանի ցուցմունքը, ըստ որի՝ Վանո Սիրադեղյանը գիտեր սպաներին բուսաբանական այգի բերման ենթարկելու մասին, բայց այլ մանրամասների մասին իրազեկ չէր։ Կա նաեւ այլ վկայություն՝ 1995 թ. հունիսի 28-ին «Վրեմյա» թերթում Արտյոմ Երկանյանի հրապարակումն է Աղասի Արշակյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ, որում մասնավորապես նշված է. «ՆԳՆ քննչական մեկուսարանի ղեկավարությունը հրաժարվեց ընդունել նորից Երեւան բերված սպաներին (հունիսի 22-ից նրանք պահվել էին Մարտունիում.- Ա. Ի.)։ Այս փաստն Արշակյանը մեկնաբանում է իբրեւ Վազգեն Սարգսյանի կողմից ղեկավարվող մարդկանց գործողությունների նկատմամբ Վանո Սիրադեղյանի բացասական վերաբերմունքի դրսեւորում»։ Նույն հրապարակման մեջ նաեւ նշված է, որ Սիրադեղյանի տեղակալը՝ Հայկ Հարությունյանը, հունիսի 23-ի երեկոյան հանդիպել էր ձերբակալված սպաներից մի քանիսին եւ ափսոսանք հայտնել կատարվածի վերաբերյալ, ներողություն հայցել եւ խնդրել չտարածել այդ միջադեպի մանրամասները։ Ի դեպ, նույն Հայկ Հարությունյանը, ըստ գնդապետ Կառլեն Թորոսյանի, եւս պատասխանատու է կատարվածի համար. «Նաեւ իր գիտությամբ էին մեզ գիշերով այստեղից այնտեղ տեղափոխում, պահում փակի տակ»։ Սակայն ՆԳ ներկայիս նախարարի դերակատարության վերաբերյալ այժմ չի տարվել որեւէ քննություն։ Այլ վկայություններ հիմք են տալիս եզրակացնելու, թե հեղաշրջման եւ զենքերի մասին տեղեկությունը ԱԱ կառույցների հայթայթածն էր։ Այսպես, գնդապետ Գառնիկ Մարգարյանը 2000 թ. մայիսին մամուլում պնդել էր, թե իրենք մինչ այդ դեպքերը գտնվել են «գաղտնի ծառայությունների» ակնհայտ հսկողության ներքո. «Այսինքն՝ մեզ հետեւում էին»։ Եվ ըստ նույն Գառնիկ Մարգարյանի ու այլ գնդապետների՝ ե՛ւ Վազգեն Սարգսյանը, ե՛ւ «Գնդապետների գործում» մասնակցություն ունեցող շատ կատարողներ ուղղակի մոլորված էին, խաբված, քանզի նրանց մատուցվել էր, թե ձերբակալված այդ սպաները դավաճաններ են։ Ըստ գնդապետներ Զաուր Գասպարյանի եւ Յուրա Մխիթարյանի, Վազգեն Սարգսյանը քիչ անց զղջացել էր. «Տաքացել եմ, չպիտի ձեռք բարձրացնեի»։ Իսկ Տավուշի մարզի ՆԳ վարչության պետ Դավիթ Մովսիսյանը ցուցմունքում էր գրել, որ 2-3 ժամ անց զորանոց վերադառնալուց հետո Վազգեն Սարգսյանը ներողություն էր խնդրել։ Անկախ դրանից՝ այսօր նաեւ նրա անունն է ասպարեզում այդ միջադեպի առնչությամբ, բայց ե՛ւ չի զղջացել, ե՛ւ պատասխանատվությունից հաջողությամբ խուսափել է այն պաշտոնյան, որի մատուցած տեղեկատվությունն ունեցավ այս ծանր հետեւանքները։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել