Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԵԴԻՆ՝ ՀՈՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՔԱՂԱ՞Ք

Փետրվար 09,2002 00:00

ՎԵԴԻՆ՝ ՀՈՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՔԱՂԱ՞Ք Արարատի մարզի Վեդու քաղաքապետի խոստումը, թե բյուջեի կատարողականը կհասցվի 80%-ի, աշխատանքային առաջին տարում չիրականացավ։ Նաեւ սրանով է պայմանավորված 2001-ին կենցաղային լարված իրավիճակը։ Մինչդեռ քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը բերում է իր փաստարկները, թե ինչու խոստումը, այսպես ասած, օդում մնաց։ Ամենից առաջ չտրվեց պետության կողմից Վեդու քաղաքապետարանին հատկացվող լրավճարը (շուրջ 12 մլն դրամ կամ քաղաքի տարեկան բյուջեի 11%-ը)։ Միաժամանակ, անկեղծորեն ասվեց, որ քաղաքապետարանի կողմից չեն իրականացվել որոշ պարտավորություններ, որոնք հնարավոր եկամուտների նոր աղբյուրներ կբացահայտեին։ Ցավալի է, որ երկար ժամանակ չի գործում քաղաքի էլեկտրաապարատների գործարանը, որտեղ աշխատել է 1000 մարդ, իսկ հիմա մի երկու մարդ է պահակություն անում։ Ձեռնարկությունը 2001-ին եւս չկարողացավ «լեզու գտնել» Մոսկվայի վերելակների գործարանի տնօրինության հետ (որի համար ռելեների հուսալի մատակարար է եղել երբեւէ)՝ գործարկելու հնացող հաստոցները։ Քաղաքում էլի կան փոքր ու միջին հզորության արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք նվազագույն կարողության տեսակետից բախտակիցներ են։ Չգիտես ինչ տրամաբանությամբ բյուջետային հիմնարկների ցուցակը գլխավորում է Վեդու հիվանդանոցը, որի աշխատողներն ավելի քան 13 ամիս չեն ստացել ոչ մի լումա աշխատավարձ։ Ստացվում է, որ Վեդիում ապրող 3000 ընտանիքներից հող ստացած 1100 ընտանիքներն են ակամայից բնորոշում քաղաքի կերպը։ Մեծամասամբ նրանց ուժով, այս կամ այն ծրագրերի շրջանակներում, ջրատարներ են փորվում, դրանք նորացվում կիսախողովակներով։ Տարեմուտին քաղաքի բյուջեն լրացել է 60%-ով, որը քաղաքապետը անցած տարվա համեմատ համարում է «բավարար»։ Իրոք, որովհետեւ հենց այս վիճակով կարողացել են անցած երկու տարում 54 մլն ժառանգած պարտքից մարել 28 մլն դրամը՝ միաժամանակ կատարելով բազմաթիվ վճարումներ։ Իսկ այ, եթե անվճարունակ երկրագործը քաղաքապետարանի գանձարկղ մուծեր հողահարկի 40 մլն ապառքը, դեռեւս մնացած 26 մլն պարտքի փոխարեն Վեդուն կմնար 14 մլն դրամ։ ԱՎԻԿ ՇԱՂՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել