Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

խաչի անվամբ ծպտվածները

Փետրվար 09,2002 00:00

Տպագրվում է 2001 թ. սեպտեմբերի 8-ից, շաբաթօրյա համարներում: վահրամ մարտիրոսյան խաչի անվամբ ծպտվածները նախորդ գլուխների համառոտ բովանդակությունը 1123 թ.: Երուսաղեմի թագավոր Բալդուին Բ-ի զորքը ջարդվում է Բալակ ամիրայի կողմից: Թուրքերից հետապնդվող խաչակիրների մի խմբի Բեհեսնի բերդաքաղաք է ընդունում Լեւոն Ռուբինյանը, որը նույնանուն գավառում աթոռակից է Եդեսիայի կոմս Ժոսլինին: Փախստականների թվում են վերջինիս Ժոսլին որդին եւ դուստրը` միանձնուհի Ստեֆանին, որին տեղավորում են գավառի ատենադպիր Մատթեոս քահանա Ուռհայեցու տանը: Թագավորը, որի ռազմարշավի նպատակը մեկ տարի առաջ գերված կոմսի ազատագրումն էր, գերի է ընկնել: Թշնամուց մազապուրծ է Եվմորֆիա թագուհին, որը նույնպես Բեհեսնի է ժամանում: Կիլիկիայի իշխանաց իշխան Թորոս Ռուբինյանը դժգոհ է խաչակիրների արկածախնդրություններից եւ Լեւոնի կողմից նրանց ցույց տված աջակցությունից. դրանով կրտսեր եղբայրը խախտել էր միասին ամիրայի հետ կնքած պայմանը: Շուտով թուրքերը «ֆրանկներից» գրավում են Խառան կարեւոր բերդաքաղաքը: Լուր է հասնում, որ Սիս բերդաքաղաքն էլ նրանցից խլել է Թորոսը, որը նաեւ Ժոսլին Տղային, որն իր քրոջորդին է, Կիլիկիա է հրապուրում` հոր փրկագնման խոստումով: Տեր Մատթեոսը գայթակղվում է միանձնուհի Ստեֆանիով, նրանք կենակցում են: Քահանան հոգեկան ճգնաժամի մեջ է, բայց ակամա ներգրավվում է աշխարհիկ գործերի մեջ: Մի քանի բեհեսնեցի երիտասարդ նրա օրհնությունն են խնդրում, որ թաքուն գնան եւ ամիրայի նստավայր Խարբերդից ազատեն գերիներին: Նման առաջարկությամբ գաղտնի մի նամակ էլ, որ ստացվել է կոմս Ժոսլինից, Ստեֆանին է կարդալ տալիս Մատթեոսին: Իշխանի պալատում վեճ է բռնկվում Դերենիկ Արծրունու եւ Մատթեոս Ուռհայեցու միջեւ, երբ սենեկապետն առարկում է «Ժամանակագրություն» մատյանի ընդօրինակման համար գումար տրամադրելուն: 68. – լուրջի մի առ,- երկար լռությունը խախտեց լեւոնը,- հայտնի բան է, որ վասպուրականցիները կծծի են: Նա խոստովանեց նաեւ, որ սրտի խորքում նման վեճերից ուրախանում է, քանի որ Դերենիկ Արծրունին գանձարանի վրա դողում է այսպես, ինչպես` իր սեփական քսակի: – Խնայասիրությունը շահեկան է գանձապետի համար,- համաձայնեցի ես:- Բայց եթե չափավոր է: Մի՞թե ամոթալի չէ, որ ափսոսում – մի անգամ լվացված մագաղաթներ է գնում հրամանագրերիդ համար: Լեւոնը կարկամեց: – Ի՞նչ… բանեցրած մագաղաթնե՞ր: Ինձ երդվել է, որ դրանք լավագույններն են, ամենաթանկերը, որ մշակված են մեռելածին գառան մորթուց: – Ես այդ մասին խոսք չեմ բացել, մտածելով, թե քո իմացությամբ է արվում. հրովարտակներդ, որ պահվում են դիվանում, մեծ մասամբ գրված են լվացված մագաղաթներին: Հոռոմներն այդպիսիք կոչում են «պալիմպսեստ»: Իշխանը կարգադրեց իր ննջարան բերել նախորդ տարվա հրամանները: Ծառաները բերեցին սնդուկը: Արդեն մթնշաղ էր, մենք պատուհանի մոտ, ցերեկային լույսի տակ բազմաթիվ մագաղաթներ զննեցինք, որոնցից մի քանիսին, էջի դատարկ հատվածներում նշմարվեցին ավելորդ թանաքաբծեր, որոշներին էլ ավելորդ տառեր նկատեցինք, երբ պահեցինք մոմի կրակին: Բայց տարօրինակ էր, որ բոլորն անխտիր նուրբ էին, այսինքն` իսկապես մեռելածին գառան մորթուց պատրաստված: Բանը միայն առաջնագրի համեմատ կրկնագիր մագաղաթի էժանությունը չէր. առեղծվածային էր այդ քանակությամբ ընտիր, բայց գործածված մագաղաթների գոյությունը Բեհեսնիի պես ոչ մեծ բերդաքաղաքում: Ծառաները, որոնց իշխանը չէր արձակել, զարմանքով հետեւում էին մեր գործողություններին: Ես նրանց ուղարկեցի եւ Լեւոնին խնդրեցի ուսումնասիրել, թե արդյո՞ք իր ստորագրությունները կեղծված չեն: Մեկ-երկուսը միայն նրա մեջ չնչին կասկած հարուցեցին: Բացի այդ, պնդեց, որ իր ստորագրելուց մագաղաթները նոր են եղել, սպիտակ, հակառակ պարագայում ուշադրություն կդարձներ: – Միակ եզրակացությունը, որ կարելի է անել,- ասացի ես,- այն է, որ քեզ նոր մագաղաթ է մատուցվել, հետո լվացվել ու վրան ուրիշ բան է գրվել: Բայց որ կարծում ես ստորագրություններդ իսկական են, հնարավոր է` մաքրել են միայն գրության մնացյալ մասը: Իշխանը ցանկացավ իմանալ, թե ծանո՞թ եմ մագաղաթը մասամբ լվանալու ուրիշ դեպքի: Պատասխանեցի, որ` ոչ, բայց ստույգ գիտեմ, որ ճրագալույցին, երբ գրիչներն աշխատում են ուղիղ երդիկի տակ, որպեսզի, լույսն ուշ վառելով, ձեթը խնայեն, պատահում է, որ տեղատարափը, ներս լցվելով, լղոզում է թանաքը. այդ ժամանակ ողջ էջը չեն մաքրում: Իշխանը նկատեց, որ նոր մելանն ինքը թաց է, եւ այն վերացնելը նույնը չէ, ինչ` չորացածը: Ապա խորամուխ եղավ իր հրամանները մեկիկ-մեկիկ կարդալուն, մինչեւ հայտարարեց, թե դրանց բովանդակությունը փոխված չէ: Ես տնտղեցի միայն այն մագաղաթները, որոնց վրա կրկնագիր էինք հայտնաբերել: Աչքի զարնեց, որ դրանք գանձարանից դրամի հատկացմանն հրամաններ էին, մինչդեռ, օրինակ, պայմանագրերի ու դատարանի վճիռներն առաջնագիր էին: Երբ դա մատնանշեցի իշխանին, նա իր հերթին դիտել տվեց, որ առանձնացրածս բոլոր գրություններն առավելապես ձիանոցների ծախսերին են վերաբերում: – Սկսում եմ կռահել գործի էությունը,- գլուխն օրորեց իշխանը:- Ես ստորագրել եմ հրամանը, Դերենիկն այն գրանցել է հաշվեմատյանում, փողը դուրս է բերել գանձարանից, բայց հետո մագաղաթը լվացել, վրան գրել է ավելի փոքր դրամագլուխ, որը հանձնել է ցածր աստիճանավորների տնօրինությանը: Իսկ երբ տարվա վերջին գրությունները վերադարձրել են նրան, երկրորդ անգամ են ջնջվել, լրացվել ըստ նախնական գումարի չափի եւ հանձնվել դիվանին: Զարմանալի չէ, որ ստուգելուց սխալներ չէինք գտել: Կեսգիշերին մոտ էր: Իշխանը նետվեց կանկեղի` կնիքի սենյակի կողմը. նրա դուռը բաց էր: Ոսկե, արծաթե ու պղնձե ձուլակտորների սնդուկին կարծես ձեռք տված չէր, բայց դրոշմատուփը չկար: Լեւոնը հրամայեց ոտքի հանել պահակներին, եւ տասը զինվորի ուղեկցությամբ շտապեցինք Դերենիկի տուն: Նա չկար: Ծառան պատմեց, որ իր տիրոջ մոտ իշխանի մի սպասավորն է եկել իրիկնադեմին, որի հեռանալուց հետո ազատը երկար նստել է մահճակալին, երկու անգամ նոր թաշկինակ պահանջել` վրայից թափվող քրտինքը սրբելու համար, ապա պատվիրել է ձին թամբել եւ սանձակոտոր արշավել պալատի ուղղությամբ: Բակում վառվող կաշվի տհաճ հոտ էր տարածված: Երբ ծառային հարցրինք, թե ինչից է, ասաց, որ տիրոջ հանձնարարությամբ մի խուրձ գրություն է վառել: Անմիջապես մտանք հացատուն, ես բարձրացրի թոնրի խուփը, եւ ականատես եղա, որ վերջին մագաղաթն էր մոխրանում: Խաչերկաթի կեռին հագցնելով` արագ դուրս քաշեցի: Մի քանի տող ընթեռնելի էր, բայց ոչինչ չհասկացա, քանի որ տառերի շարքերն իմաստ չէին պարունակում: Համենայն դեպս, մի լաթով փաթաթեցի ու պահեցի, որպեսզի, գլուխս հանգիստ ժամանակ, մի հայացք եւս ձգեի վրան: Իշխանը, հիշելով Դերենիկի եւ պատրիկ Դամիանոսի գործակցության վաղեմի կասկածները, պահակախումբն առաջնորդեց ախոռապետի տուն, որը մենակ, բայց` հանդիսավոր ընթրում էր, չնայած ուշ ժամին: Նա Լեւոնին հրավիրեց իր հետ միասին անուշ անել ջահել խոզի յուղոտ ու հյութեղ կուրծքը եւ երեք տարեկան գեր հավի բդերը: Իմանալով, որ Դերենիկին ենք փնտրում, եւ գլխի ընկնելով, որ նորից կասկածի տակ է, պատրիկը երդվեց Աստծով, Քրիստոսով, Մարիամով, նաեւ` հանուն հրեշտակների, հրեշտակապետների, մարգարեների, նահապետների, սուրբ առաքյալների, սուրբ հայրապետների, բոլոր մարտիրոսների, որ գաղափար չունի սենեկապետի գործերի ու գտնվելու վայրի մասին: 69. դերենիկի հետ փախել էր իշխանի ծառան` դիվանի սնդուկը նրա ննջարան բերողներից մեկը: Նույնը, որ գնացել էր սենեկապետի տուն` հավանաբար զգուշացնելու, թե մենք նախորդ տարվա հրամանագրերն ենք քրքրում: Անհետացել էր նաեւ իշխանի հրամանները գեղագրող իմ դպիրը: Ծառան, ակներեւաբար, Դերենիկ ազատի ականջադիրն էր եղել, իսկ դպիրն իշխանի հրովարտակները լվացողն ու նորից լրացնողը: Ափսոս, որ փախստականների գիշերային հետապնդումն արդյունք չտվեց, ինչպես եւ` հետագա օրերի որոնումները: Միայն երկու բանտապահին, որոնք Կորստյան տանն ավագ ձիապահին էին հսկել, Թովմաս ազատը հաջողությամբ կալանեց: Տանջանքներից ընկրկելով` նրանք խոստովանեցին, որ ներքինին կաշառել է իրենց եւ երկաթե շղթաներով խեղդել տվել Մակարին: Հուսալով կրակից փրկված մագաղաթի օգնությամբ ի հայտ բերել, թե ուր կարող էր մեկնել Դերենիկը, ես մանրակրկիտ կերպով վերականգնեցի պատառիկը, որը հետեւյալ տեսքն ունեցավ. «իս դխն ժճռ գյվ բմս բիմ բիմ բմս բիմ, ժճռ դխտ ժճռ եծշ կոց ժճռ իմս ժճռ զոց ժճռ եծշ զկց թջք ծշր բիմ, դնտ ժճռ եհւ ժճռ զոց բմս եծշ դխտ ծշր եծշ բմս դխտ եչւ ժճռ թջք ղջք բմս եծշ ծշր էհչ թղջ զկց բմս եծր դնտ ժճռ դխտ զկց էհչ ղջք գլվ ժճռ դխտ դխն ժճռ զոց դխտ գլց ժճռ աժռ բմս եծշ, ծշր բիմ եչւ ծշր դխն եհւ ծշր բիս ըձփ ժճռ եչւ ժճռ դխտ թ» Երկար ժամանակ գրությունն ինձ համար անըմբռնելի էր, բայց վճռականություն չունեցա դեն գցել: Անհավատալի էր, որ որեւէ մեկը զվարճացել է` թանկարժեք մագաղաթը փչացնելով տառերի այս քմահաճ դասավորությամբ: Մանավանդ որ մի օրինաչափություն ակնհայտ էր. համարյա բոլոր տառակապակցությունները եռանիշ էին: Ենթադրելով, որ դիմացս ինձ անհայտ գաղտնագիր է, եւ յուրաքանչյուր կապակցությունը համարելով մի տառ, ես ամենահաճախ` տասնհինգ անգամ կրկնվող «ժճռ» նիշը փոխարինեցի «ա» տառով: «Դխտ»-ն ու «եծշ»-ը, որ վեցական անգամ էին հանդիպում, հերթով փոխեցի «ն» եւ «ր» բաղաձայններով: Բարդացնում էր գործս այն, որ հնարավոր չէր բառերի բաժանումը գուշակել, ինչպես նաեւ վստահ լինել, որ դրանք պատառիկի սկզբում ու վերջում ամբողջական են: Բայց, մեկնակետ ընդունելով, որ կետադրական նշանին միշտ նոր բառ է հաջորդում, մի տարբերակում առաջին ստորակետից հետո ստացա «անար.ա.ա» կապակցությունը, որը կարելի էր վերծանել որպես քաղաքի անուն` «Անարզաբա»: Միայն թե կարծեցյալ «զ»-ն ու «բ»-ն ուրիշ տեղ չէին պատահում, ուստի ավելի առաջ չկարողացա գնալ: Այնուամենայնիվ, դադար չառա, իշխանն էլ հետազոտությունս քաջալերում էր. չարագործը գողացած կնիքով Աստված գիտի ինչ խարդախություններ կհնարեր: Դպրանոցից պնակիտներ բերեցի խուցս եւ, առավոտյան ժամերգությունից ի վեր սպասելով, որ ազատվեմ, տառերի ու բառերի համադրություններ էի խազում դրանց վրա, հետո մոմը դանակով հավասարեցնում տախտակին եւ ամեն ինչ սկսում էի նորից: Երբեմն` երազիս, երբեմն փողոցում մագաղաթի ծվենը հառնում էր աչքիս առաջ, եւ, առանց արածիս մասին ինձ հաշիվ տալու, կանգնում ու մատով տառեր էի գծում տների պատերին ու քարե պատնեշներին: 70. երուսաղեմի թագավորական խորհուրդը չափազանց բարձր էր համարել բալդուինի փրկագինը: Բարոնները գրել էին թագուհուն, թե կործանարար է նաեւ թշնամուն այն ամրոցները զիջելը, որոնք լեռնանցքներն են հսկում: Գահի խնամակալ դը Գրենիեի բանագնացը մեկնել էր Բալակին համոզելու, որ թագավորի փրկագինը հարյուր հիսուն հազար ոսկուց իջեցնի յոթանասունհինգի եւ հրաժարվի պահանջել Մարաշի կոմսությունը, Ազազը, ավելի հարավում` Սերդանան ու Քեֆտրաբը: Մինչ ֆրանկները զիջումներ էին խնդրում, ամիրան պաշարել էր Ուռհան, բայց չէր գրոհել. կրակին էր մատնել շրջակա դաշտերը, կոտորել հնձվորներին, արմատախիլ արել ձիթենիները: Ուրեմն, արդեն առաջին այգեկութին տառապյալ դառած բազմաթիվ գյուղացիներ վարձու աշխատանք կխնդրեին Բեհեսնիում եւ մյուս չտուժած գավառներում: Ժոֆրուա Վանականը չէր համարձակվել իր փոքր բանակը դուրս բերել Եդեսիայի պարիսպներից: Թուրք զորքը, որի նպատակն, ըստ երեւույթին, Ռուբենի ասպատակությանն ի պատասխան կոմսության բնակիչներին ահաբեկելն էր, տեղահան էր եղել ու շարժվել Հալեպի կողմը: Եթե նա պաշարեր քաղաքը, կարդարանային իմ եւ Խաչատուր ազատի կանխատեսումները, թե Բալակը ցանկանում է նախ իր ցեղակիցներին սանձել, ապա միայն մեծ պատերազմ ծավալել քրիստոնյաների դեմ: Ֆրանկները զվարթացել էին, որ շունչ քաշելու ժամանակ ունեցան, բայց թագուհուն եւ Լեւոնին նամակներ բերեց Թորոս Ռուբինյանի սուրհանդակը` լուրով, որ Կիլիկիայի իշխանաց իշխանը գրավել է Անարզաբան: Գրոհի հանկարծակիությունից, թե ներսի հայերի աջակցությամբ` հզոր բերդաքաղաքը հանձնվել էր համարյա առանց մարտի: Իշխանաց իշխանն էլ, մեծահոգաբար, խաչակիրներին թույլ էր տվել հեռանալ` վերցնելով իրենց ամբողջ ունեցվածքը: Թորոսը թագուհուն գրել էր, թե Անարզաբայի ասպետներն իրեն այլ ելք չէին թողել: Նրանք Օվկիանոս ծովից իր երկիր եկող քարավաններից հարկ կամ նվեր էին պահանջում, չնայած Այաս նավահանգստի բաժտունն արդեն իսկ ավելի շատ մաքս էր գանձում վաճառականներից, քան սահմանել էին 1100 թվականին հրապարակված «Երուսաղեմի ասիզները»: Աղից` կշռի մեկ քառորդի տեղը` մեկ երրորդը, պղպեղի, դարչինի, մեխակի, մշկընկույզի, ջնարակի, կոշիկների, ձվերի հինգերորդ մասը` տասանորդի փոխարեն, մի ուղտաբեռ շաքարի համար ոչ թե քսան, այլ` քսանհինգ բյուզանդ: Կամայականորեն մեծացվել էին նաեւ խունկի, նարդոսի, մեղրամոմի, մկնդեղի, հղկաքարի, փղոսկրի եւ առաստաղի հեծանների մաքսերը: Դրա հետեւանքով Կիլիկիայում թանկություն էր ընկել, Թորոսն էլ բազմիցս զգուշացրել էր Անարզաբայի տիրոջն ու Անտիոքի դքսին, որի հպատակն էր նա, թե պետք է միջոցներ ձեռնարկել, բայց բոլորը` ապարդյուն: Իշխանաց իշխանն այս անգամ էր իր իրավունքին հղում կատարել` այն պայմանագրին, որ կայսրն ու Անտիոքի դուքս Բոհեմունդը կնքել էին 1108 թվականին: Դուքսը, հոռոմներին ծովամարտում պարտվելով, պարտավորվել էր Անարզաբան Բյուզանդիային վերադարձնել` ի թիվս այլ քաղաքների: Բայց նա ընդմիշտ մեկնել էր Ֆրանսիա, իսկ տեղապահ Տանկրեդ ասպետն արհամարհել էր Բոհեմունդի կնիքը: Այժմ Թորոսը, որպես կայսեր հպատակ, վերականգնում էր օրինականությունը` նվաճելով Անարզաբան, որը, Սսի նման, իրեն էր պատկանել տասնհինգ տարի առաջ: Եվմորֆիան Լեւոնին բողոքեց, թե Անարզաբայի գրավումը պատերազմ հայտարարելու է համազոր, նրա բարոններն աղաղակում էին, որ այդ քաղաքում քարավաններին նեղություն տալու հատուկենտ դեպքեր են եղել, իսկ ֆրանկների մաքսերն էլ ավելի ցածր են, քան` արաբներինն ու հույներինը: Բայց իշխանաց իշխանը հոգացել էր իր գույժը քաղցրացնելու մասին: Նա պատրաստակամություն էր հայտնել երեսուն հազար ոսկի մուծել Սուրբ Երուսաղեմի թագավորի փրկագնման հանգանակ, քսան հազար էլ տրամադրել Ժոսլինի ազատագրությանը: Թորոսը նաեւ երկու հայտնի սրբապատկեր էր գնում Եդեսիայի կոմսից քառասունհինգ հազար արծաթով, որը կաներ եւս մեկուկես հազար ոսկե դահեկան: Ճիշտ է, փոխարենը Ռուբինյանը կանխավ ստացել էր գերի կոմսի համաձայնությունը, որ ավագերեցությունը կշնորհի իր քույր Կոստանդիայի որդուն, այսինքն` Ժոսլին Տղային: Երեսուն հազար ոսկու հեռանկարը թագուհուն հետ պահեց իր մոլեգնությունն արտահայտելուց: Միայն, բարոնների խորհրդով, նա պատասխան նամակում շեշտել էր, որ Սիս եւ Անարզաբա քաղաքների խնդրում խաչակիրներն կվարվեն այնպես, ինչպես վճռի թագավորը, երբ զնդանից դուրս կգա: Միեւնույն ժամանակ ֆրանկները փսփսում էին, որ Թորոսը չի չափավորում իր հանդգնությունը, որովհետեւ Եվմորֆիային պատանդ է համարում իր եղբոր մոտ: Այդ շշուկները թագուհուն դրդեցին անհապաղ կանչել Եդեսիայից Ժոֆրուա Վանականին, որպեսզի նրա ուղեկցությամբ հեռանա Բեհեսնիից: Վախենալով, որ ձիավոր սուրհանդակը թուրք հրոսակների ձեռքը կընկնի, մի երկրորդին էլ ճանապարհ ընկավ Քեսուն, որտեղից փոստային աղավնին պետք է տեղ հասցներ նույն հրամանը: 71. թորոսը մտադիր էր մայրաքաղաքը տեղափոխել անարզաբա: Նա եղբորն ու նրա ազատանուն պարզաբանում էր, որ Վահկան անառիկ է որպես թաքստոց, բայց, օտար դեսպանություն ժամանելիս, հարկադրված են մի մասին շրջակա գյուղերում բաշխել, ինչը կասկածի տեղիք է տալիս եւ վայել չէ Կիլիկիայի տիրոջը: Որպես իր վճռի անբեկանելիության նշան, իշխանաց իշխանն առաջիկա շաբաթներին Անարզաբայում կատարելու էր Սուրբ Զորավարների նոր տաճարի հիմնարկեքը, որը ճոխացնելու էր Մանդալե իշխաններից ժամանակին խլած եւ Ժոսլինից գնելիք զմայլելի սրբապատկերներով: Թորոսն ընդգծել էր, որ սա առաջին նշանակալից հոգեւոր շինությունը կլինի` Բագրատունի թագավորներից ի վեր: Նա ընտիր ու հազվագյուտ իրեր էր ուղարկել Լեւոնին, իսկ ինձ` արքայավայել նվերներ. «Պատմությունների համառոտություն` սկսյալ նախկինում դենիկոն Նիկեփոր կայսեր սպանությունից մինչեւ Իսահակ Կոմնենոսի թագավորելը, շարադրյալ նախկինում վիգլայի մեծ դրունգար կուրապաղատ Հովհաննես Սկիլիցեսից» վերնագրված մատյանը, որը խիստ օգտակար էր գործիս համար, քանի որ շուրջ մեկ դարով համընկնում էր «Ժամանակագրությանս» հետ, եւ Հովհաննես վարդապետ Կոզեռնի կորած համարվող տեսիլքը` հունարեն թարգմանությամբ: Օրնիբուն «Անարզաբա» բառը հոլովելով` ես վերհիշեցի Դերենիկ ազատի այրած մագաղաթը: Իմ խցում փակվելով` փորձեցի «Անարզաբա»-ից առաջ «Սիս» բառը դնել, ինչպես որ այդ քաղաքն էր ավելի վաղ նվաճվել: Մեկի ընդմիջարկմամբ երկու նիշի կրկնությունը համընկավ պատառիկի «բիմ բմս բիմ» հատվածին, որն ինձ իրավունք տվեց ենթադրաբար հայտնի տառերին ավելացնել «ի»-ն ու «ս»-ը: Անհայտները պարզության համար փոխարինելով կետերով` այս պատկերը ստացա. «. ա . ի ս Սիս, Անարզաբա . ա ր . . . ս, . ա . ա . իրն . րին . ա . . իր . . . . ի . . ան . . . . ան . ա . ն . ա . իր, . ս . . . . . . . ա . ան»: Երկրորդ ստորակետից հետո ընկնող «. ա . ա . իրն . րին» կապակցությունը նույնացրի «խաչակիրներին» բառի հետ եւ գրության մեջ տեղադրեցի նոր գտած «ե» տառը, որը համապատասխանում էր «ծշր» նշանին եւ կրկնվում հինգ անգամ, ապա նաեւ` «խ»-ն ու «չ»-ն. «. ա . ի ս Սիս, Անարզաբա . ա ր . . ե ս, խ ա չ ա կ իրն ե րին . ա . . իր ե . . . ի . խ ան . . . . ան . ա . ն . ա . իր, ե ս . ե . չ ե . . ա . ան»: Այս հիմքի վրա կարող էի կռահումներ անել մագաղաթի բովանդակության շուրջ, բայց հույսս կույր պատահականությանն էր մնալու, եթե այն նշանների մեջ, որ արդեն իմաստավորել էի, չնկատեի զարմանալի զուգադիպություն. դրանք կազմող երեք տառերը համապատասխանում էին միեւնույն միավորով կազմված թվերի: Օրինակ, «ժճռ» նշանի բաղկացուցիչ տառերի թվային համարժեքներն էին` ժ-10, ճ-100, ռ-1000: «Դխտ»-ինը ` դ – 4, խ – 40, տ – 4000: «Զոց»-ինը` զ – 6, ո – 600, ց – 6000: Ծածկագիրը եռանիշեր էր պարունակում, մինչդեռ հայկական այբուբենի երեսունվեց տառերը որպես թվեր գործածվելիս չորս հավասար շարքի էին բաժանվում, որոնք ցույց տային միավորները, տասնավորները, հարյուրավորներն ու հազարավորները: Փաստորեն նույն միավորով կազմված մի տառ-թիվն ամեն անգամ պակասում էր: Պարզվեց, որ գաղտնագրվածը հենց նրան համապատասխանող տառն էր: «Զոց»-ի դեպքում` կ-ը, որ 60-ի նշանն էր, «դխտ» եռանիշից դուրս էր մնացել ն-400-ը, «ժճռ» կապակցությունից բացակայում էր միավորը` «ա»-ն, 1-ը: Երբ այս սկզբունքը կիրառեցի, բոլոր նշանները բացվեցին, եւ կարդացի մի կիսատ նախադասություն. «իս դխն ժճռ գյվ բմս բիմ բիմ բմս բիմ, «… տ ա լ ի ս Ս ի ս, ժճռ դխտ ժճռ եծշ կոց ժճռ իմս ժճռ Ա ն ա ր զ ա բ ա զոց ժճռ եծշ զկց թջք ծշր բիմ, կ ա ր ո ղ ե ս, դնտ ժճռ եհւ ժճռ զոց բմս եծշ խ ա չ ա կ ի ր դխտ ծշր եծշ բմս դխտ ն ե ր ի ն եչւ ժճռ թջք ղջք բմս եծշ ծշր էհչ հ ա ղ թ ի ր ե ւ թղջ զկց բմս եծր դնտ ժճռ դխտ զկց էհչ ք ո ի շ խ ա ն ո ւ ղջք գլվ ժճռ դխտ թ յ ա ն դխն ժճռ զոց դխտ գլց ժճռ աժռ բմս տ ա կ ն վ ա ճ ի եծշ, ծշր բիմ եչւ ծշր դխն եհւ ծշր բիս ր, ե ս հ ե տ չ ե մ ըձփ ժճռ եչւ ժճռ դխտ թ» պ ա հ ա ն…» Պնակիտի գրված մասը կրծքիս սեղմած, կարծես փողոցում բոլորը գրագետ էին ու ծիկրակելով գլուխ կհանեին խզբզած մի քանի բառից, գնացի պալատ եւ իշխանին տվեցի վերծանությունս: 72. – երանի՜ գաղտնագիրը չբացեիր եւ կասկածներս կասկած էլ մնային,- հառաչեց լեւոնը:- դերենիկ ազատը եղբորս լրտեսն է եղել: Բայց ամենից ավելի նրան խոցել էր այն, որ Թորոսը չի խորշել ձեռքը եղբոր քսակին մեկնելուց եւ կնիքը հափշտակելուց: Ես ասացի, որ իշխանաց իշխանի ուղարկած հարուստ նվերներն հուշում են, որ նա հազիվ թե աչք ունենար եղբոր ինչքին: Գանձերի եւ կնիքի գողությունն Դերենիկը կարող էր առանց նրա իմացության անել: Լեւոնը դրան չարձագանքեց, իսկ ես խնդրեցի, որ ինձ լուսավորի` ինչպես հանգեց այն եզրակացությանը, որ Թորոսն է նամակի հեղինակը: – Մենք բազիլեւսի խոսքերն ենք կարդացել: Միայն նա էր իրավասու որեւէ մեկին տալ Սիսն ու Անարզաբան, որոնք նախկինում իրեն են պատկանել, եւ հավաստիացնել, որ հետ չի պահանջի: Իսկ բուն նամակի հասցեատերը մի մարդ կարող է լինել` եղբայրս, որովհետեւ… որովհետեւ արդեն իսկ գրավել է նշված քաղաքները… Թորոսն էլ, մի երրորդ անձի ուղարկելիս, հունարեն բնագրից թարգմանել եւ մեջբերել է կայսեր խրախուսանքը, որպեսզի նա վստահ գործի նոր իրադարձություների շեմին: Այդ անձը Դերենիկն է, որը փորձում էր ոչնչացնել մագաղաթը: Բայց թե հատկապես ի՞նչ էր գործելու, ի՞նչն էր արդեն նյութել` աղոտ եմ պատկերացնում: Անընթեռնելի տառերը, որ հաջորդում են «տալիս Սիս, Անարզաբա» բառերին, ուրիշ ամրոցի անուն եւս պարունակու՞մ են, թե՞ պարզապես գրված է եղել` այս ու այս «քաղաքնե՞րը»: Կարճ մտածմունքից հետո իշխանն ինձ պատվիրեց հրովարտակ կազմել Բեհեսնիի գավառում ընդհանուր զորահավաք անցկացնելու մասին, քանի որ ամենաէականը համարեց այս պահին ֆրանկներին կործանումից փրկելը: Նոր զորագունդ հավաքելու եւ Ժոֆրուա Վանականը հրամանի ներքո դնելու իշխանի որոշումը ոգեւորեց ֆրանկներին եւ բազմապատկեց նրա հանդեպ վստահությունը, որը սասանվել էր Անարզաբայի եւ Սսի գրավմամբ: Մինչդեռ հայ ազատներն ու քաղաքի ավագանին, որ ցնցված ու խանդավառված էին Թորոսի հաջողություններից, խիստ տխրեցին Լեւոնի քայլից, չնայած դա սքողում էին նրա ներկայությամբ: Բայց բոլորին խճճեց այն, որ, իր նկատառումները չբացահայտելով, իշխանը նամակ գրեց եղբորը, որտեղ մեծարում էր նրա հաղթանակները: Հերթով խորհրդակցելով վաճառական Եփրեմի, ոսկերիչ Խոցադեղի, բժիշկ Տիրատուրի ու հեքիմ Մխիթարի հետ` նա Թորոսին փոխանցելու համար սուրհանդակին հանձնեց սիցիլիական ռուբինը, որը մեկ անգամ` վերջին խնջույքին էր կրել կրծքին, ինչպես նաեւ` ձիու արծաթյա սանձ ու բեհեզյա խաչազարդ սթար: Եղբոր կնոջը` նույն իր քրոջ դստերը, ջայլամի հսկա փետուրներ ու արծաթե բաժակներ նվեր ուղարկեց, իսկ հնգամյա եղբորորդուն, որը հիվանդոտ մանուկ էր` հոտավետ մեղր եւ լուսանի մորթի: Շարունակելի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել