Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ողբ շարադրության

Փետրվար 09,2002 00:00

Ողբ շարադրության Շարունակվում են վեճերը բուհական ընդունելության Շարունակվում են վեճերը հայերենից բուհական ընդունելության եւ դպրոցական ավարտական քննություններում շարադրության պահպանման շուրջը։ Ոմանք առաջարկում են հարցարանները դեն նետել եւ ամբողջովին փոխարինել շարադրությամբ։ Ոմանք, ընդհակառակը, առաջարկում են հարցարաններն ու շարադրությունը համատեղել։ Ուրիշներն էլ պնդում են, որ այդ քննությունները լինեն բացառապես հարցարանային եղանակով՝ առանց շարադրության առաջադրանքի։ Պայքարի նախորդ փուլում հաղթել էր երկրորդ տեսակետը։ Երկու տարվա փորձարկումից հետո երրորդ տեսակետի կողմնակիցները նորանոր փաստարկներով սկսեցին պայքարել շարադրության դեմ։ Եվ ահա որոշվեց փոխզիջումային տարբերակ՝ շարադրության հարցը թողնել դպրոցի ավարտական քննության հարցաթերթիկում, սակայն հանել բուհական ընդունելության կենտրոնացված քննությունից։ Դեմ լինել շարադրությա՞նը՝ ստուգման այդպիսի ընտիր ձեւի՞ն։ Անհասկանալի է։ Շարադրությամբ փաստորեն ստուգվում է ոչ միայն դիմորդը, այլեւ նրա կրկնուսույցը։ Ստուգվում են դիմորդի հիշողությունն ու դիմացկունությունը, կրկնուսույցի հնարամտությունն ու խելամտությունը։ Ամեն մի շարադրություն մի նոր աշխարհ է, նոր զգացողություններ, երեւակայության նոր թռիչքներ։ Մանավանդ որոշ դասատուներ հաճախ այնպիսի գյուտեր են անում, որ հրճվանքից շունչդ կտրվում է։ Ա՛յ, օրինակ, նրանց մոտ պարապած դիմորդը գրում է. «Աշնանաբույր աշնանացող աշուն»։ Ի՜նչ գեղեցիկ է։ Բառերի ի՜նչ կուտակում, գույների ու մակդիրների ի՜նչ խտացում, մտքի ի՜նչ անորսալի ելեւէջներ։ Ո՞վ կհամարձակվի միանշանակ մեկնաբանել մատաղ սերնդի մտքի այս շլացուցիչ բռնկումը։ Ո՞ր «հմուտ» լեզվաբանի մտքով կանցներ այսպես նրբորեն գործածել «աշնանացող» երկիմաստ բառը։ Չ՞է որ այն տվյալ դեպքում կարելի է հասկանալ առնվազն երեք ձեւով՝ «աշուն դարձող», «աշնան ցող պարունակող» եւ «աշնանով ցողված»։ Իսկ այստեղ ի՞նչն է գլխավորը։ Մի՛ կարծեք, թե «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավորը»։ Ո՛չ։ Պարզապես երկրորդ եւ երրորդ մեկնաբանության դեպքում աշնանաբույր եւ աշնանացող որոշիչները պետք է ստորակետով տրոհվեն, իսկ առաջինի դեպքում՝ ոչ։ Մեկնաբանողն ո՞վ է։ Իհարկե՝ ստուգողը (նա հո դիմորդին չի՞ ճանաչում, որ նրա կարծիքը հարցնի)։ Ուրեմն ինչպես ուզի, այնպես էլ կստուգի։ Ցանկության դեպքում երկու տարբերակն էլ ճիշտ կհամարի, չցանկության դեպքում՝ երկուսն էլ սխալ։ Այդ միայն մենք ենք, որ կարող ենք մի կողմից՝ մտքի այսպիսի հրաշքներ երկնել, մյուս կողմից՝ ինքներս մեր տունը քանդել։ Քանդել՝ շարադրությունից հրաժարվելով։ Քանդել՝ տեստերով։ Քանդել՝ տեխնիկայի հնարավորությունները գերագնահատելով։ Ինչպե՞ս կարելի է պնդել, թե եկե՛ք կոմպյուտերով քննություն անցկացնենք։ Կոմպյուտերը ի՞նչ կհասկանա վերոհիշյալ մտքի բուրմունքից։ Ոչինչ էլ չի հասկանա։ Կլռվի, կկախվի կամ էլ կվառվի։ Կոմպյուտերը, ասում են, միայն տեստերից է բան հասկանում։ Իսկ տեստերը ստուգման ամենավատ ձեւն են։ Դրանք, ասում են, ոչ թե գիտելիք են ստուգում, այլ ընդամենը վարժվածություն։ Սա նշանակում է մանկավարժությունը տանել դեպի փակուղի։ Մանկավարժությունն ի՞նչ կապ ունի վարժվածության հետ։ Մանկավարժության նպատակը հո վարժելը չէ՞։ Տեստերով ու դրանց ահռելի շտեմարաններով խեղճ դիմորդին (նաեւ՝ նրանց դասատուներին ու կրկնուսույցներին) հարկադրում են հազարավոր գրական-գրքային բառեր սովորել (ո՞ւմ են պետք գրքային բառերը, հիմա ո՞վ է գիրք կարդում), զանազան տրամաբանական առաջադրանքներ կատարել (ի՞նչ կապ ունեն լեզուն ու գրականությունը տրամաբանության հետ), քերականություն սովորել (քերականություն չիմացողը հայերեն չի՞ խոսում, ի՞նչ է), հարյուրավոր բառեր կազմել (դիմորդն ո՞վ է, որ բառեր կազմի)։ Սա ի՞նչ ինքնանպատակ սադիզմ է։ Հալալ չէ՞ շարադրությունը։ Ամենաաղքատիկ բառապաշարով էլ մտքերդ կշարադրես։ Ուղղագրական դժվարություն ունեցող բառերը աննկատ կշրջանցես։ Կետադրության չիմացությունդ էլ կթաքցնես պարզ եւ պարզունակ նախադասություններով։ Եթե մտածել չգիտես, դա էլ ոչինչ։ Կրկնուսույցդ կտա օրինակելի շարադրություններ, որոնք անգիր անելը դժվար չէ։ Չկարծե՛ք, թե 300 շարադրություն անգիր անելու կարիք է լինում։ Կրկնուսույցները խմբավորում են շտեմարանի թեմաները եւ ամեն խմբի համար մեկ ընդհանրական շարադրություն պատրաստում։ Այնպես որ, մի 25-30 նմուշը բավարար է։ Հիշողությունից կաղո՞ւմ ես։ Դա էլ՝ ոչինչ ու ոչինչ։ Ծածկաթերթիկներ ես պատրաստում, դասավորում հատուկ կարված գոտու գրպանիկներում, բանալի-ցուցակը թաքցնում թաշկինակիդ մեջ, եւ ամեն ինչ կարգին է։ Բայց, ցավոք, կրթության կազմակերպիչները մոլորության մեջ են եւ մեր դպրոցը (ինչո՞ւ չէ, նաեւ բուհը) տանում են դեպի կործանում։ ԱՐԳԵՆՏԻՆԱ ԲԱՆԳԼԱԴԵՇՅԱՆ Հուսով ենք՝ հեղինակի հումորը ճիշտ կհասկացվի եւ սա չի ընկալվի որպես ի պաշտպանություն շարադրության։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել