Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ «ԵՐԿԳՈՐԾԱՌՈՒՅԹ» Է

Փետրվար 09,2002 00:00

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ «ԵՐԿԳՈՐԾԱՌՈՒՅԹ» Է Հարցազրույց ՀՀ տնտեսական դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի հետ -Որքա՞ն ժամանակ է, ինչ գործում է ՀՀ տնտեսական դատարանը։ Եվ ո՞րն էր ստեղծման նպատակը։ – Գործում ենք 2000թ. հոկտեմբերի 19-ից (այդ օրն եղավ հրամանագիր դատարանի նախագահի եւ դատավորների նշանակման մասին)։ Ինչպես գիտեք, գոյություն ուներ վերաքննիչ տնտեսական դատարան, որը ինտեգրված էր ընդհանուր իրավասության դատարանների համակարգում։ 1-ին ատյանի մասնագիտացված դատարան չկար։ Այն հիմնական օղակն էր, ոչ թե դրանից վերեւ եկողները, որոնք ընդամենը ստեղծված են դատական սխալները ուղղելու համար։ Իսկ նպատակահարմարությունը 2 բաղադրիչ ուներ. 1-ին) մենք 1-ին ատյանի դատարաններում մասնագիտացում չունեինք։ Դատավորները ստիպված էին լինում լսել բազմաբնույթ գործեր՝ քաղաքացիականից «թռնել» քրեական, վարչականից՝ ամուսնաընտանեկան, որոնք իրավունքի այլ ոլորտներ են։ Ասեմ, որ օրենքով հատուկ պայմաններ չկա այս դատավորների համար (ենթադրենք, որ դատավորները հավելյալ տնտեսագիտական կամ այլ կրթություն ունենան)։ Այստեղ հավաքվեցին մարդիկ, որոնք այսպես թե այնպես շփվել էին այս ոլորտի հետ։ Հիմնական կազմը համալրել են նախկին վերաքննիչ դատարանի դատավորները։ 2-րդ կարեւոր խնդիրը տնտեսական վեճերի լուծման ժամանակատարությունն էր։ Առաջ 3 ատյաններով էր լսվում գործը, հիմա՝ 2 ատյաններով։ Եթե նախկինում օրենքով 2 ամիս ժամանակ էր սահմանված առաջին ատյանի, 2 ամիս՝ վերաքննիչի եւ 1 ամիս՝ վճռաբեկ ատյանի համար, հիմա երկամսյա ժամկետում գործերն ըստ էության պիտի ավարտվեն։ – Քանի՞ դատավոր կա։ – 15-ն են (որից 3-ը՝ կին)։ – Կարո՞ղ եք վիճակագրական տվյալներով հիմնավորել ասվածը։ – 2001թ. տնտեսական դատարանում ստացվել է 1938 գործ։ Փոխանցվել է այս տարվա «հաշվեկշռին» 1385 գործ։ Անցյալ տարի 427 վճիռ է կայացվել, մերժվել է 38 գործ։ Ըստ ենթակայության 13 գործ է ուղարկվել ետ։ – Իսկ որքա՞ն գումար է պետբյուջե փոխանցվել։ – Այս տարվա հունվարի 31-ի դրությամբ 381.223.846 հազար դրամ։ – Պրն Մանուկյան, տնտեսական դատարանում հիմնականում ի՞նչ կարգի գործեր լսվեցին։ – Առյուծի բաժինն ընկնում է սոցիալական ապահովության հիմնադրամներին, հարկային մարմինների հետ կապված վեճերին։ Ընդհանուր վեճերի մեջ ոչ պակաս քան 60% կազմում են միայն այդ վեճերը։ Քիչ չեն նաեւ վարչաիրավական բնույթի վեճերը, այս պետական մարմինների գործողությունների կամ ակտերի վիճարկման հետ կապված հայցերը։ Մեր դատական պրակտիկան, կարող եմ ասել, արտացոլում է պետության վիճակը։ – Օրինակ։ – Չվճարումների հետ կապված պայմանագրային պարտավորությունների չկատարման պատճառով առկա բռնագանձումների հայցերը։ – Դուք ասացիք, որ գանձել եք 381.223.846 հազար դրամ։ Առհասարակ, այդ գումարներից «մասնաբաժին» հանվո՞ւմ է տնտեսական դատարանի օգտին, ինչպես դա արվում է շատուշատ երկրներում (օրինակ, Վրաստանում)։ – Ձեր նշած գումարի 10%-ը բավարար կլիներ, որպեսզի տնտեսական դատարանն ընդհանրապես որեւէ խնդիր չունենար։ Ֆինանսավորման խնդիրն առկա է համակարգում։ Եվ համակարգը ոչ միայն բյուջեով է ստանում սահմանափակ քանակությամբ ֆինանսավորում, այլ նաեւ այդ բյուջեով նախատեսված ֆինանսավորումը գնում է թերֆինանսավորման ռեժիմով։ Էլեկտրաէներգիայի ծախսը (հաշվարկներ ենք արել) ֆինանսավորվում է մեզ մոտ մոտավորապես 30%-ով, հեռախոսակապի ծառայությունները՝ 50%-ով… Մնացածը ստիպված ենք լինում անձնական միջոցներից արդեն կատարել, ինչն անընդունելի է։ Ըստ էության, բարոյական պրոբլեմ ենք ստեղծում դատավորի համար, պետության համար դատավորի գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու տեսակետից։ – Միջնորդ դատարաններն էլ են լուծում տնտեսական վեճեր։ Տնտեսական դատարանների կողքին գործելով չե՞ն խանգարի միմյանց։ – Միջնորդ դատարանները պետական դատարաններ չեն։ Դրանք կառույցներ են, որոնք ստեղծվում են ձեռնարկատերերի կողմից՝ միմյանց միջեւ հնարավոր վեճերը լուծելու։ Գոյություն ունի միջնորդ-համաձայնություն հասկացությունը։ Ձեռնարկատերերն, օրինակ, պայմանավորվում են, որ իրենց վեճը լսի իրենց կողմից ստեղծված միջնորդ դատարանը։ Դրանք տարբեր ինստիտուտներ են։ – Ձեր դատարանում քաղաքացին փաստորեն երկաստիճան դատական պաշտպանության իրավունք ունի, քրեական գործերով՝ եռաստիճան, կոնվենցիան ստորագրելուց հետո՝ քառաստիճան։ Անհասկանալի չէ՞ արդյոք պաշտպանության անհավասար իրականացումը։ – Տեսական խնդիր է, թե որ համակարգն է ավելի օպտիմալ. երկաստիճա՞նը, թե՞ եռաստիճանը։ Որպեսզի որոշվի, թե որն է ճիշտը, պետք է ելնել կոնկրետ երկրի իրավիճակից, իրավագիտակցության մակարդակից եւ ժողովրդի մենթալիտետից։ Կան երկրներ, որտեղ փայլուն գործում են երկաստիճան, երկրներ, որտեղ փայլուն գործում են եռաստիճան համակարգերը։ Կան, որ գործում են զուգահեռ։ Գերմանիայում, որն ունի կայացած իրավական համակարգ, գոյություն ունի 5 համակարգ։ Եթե 4-ը եռաստիճան են, մի համակարգը կոչվում է ֆինանսական դատարանների երկաստիճան համակարգ։ Հայաստանում տնտեսական վեճերի համար առավել արդյունավետ է երկաստիճան համակարգը։ Բանկերը, ձեռնարկատերերը շատ մեծ ռեսուրսներ էին կորցնում դատարաններում (եւ տուրքի, եւ փաստաբաններին վճարելու համար)։ Այդ ժամանակահատվածում որոշակի արժեքներ-գույք կամ դուրս էր գալիս շրջանառությունից, կամ էլ դրա օգտագործման հետ կապված սահմանափակումներ էին լինում։ Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել