Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաստիքները կարգավորում ենք…

Փետրվար 09,2002 00:00

Հաստիքները կարգավորում ենք… Մասնագիտությամբ բուժքույր Հասմիկ Միրզոյանը ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա։ Ընտանիքում ոչ ոք չի աշխատում։ Գտնվում են սոցիալապես անապահով պայմաններում։ Ամիսներ առաջ Հ. Միրզոյանը աշխատանքի տեղավորման հարցով դիմել էր «Գրանդ Սան» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Սեդրակ Սեդրակյանին, որն էլ չմերժելով քաղաքացու խնդրանքը՝ տեղավորել էր աշխատանքի «Գրանդ Սան»-ին պատկանող թիվ 4 մանկապարտեզում՝ որպես բուժաշխատող։ Կնոջ խոսքերով. «Ամենամսյա 15000 դրամ աշխատավարձը թեկուզ քիչ էր, բայց գոնե երեխաների ամենօրյա հացը ապահովում էի։ 8 ամիս աշխատելուց հետո հաստիքների կրճատման պատճառով աշխատանքից դուրս մնացի։ Այսօր կրկին գործազուրկ եմ։ Աշխատանքից ազատվելու մասին ինձ տեղեկացրեց մանկապարտեզի վարիչը՝ պատճառաբանելով, որ 3 խումբ ունեցող մանկապարտեզի համար 2 բուժաշխատողը շատ է։ Մյուս բուժքույրը լամպերի գործարանի նախկին տնօրենի մայրն է։ Հին ծանոթությունների շնորհիվ 70-ամյա տարեց կնոջ հաստիքը չկրճատեցին, իսկ երիտասարդ կադրը դուրս մնաց»։ Չորրորդ մանկապարտեզի վարիչ Լարիսա Թորոսյանը թեկուզ «Առավոտը» լուրջ թերթ համարեց եւ իրեն թերթի մշտական ընթերցողների շարքում դասեց, այնուամենայնիվ զարմացավ, որ թերթն անդրադառնում է նույնիսկ մեկ հոգու աշխատանքից դուրս մնալու խնդրին։ Նրա խոսքերով. «Գրանդ Սան» ՓԲԸ-ին պատկանող մանկապարտեզում հաստիքների կրճատման եւ ավելացման հարցերով տնօրինությունն է զբաղվում։ Հրամանագրով իրենք են աշխատանքի ընդունում եւ ազատում։ Ուստի իրենց նախաձեռնությամբ որոշվեց, որ 3 խումբ ունեցող մանկապարտեզի համար երկու բուժաշխատողը շատ է։ Մանկապարտեզը մինչ օրս տնտեսվար եւ բակի հավաքարար չունի։ Տնօրինությունը պատճառաբանում է, որ իրենք յուրաքանչյուր հաստիքի համար հարկեր են վճարում։ Իսկ ինչ վերաբերում է, թե ինչու է տարեց կինը մնացել աշխատանքում, ապա ասեմ, որ նա մեր 30 տարվա բուժաշխատողն է։ Երբ ինձ առաջարկեցին 2 հաստիքներից մեկին պահել, ես ընտրեցի փորձառուին»։ Արաբկիր համայնքի բնակիչ Հ. Միրզոյանը դիմել էր թաղապետ Ֆ. Յայլոյանին՝ միջնորդելու «Գրանդ Սան» ՓԲԸ-ի տնօրինությանը աշխատանքի տեղավորման խնդրանքով։ Հ. Միրզոյանի խոսքերով. «Հրանտ Վարդանյանին հղված միջնորդագիրը դեռ կադրերի բաժնում է։ Պատասխանում են՝ սպասեք մինչեւ նոր աշխատատեղեր բացվեն»։ Խնդրի առնչությամբ «Առավոտը» նաեւ դիմեց «Գրանդ Սան» ՓԲԸ-ի տնօրեն Արշակ Սարգսյանին։ Հաստիքների կրճատմանը վերաբերող հարցին պրն Սարգսյանը պատասխանեց. «մեզ մոտ հաստիքներ չեն կրճատվում, պարզապես տեղի է ունենում հաստիքների կարգավորում։ Հ. Միրզոյանին կադրերի բաժնից պատասխանել են, որ սպասի։ Հնարավորության դեպքում ինքը նորից աշխատանքի կանցնի»։ «Գրանդ Սանի» աշխատակիցների (չցանկացան անունները հրապարակել) հայտնած տեղեկությունների համաձայն, առաջիկայում իրենց մոտ սպասվում է աշխատավարձերի իջեցում։ Բայց հուսանք, որ դա չի համապատասխանում իրականությանը, ընկերության ֆինանսական վիճակից չի բխում եւ որ Ա. Սարգսյանի խոստումը «սառույցին չի գրվի»։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել