Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թեկուզ կախեք էլ՝ չեմ ասի

Փետրվար 09,2002 00:00

Թեկուզ կախեք էլ՝ չեմ ասի «Կողմնակի եկամուտներ, բան ունե՞ս» հայտնի ֆիլմի հերոսի այս իրավիճակում արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ հայտնվել էին մեր ավելի քան 3000 պետական պաշտոնյաներն ու պատգամավորները, որոնց եկամուտների եւ գույքի հայտարարագրման ժամկետն ավարտվեց փետրվարի 1-ին։ Սակայն այս ֆիլմի հերոսի եւ մեր պաշտոնյաների տարբերությունն այն է, որ եթե «փեսացուն» ամեն ինչ անում էր քողարկելու իր կողմնակի եկամուտներ չունենալը, ապա մեր պաշտոնյաների խնդիրը իրենց զանազան բիզնեսները, առանձնատներն ու այլ ունեցվածքը թաքցնելն էր։ Քանի որ հայտարարագրման ենթակա պաշտոնյաների գերակշիռ մասն ունի այն, ինչը ձեռք է բերվել հիմնականում զարտուղի ճանապարհներով։ Այդ իսկ պատճառով հասկանալի է, որ առավելագույնը 200-300 ԱՄՆ դոլար աշխատավարձ ստացող նախարարներն ու պատգամավորները չէին կարող իրենց թույլ տալ 200-300 հազարանոց իրենց ունեցվածքն ամրագրել հայտարարագրման կտրոններում։ Իհարկե, սա անիմաստ եւ որեւէ գործնական նպատակ չհետապնդող «միջոցառում» է, քանի որ բացակայում է պաշտոնյաներին վերահսկելու մեխանիզմը. ոչ ոք չի վերահսկում, թե այսինչ պաշտոնյան այսինչ տեղում գտնվող իր բնակարանը կամ ավտոմեքենան չի հայտարարագրել։ Եվ, ի վերջո, եթե եկամուտների եւ գույքի հետ չեն հայտարարագրվում նաեւ նրանց ծախսերը, ապա՝ որեւէ մեկը չի կարող հաշվետվություն պահանջել պաշտոնյայից, թե նա ինչպես է ձեռք բերել իր հսկայական հարստությունը կամ ինչ ճանապարհներով է տիրացել բիզնեսին։ Ինչեւէ… Այնուամենայնիվ, հետաքրքիր է, թե ինչպես են իրենք՝ հայտարարագրողները վերաբերում այս գործընթացին եւ արդյո՞ք հավատում են, որ պաշտոնյաներն իսկապես հայտարարագրել են իրենց իրական եկամուտներն ու գույքը։ ՀԺԿ պատգամավոր Ստեփան Զաքարյանը, օրինակ, հայտարարագրել է անգամ իր տանը եղած գեղանկարչական աշխատանքները. «Կտրոնում գրված էր մշակութային գործեր՝ գրեցի, բայց հետո ասացին, որ չպետք է գրեի, քանի որ դեռ հարց է՝ դա իրենից արժեք ներկայացնո՞ւմ է, թե՞ ոչ։ Ասենք, ունեի մորս տատից ստացած գորգ, երեւի մի 100 տարվա։ Դա էլ եմ գրել, բայց չգիտեմ դրա արժեքը, դա իրենից մշակութային արժեք ներկայացնո՞ւմ է, թե՞ ոչ»։ Հարցին՝ հավատո՞ւմ է, որ պաշտոնյաները հայտարարագրել են իրենց իրական ունեցվածքն ու եկամուտները, Ս. Զաքարյանը պատասխանեց. «Երբ նայում եմ այն դղյակներին, որոնք «Առավոտը» տպագրում է, ապա՝ կարծում եմ, որ այդ կտրոնը չի հերիքի, եթե գրեն դղյակների պարունակությունը։ Որովհետեւ նման դղյակ կառուցող մարդը պիտի նաեւ լցնի այն։ Չեմ կարծում, որ այն մարդիկ, որոնք ունեն նման դղյակներ, ամեն ինչ գրել են»։ Այս ամենը քաջ գիտակցելով, այնուամենայնիվ, Ս. Զաքարյանի կարծիքով, հայտարարագրումը զուտ բարոյական իմաստով նպատակ ունեցող մեխանիզմ է։ Չնայած, ըստ նրա, բարոյական մթնոլորտն այնքան է խաթարված ու հասարակությունը իշխանության աջակցությամբ բարոյալքված, որ այն շարունակվելու դեպքում չի բացառվում, որ հայտարարագրումն այլեւս որեւէ դեր խաղալ չի կարող։ «Ցավն այն է, որ երբ դու մարդուն քաղաքավարի, երբեմն ոչ ուղիղ ասում ես, որ դու գող ես, դու գողացել ես պետությունից եւ այլն, այդ մարդը վատ չի զգում, քանի որ դա դարձել է բնական։ Այսինքն՝ հասարակական դատապարտող կարծիք, որպես այդպիսին, չի ձեւավորվել։ Եվ եթե մեկը իշխանության մեջ է, մտածում է, որ դա բնական է։ Սա ամենավտանգավորն է»։ Բոլոր դեպքերում, Ստեփան Զաքարյանի կարծիքով, հայտարարագրումը անհրաժեշտ է. «Էն որ ասում են՝ գող՝ սիրտը դող, դա կա։ Բոլոր դեպքերում մտածում են ապագայի մասին։ Օրինակ, ասում են՝ նախկին իշխանություններ. նրանք, ովքեր այդ իշխանության մեջ էին՝ հանգիստ էին, իսկ այս իշխանություններն անհանգիստ են արդեն։ Այս իշխանություններն էլ հավերժական չեն»։ Պատգամավոր Մանուկ Գասպարյանի կարծիքով, 3000 չինովնիկների մի մասը հայտարարագրման կտրոնը պակաս կլրացնի, մի մասն էլ ավել կներկայացնի՝ որ իբր առաջ ունեցել են, քանի որ այն չեն ստուգելու։ «Իսկ եթե հետագայում ստուգեն, ասեն՝ ունեցել ենք»։ Օրինակ, Մանուկ Գասպարյանի խոսքերով, իր հայտարարագրման կտրոնն ընդունողը զարմացել է, թե ո՞նց կարող է, Գասպարյան Մանուկը չի գրել, կարո՞ղ է մոռացել է, որ տուն ունի։ «Ես տուն չունեմ, իմ հորս տան կցակառույցում եմ ապրում, որն ապօրինի շինություն է։ Իմ անունով ոչ տուն ունեմ, ոչ էլ իրականում տուն ունեմ։ Իմ երկու տղան էլ վարձով են ապրում։ Մարդիկ զարմացել են»։ Ըստ Մանուկ Գասպարյանի, մեր պաշտոնյաներն ով ինչպես հասկացել է՝ «պատուհանից իրեն նայելով», այդպես էլ գրել է։ Մանուկ Գասպարյանը հայտարարագրման իմաստը բացատրում է հետեւյալ կերպ. «Վաղը, մյուս օրը, եթե այդ մարդը այս պետությանը ձեռնտու եղավ, կլռեն դրա մասին, եթե ոչ՝ ուղնուծուծը կփորեն եւ դրանով մի գործ կշինեն վրան։ Նայած դու հաճո՞ ես իշխանություններին, թե՞ ոչ»։ Մանուկ Գասպարյանի խոսքերով, ինքը փորձել է, որ հայտարարագրելիս անգամ «լուցկու չոփը» չմոռանա, բայց վերջում միեւնույն է, իր եւ իր կնոջ հայտարարագրերը գրեթե դատարկ են եղել։ «Մի հատ 1997թ. մեքենա իմ անունով է գրված, որով հիմա գնում-գալիս եմ ու 1989թ. մեքենա, որը տղաս է վարում՝ կնոջս անունով է»։ Մ. Գասպարյանը վստահեցրեց, որ իր եւ իր տիկնոջ սեփականությունը այդ երկու մեքենաներն են ու Քասախ գյուղում 0,2 հեկտար հողամասը, որի տեղը, իր խոսքերով, անգամ ինքը չգիտի, չնայած գրանցված է իր անունով։ «Քանի որ ծնողներս այդ գյուղից էին, հողերը բաժանելիս 1990թ. դա են տվել։ Այդ հողն էլ եմ հայտարարագրել։ Հողի տեղը չգիտեմ, բայց 2 անգամ ջրի փող են ուզել, տվել եմ, որ հանկարծ վաղը չասեն՝ հող ունի՝ չի հայտարարագրում»։ Կոմունիստ պատգամավոր Նորիկ Պետրոսյանի կարծիքով, այդ հայտարարագրումը եւս արեւմուտքին կրկնօրինակելու ձեւերից մեկն է։ Նա շատ կուզենար, որ «հայելու մեջ մարդն իրեն տեսնելու չափ մաքրության նման» հասկացությունը կարողանար տեսնել, մեր պետական պաշտոնյաների եկամուտները, սակայն, այդպիսի բան, ըստ նրա, չի կարող լինել։ «Ես աշխատավարձից բացի ուրիշ ոչինչ չունեմ։ Կոոպերատիվ բնակարան ունեմ։ Աղջկաս աշխատանքն է, որը գրեթե աշխատավարձ չի ստանում ու կնոջս՝ մանկավարժի աշխատավարձը»։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել