Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Փետրվար 09,2002 00:00

ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ, «Ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, ի տարբերություն նույն սերնդի մյուս դիսիդենտների, հաջողացնում է բավական ճկուն հարաբերությունների մեջ մտնել եւ օգուտներ քաղել բոլոր ժամանակների իշխանություններից։ Բնականաբար, մեղմ ասած, իր խիստ հարմարվողական խասյաթի շնորհիվ, որ շատ արագ կարողանում է իշխանությանը հաճո բովանդակությունն ու կաղապարը յուրացնել։ Եվ թքած, թե իր սերնդակից մյուս դիսիդենտների մի մասը աղքատ, ծանր պայմաններում, հայրենիքից դուրս, վտարանդի կամ հոգեբուժարանում կմահանա՝ առանց պատեհ առիթներով իրենց դիսիդենտ լինելու փաստը շահարկելով։ Այժմ էլ Պարույր Հայրիկյանը զբաղվում է մարդու իրավունքների հարցերով։ Մի բան նկատենք, որ զարմացնում է շատերին՝ Պարույր Հայրիկյանը նախկին իշխանությունների օրոք բավական նյութական գույքի եւ տարածքների տեր դարձավ։ Իսկ այսօր, մի դիվանագիտական անձնագրի խաթեր համար, այսպես հլու-հնազանդ ծառայում է ներկա իշխանություններին։ Ընդ որում, պարոն Հայրիկյանը այնքան զգուշավոր է, որ նախկին իշխանությունների օրոք ձեռք բերած տարածքների մասին գրեթե հոգ չի տանում, կարելի է ասել՝ ազատ հողեր է փչացնում։ Ահա, այս պարսպապատված մեծ տարածքը, որ գտնվում է Դավիթաշենի կամրջին հարող ձորում, պարոն Հայրիկյանինն է, որը ձեռք է բերել 1998թ.՝ Վանո Սիրադեղյանի քաղաքապետ եղած ժամանակ։ Այդ ժամանակ Դավիթաշենի թաղապետարանի առաջարկությամբ, կամրջին հարող հողերը պետական աճուրդի դրվեցին եւ ԱԺ պատգամավոր Պ. Հայրիկյանը վերցրեց այն։ Տարածքը դեռեւս պարսպապատված է, շինարարական աշխատանքներ շատ քիչ են կատարվում։ Հարեւան շենքերի շինարարների պնդմամբ, աշխատանքները վերսկսվել են։ Լուսանկարելու պահին Հայրիկյանի պարիսպների մոտ կանգնած ԻՄ կուսակցության Գազել ավտոմեքենայից ինչ-որ բան էր տեղափոխվում պարսպից ներս։ Ավելացնենք, որ Պարույր Հայրիկյանը, բացի Դավիթաշենի կամրջին հարող տարածքից, տուն ունի Գառնիի Գողթ գյուղում, Արարատյան զանգվածում եւ, ըստ վերջին տեղեկությունների՝ նաեւ Երեւանի այլ հատվածներում։ Այսպես է Պարույր Հայրիկյանը ՀՀ նախագահին առընթեր հանձնաժողովում մարդու իրավունքների հարցերով զբաղվում։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել