Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 09,2002 00:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 1999 թ. հոկտեմբերի 27-ի քաղաքական հեղաշրջման արդյունքում սեփական իշխանությունն ամրապնդած վարչախումբը հերթական անգամ բացահայտեց իր անբարո էությունը՝ փորձելով Ազգային բանակի հիմնադիր, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանին ներկայացնել որպես հանցագործ։ Վ. Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու փորձը «Հոկտեմբերի 27»-ի դատավարության առաջին իսկ օրերից սկիզբ առած ոճրագործության զոհերի վարկաբեկման՝ ներկայիս վարչախմբի կողմից խրախուսվող, քաղաքականության նոր դրսեւորում է։ Չբավարարվելով նշված գործընթացում ոճրագործների մատուցած «ծառայություններով», այժմ էլ դրա մեջ են ներքաշում պետական իրավապահ մարմիններին։ Այս ամենը ծառայեցվում է վարչախմբի ապօրինի իշխանության գոյությունն ամեն գնով արդարացնելու նպատակին, որը վերաճում է հիվանդագին մոլուցքի՝ դրսեւորելով աննախադեպ ցինիզմ, հայ ժողովրդի բարոյական ըմբռնումներին անհաղորդ՝ օտարին հատուկ վարքագիծ։ Փորձելով ստվեր գցել Հայրենիքին անուրանալի ծառայություններ մատուցած պետական գործիչների հիշատակի վրա, վարչախումբն անուղղակիորեն արդարացնում է վերջիններիս նկատմամբ իր իշխանության օրոք իրականացված սպանդը։ Ակնհայտ է, որ իշխանությունն աջակցում է ահաբեկիչներին՝ դրսեւորելով իր համերաշխությունը վերջիններիս հետ, նրանց տալով ապահովության նոր երաշխիքներ, եւ լուծում է դատավարության մասնակիցներին վերահսկողության տակ պահելու իր համար կենսական խնդիր։ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը խստիվ դատապարտում է գործող իշխանության՝ ժողովրդի հավաքական կամքը ոտնահարող եւ պետության հիմքերը խարխլող քաղաքականությունը։ Վերստին հավաստելով ներկայիս ապօրինի վարչախմբի դեմ պայքարելու մեր վճռականությունը, համոզված ենք, որ ազատության եւ անկախության ճանապարհն ընտրած Հայաստանի քաղաքացիները, մերժելով բռնություններն ու ահաբեկչությունը եւ այդ գործելակերպը որդեգրած իշխանություններին, աջակից կլինեն մեր քաղաքական քայլերին։ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել