Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատերազմի կուսակցությունը պատռում է իր դեմքը

Փետրվար 09,2002 00:00

Պատերազմի կուսակցությունը պատռում է իր դեմքը Թվում էր, թե դաշնակները ճիշտ էին, երբ ասում էին, որ փոխվել են եւ հասկանում են այսօրվա քաղաքականության անհրաժեշտությունները։ Որ «Միացյալ Հայաստանը» ընդամենը ընտրողների վրա տպավորություն թողնելու համար կարգախոս է, իսկ իրականում դաշնակցությունը գալով իշխանության՝ իրատեսական եւ միջազգային նորմերին համապատասխան քաղաքականություն է տանելու։ Չորս օր առաջ Հայաստանի Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ առաջնորդ Վահան Հովհաննիսյանի հեռուստաելույթը հուսահատական եզրակացությունների է հանգեցնում մեզ։ Ահա թե բառացիորեն ինչ է ասել այս «պետական այրը». «Հայաստանը այսօր ունի սահման ընդամենը մեկ պետության հետ, մյուս երեք պետությունների հետ ոչ թե սահման ունենք, այլ ճակատ»։ Քանի որ, ըստ Հովհաննիսյանի, «մեկ տանկային բրիգադով հնարավոր է մեկ օրվա մեջ անցնել ամբողջ Հայաստանը», մեր ազգային անվտանգության ապահովման երկու հնարավորություն կա։ «Պետք է լայնացնել այդ ճակատը, ի դեպ՝ այս առաջին լուծումը պետք է շատ լուրջ քննարկել»։ Եվ երկրորդ՝ պետք է օրենք ընդունել, որի գործադրման շնորհիվ Հայաստանը կունենա «երեք հարյուր հազար սվին»։ Անկեղծ հրճվանքով Վահան Հովհաննիսյանը շարունակում է. «Իսկ պատկերացնո՞ւմ եք, ինչ կլինի, եթե այդ օրենքը հաջողվի տարածել նաեւ կանանց վրա։ Այդ դեպքում մենք կունենանք վեց հարյուր հազար սվին»։ Պետական պաշտոնյայի համար ավելի հիմար եւ անպատասխանատու հայտարարություն ուղղակի դժվար է պատկերացնել։ Փորձենք պարզաբանել նրա ասածների իմաստը։ Միակ երկիրը, որի հետ ունեցած մեր սահմանագիծը Վահան Հովհաննիսյանը համարում է «սահման», Իրանն է։ Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մեր սահմանագիծը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի սույն նախագահը ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեց «ճակատ», որը հանուն ազգային անվտանգության՝ պետք է լայնացվի։ Այսպիսով, դաշնակցական առաջնորդը ոչ միայն, ըստ էության, պատերազմ է հայտարարում Հայաստանի երեք հարեւաններին՝ Թուրքիային, Ադրբեջանին եւ Վրաստանին, այլ նաեւ հրապարակավ հայտնում է այդ պատերազմի նպատակների մասին, այն է՝ նոր տարածքներ ձեռք բերել Հայաստանի համար՝ ի հաշիվ երեք երկրների։ Իսկ այդ էքսպանսիոնիստական նպատակների իրագործման համար Վահան Հովհաննիսյանը առաջարկում է Հայաստանի բանակի թվաքանակը, ներառելով կանանց, հասցնել վեց հարյուր հազարի։ Ահա այս է այն քաղաքական իդեալը, որ իշխող Դաշնակցություն կուսակցությունը նախատեսել է մեր ազգի համար. հասարակության ամբողջական միլիտարիզացիա եւ հարեւանների հետ մշտական պատերազմ։ Ընդ որում՝ լավագույն դեպքում մենք պատերազմելու ենք երեք պետությունների դեմ հաջորդաբար՝ մեկը մյուսի հետեւից, իսկ վատագույն, որ շատ ավելի հավանական է՝ միաժամանակ բոլորի դեմ։ Ցնորամիտ դաշնակցական քաղաքական մտքում հայ ժողովրդին վերագրված է հաղթողի դերը, սակայն ցանկացած ավելի իրատեսական վերլուծություն՝ որպես նման ռազմատենչ արկածախնդրության արդյունք կարող է մատնանշել եթե ոչ Հայաստանի վերջնական կործանումը, ապա մեր ունեցած տարածքների կորուստ եւ նորանոր նվաստացումներ։ Մենք, իհարկե, կարող էինք մխիթարվել նրանով, որ Դաշնակցությունը դեռ ամբողջ իշխանությունը չէ եւ որ իրական լծակների տեր պետական գործիչներն ավելի իրատեսական մոտեցում ունեն եւ չեն տանի հայ ժողովրդին դեպի փորձանք։ Սակայն նման կերպ մտածելու որեւէ հիմք չունենք։ Հայոց բանակի ստեղծման տարեդարձի տոնակատարության ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հարմար առիթի դեպքում «մենք կգրավենք Գետաշենը»։ Այս ամենից պարզ է դառնում, որ 1998 թվականի փետրվարի 4-ի հրաժարականի իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, երբ հայտարարեց, որ պարտվել է «խաղաղության եւ արժանապատիվ համաձայնության կուսակցությունը»։ Հայաստանում իսկապես իշխանության է եկել պատերազմի կուսակցությունը, որը շնորհիվ պետական պաշտոնյաների այս վերջին հայտարարությունների՝ բացահայտեց իր իրական դեմքը։ Ապշեցնում է ոչ միայն այն հանգամանքը, որ հայ ժողովրդի բախտի հետ խաղացող նման անպատասխանատու մարդիկ այսօր ղեկավարում են Հայաստանը։ Պակաս հիասթափեցնող չէ նաեւ այն, որ այս կործանարար մտահղացումները նրանք չեն էլ թաքցնում եւ իրենց միլիտարիստական պլանները հրապարակում են այնպիսի խանդավառ անկեղծությամբ, որն իրեն թույլ չէր տալիս անգամ Ադոլֆ Հիտլերը 1939-ին, լինելով հզոր գերտերության ղեկավար։ Այս զուգահեռը պատահաբար չի բերված։ Դաշնակցության նացիոնալ-սոցիալիզմը որեւէ տարբերություն չունի հիտլերյան նացիոնալ-սոցիալիզմից կամ մուսոլինական ֆաշիզմից, որոնք նույնպես «կենսական տարածքներ» էին փնտրում ազգային անվտանգության ապահովման համար։ Մեր այսօրվա իշխանությունները այնքան տկարամիտ են, որ չեն հասկանում, թե ինչ արձագանք կարող են ունենալ նման հայտարարությունները միջազգային դիվանագիտական ասպարեզում։ Հնամաշ եւ ագրեսիվ ազգայնական բառապաշարով նրանք ամբողջ աշխարհին ներկայանում են որպես տեռորիստներ, որոնք պատրաստ են գործել մարդկության դեմ ցանկացած հանցանք։ Եվ հարց է ծագում, արդյո՞ք չափազանց մեծ շռայլություն չէ այս փոքրիկ հիտլերներին եւ բենլադեններին մեր պետության ղեկին հանդուրժելը։ ՌՈՒԲԵՆ ԱԼԱՆԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել