Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 09,2002 00:00

ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Նույն օրը (փետրվարի 6-ին), երբ «Առավոտում» եւ «ՀԺ»-ում եղան հաղորդագրությունները, թե գլխավոր դատախազը որոշում է կայացրել Մուշեղ Սաղաթելյանի գործից անջատ, Վազգեն Սարգսյանի մասով նախաքննությունը շարունակել, դիմեցինք նախագահի մամլո քարտուղարին՝ խնդրելով, որպեսզի հնարավորության դեպքում հանրապետության նախագահը պատասխանի հետեւյալ հարցին. «Ինչպե՞ս է վերաբերվում նախագահը Վազգեն Սարգսյանի մասով քրգործի նախաքննությունը շարունակելու Գլխավոր դատախազության որոշմանը: Դատախազությունը բարոյակա՞ն նպատակներ է հետապնդում, թե՞ իրավական: Պոզիտիվ իրավունքի տեսակետից անհեթեթություն չէ՞ աճյունին մեղադրանքներ առաջադրելը կամ պատիժ սահմանելը: Բարոյականության տեսակետից էլ մահացածին անվանարկելու գործելակերպը նախագահն ինչպե՞ս կորակի»: Պատասխանը ստացվեց հաջորդ օրը, երբ մամուլում արդեն եղել էին գլխավոր դատախազի մեկնաբանությունները, մասնավորապես բացատրությունը. «Չեմ համաձայնվել քննիչի հունվարի 17-ի որոշման այն ձեւակերպմանը, թե Վ. Սարգսյանի, Ա. Մարգարյանի, Մ. Գեղանգուլյանի մասով գործի վարույթը պետք է կարճել նրանց մահվան պատճառաբանությամբ: Ես հակառակ եմ եղել այդ ձեւակերպմանը, քանզի դրանից կարծեք թե անուղղակի երեւում է, որ նրանք ինչ-ինչ գործողություններ են կատարել, սակայն մահվան պատճառաբանությամբ է վարույթը կարճվել: Դրա համար էլ, չհամաձայնելով հիշյալ ձեւակերպմանը, գտնելով, որ բավարար ապացույցներ չեն եղել այդպիսի հետեւություն անելու համար, քննիչի որոշումը վերացվել է»: Պրն Թամազյանի բառախաղից ստացվում է, որ ինքը քննիչի որոշումը վերացրել է՝ նկատի առնելով «անուղղակի երեւացող» հետեւությունները, որ, ներեցեք, միայն իրեն են երեւում: Լրագրողներին շահարկումների մեջ ամբաստանելուց ու բարոյականության կոչեր անելուց առաջ ավելորդ չէր լինի սեփական քայլերի բարոյականությունը նժարին դնել: Ենթադրենք, նախաքննությունը պարզի, որ Վազգեն Սարգսյանը եւ մյուսները իրոք «ինչ-ինչ գործողություններ են կատարել», որ հակասության մեջ են օրինականության հետ: Ի՞նչ է հետեւելու. աճյուննե՞րն են դրանց համար հատուցելու: Թե՞ Թամազյանն անկարող է պատկերացնել Վազգեն Սարգսյանին՝ օրինականություն ոտնահարելիս: Օգնենք ամպերից իջնելու եւ հիշեցնենք, որ Վ. Սարգսյանը հրապարակավ հայտարարություն է արել «ընդդիմությունը 100% ձայն էլ հավաքի, չեմ ճանաչի» կարգի, կամ 98-ին միջոցների մեջ առանձնապես խտրություն չդնելով նպաստել է Քոչարյանի ընտրությանը: Հասարակության կամքին բռնանալու համեմատությամբ մի-երկու հոգու ծեծել-չծեծելը հազիվ զանցանք լինի: Այնպես որ, միանգամայն հնարավոր է նախաքննությունը շարունակելու դեպքում հակաօրինական ինչ-ինչ գործողություններ ի հայտ գան: Պարզապես իրավական տեսակետից իմաստազուրկ է մահացածի մասով նախաքննություն շարունակել, քանի որ ցանկացած ելքի դեպքում օրինականություն հաստատելն անհնար է: Փոխարենը հնարավոր է «բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն կատարել», ինչպես հեռատեսորեն նկատել եւ ակնարկել է պրն Թամազյանը: Այդ ընթացքում էլ բացասական լույսի ներքո ամիսներով հոլովել Վազգեն Սարգսյանի անունը: Հենց դա է ընտրված նպատակը, հենց դա է անվանարկումը եւ հենց դա է անբարոյականությունը: Որովհետեւ ինչ օրինազանցություն էլ թույլ տված լինի Վ. Սարգսյանը, նա այս պետության առջեւ ունի անուրանալի ծառայություններ, եւ այժմ էլ ողջ չէ: Սեփական դիրքորոշման այս փաստարկումը իմաստ ուներ կատարել մինչեւ նախագահի մամլո քարտուղարից՝ Վահե Գաբրիելյանից ստացված պատասխանը մեջբերելը, քանի որ պրն Գաբրիելյանը սկզբից եւեթ հղում կատարեց Ա. Թամազյանի մեկնաբանություններին, հատկապես այն հայտարարությանը, թե «Վ. Սարգսյանի մասով հարուցված քրեական գործ չկա եւ չի եղել: Վ. Սարգսյանի մասով մեղադրանքի որոշումներ նույնպես չկան»: Ինքնաբերաբար այնուհետեւ զարգացվեց միտքը, թե «Քանի որ չկա Սարգսյանի դեմ գործ կամ մեղադրանք, չի կարող եւ վերաբերմունք լինել դրանց հանդեպ»: Իրավական տեսակետից նախաքննություն վարելու նպատակահարմարությունը թողնվեց իրավաբանների հայեցողությանը: Իսկ ահա բարոյական առումով տրվեց գնահատական. «Եթե մեղադրանքներ առաջադրված լինեին, դա կլիներ անբարոյականություն»: Իմիջիայլոց գնահատելի է, Վահե Գաբրիելյանը ոչ թե ինչ-որ հայտարարություն արեց, այլ պատասխանեց հարցին կամ գոնե ջանաց պատասխանել: Նույնիսկ ճշտեցինք. «Անբարոյականությունը Ձե՞ր գնահատականն է, թե՞ նախագահի»: «Հարցը նախագահին էր ուղղված, իր պատասխանն է եւ գնահատականը»: Վերջում էլ իր կողմից հավելեց, թե հուսով է՝ տրված մեկնաբանություններից հետո այլեւս խնդիրը չի շահարկվի: Չգիտեմ, ինչպես նախագահը, բայց որեւէ անկողմնակալ մարդ հազիվ թե տարբերություն տեսնի մահացածի դեմ տարվող նախաքննությունը մեղադրանքով ավարտելու կամ այդ նույն նախաքննության ընթացքում նրան հրապարակավ կասկածելու ու կասկածներ փարատելու, մեղադրանքներ ներկայացնելու ու դրանք հանելու մեջ: Դրանք համազոր ընթացքներ են ու հավասարազոր կերպով անբարոյական: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել