Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր Սահմանադրություն՝ «27»-ի մոտիվներով

Փետրվար 09,2002 00:00

Նոր Սահմանադրություն՝ «27»-ի մոտիվներով Երեկ սահմանադրական բարեփոխումների սեփական տարբերակի, այն համաժողովրդական հանրաքվեի դնելու վերաբերյալ խոսեց Վեցնյակը: Վերջինս՝ ԱԺԿ, ՀԴԿ, ՍԻՄ, ՀԿԿ, «Հանրապետություն» կուսակցություն, ԱԺՄ, արդեն մի քանի շաբաթ ահազանգ է հնչեցնում, որ իշխող վարչակազմն իր նախորդի օրինակով փորձում է ժողովրդի վզին փաթաթել Սահմանադրության նախագահական եւ, այսօր արդեն ոչ լեգիտիմ, տարբերակը: Ոչ լեգիտիմ, քանի որ, ինչպես «Հանրապետության» ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն ասաց՝ Ռ.Քոչարյանի առաջարկած տարբերակն ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել օրենքի խախտումով: Վեցնյակի առաջարկած խորհրդարանական համակարգի եւ նախագահի ներկայացրած կիսանախագահական կառավարման տարբերակների ու դրանց էության մասին բազմիցս խոսվել եւ լուսաբանվել է: Այդ իմաստով դրան անդրադառնալը, թերեւս, անիմաստ է: Միաժամանակ հարկ ենք համարում մեջբերել ԱԺԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանի այն պնդումը, թե կիսանախագահական հիշյալ տարբերակը չի լուծում Հայաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանության օղակներում տիրող համատարած անպատասխանատվությունը: Նա բերեց այսօր ավելի քան օրակարգային հարց դարձած «ԱրմենՏելի» օրինակը, որին գործող իշխանությունները, ընդ որում՝ ե՛ւ գործադիր, ե՛ւ օրենսդիր, ՀՀ Սահմանադրության պահանջներին հակառակ՝ օժտել են մենաշնորհով, պայմանագրեր են կնքել, որոնք չեն բխում մեր երկրի, ժողովրդի շահերից, բայցեւ վերանայման ենթակա չեն համարվում: Հիմա ո՞վ է դրա համար պատասխանատու՝ ՀՀ նախագա՞հը, վարչապե՞տը, թե՞ օրենսդիրը: Ըստ էության՝ բոլորը միասին, բայց նրանցից ոչ մեկն այդ պատասխանատվությունը ստանձնել չի համարձակվում: Ըստ Շ.Քոչարյանի, հենց այդ անպատասխանատվությունն է Ռ.Քոչարյանի ներկայացրած կիսանախագահական համակարգի ամենամեծ թերություններից մեկը, եթե, իհարկե, չհաշվենք, որ գործող Սահմանադրության համեմատ՝ նրա ներկայացրած նախագծով ՀՀ նախագահի 5 եւ երկրորդական լիազորությունների պակասեցնելուն զուգահեռ՝ նույն այդ նախագահին վերապահվում է 16 նոր եւ կարեւորագույն լիազորություններ: Դրանց մի մասը, ինչպես պատգամավորն ասաց, «Հոկտեմբերի 27»-ից հետո վարչախմբի առած դասերի մոտիվներով է: «Եթե նայենք Ռ.Քոչարյանի ներկայացրած նախագիծը, կտեսնենք նաեւ դրա հեղինակների ցանկությունը՝ վերացնել այն դժվարությունները, որոնք իր պաշտոնավարության ընթացքում ունեցել է Ռ.Քոչարյանը»,- պատգամավորը ուշադրություն հրավիրեց նաեւ այդ փաստի վրա: Այսպես. նոր նախագծով ՀՀ նախագահին վերապահված են միանձնյա որոշումներ ընդունելու իրավունքներ, այդ թվում՝ սիրաշահելու կամ պաշտոններ բաժանելու փոխարեն, պարզապես պաշտոնանկ անել բարձրագույն հրամանատարական կազմը, առանց վարչապետի ներկայացման պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին: «Դրանով Ռ.Քոչարյանն, ըստ էության, խոստովանում է, որ «27»-ից հետո 2000-ին նրա համանման քայլերը եղել են հակասահմանադրական: Այնպես իրականում, ինչպես 95-ին, այսօր էլ ամեն ինչ արվում է Սահմանադրությունը անձին հարմարեցնելու համար»,- եզրակացրեց Շ.Քոչարյանը՝ ավելացնելով, որ նախկին նախագահին վերապահված լայն լիազորությունները նրան ժամանակին չպաշտպանեցին պաշտոնանկությունից: Ըստ Շ.Քոչարյանի, ներկայիս նախագահի տարբերակը ոչ թե կիսանախագահական, այլ գերնախագահական է եւ ավելի է խորացնում քաղաքական ճգնաժամերի հնարավորությունը, քան այն կար տերպետրոսյանական Սահմանադրությունում: «Սա սահմանադրական բարեփոխման պատրանք է եւ մեր երկիրը չի ազատում ավտորիտար համակարգից: Եվ այսօր ոչ ոք իրավունք չունի նախապես հայտարարել, թե ժողովրդին այլընտրանքային՝ խորհրդարանական համակարգը պետք չէ: Թող ժողովրդին ինքնուրույն որոշելու հնարավորություն եւ իրավունք տրվի»,- ասաց Շ.Քոչարյանը՝ պնդելով Վեցնյակի տարբերակը եւս հանրաքվեի դնելու անհրաժեշտությունը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել