Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՒՐՋ ԾՐԱԳՐԵՐ, ԼՈՒՐՋ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 08,2002 00:00

ԼՈՒՐՋ ԾՐԱԳՐԵՐ, ԼՈՒՐՋ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ Օրերս մեր թերթին տված հարցազրույցում ՀՖՖ նախագահ Սուրեն Աբրահամյանն ասել էր, որ այս գարնանը Երեւանում է անցկացվելու մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության ընտրական 9-րդ խմբի մրցաշարը, որտեղ հանրապետության ֆուտբոլի ղեկավարությունը Հայաստանի պատանեկան հավաքականի առջեւ խնդիր է դրել գրավել 1-ին տեղը ու ապրիլի վերջերին Դանիայում կայանալիք եզրափակիչի ուղեգիր նվաճել։ Ցանկությունը՝ ցանկություն, սակայն հետաքրքրվել էինք, թե ֆեդերացիան համապատասխան պայմաններ ստեղծե՞լ է լիարժեք մարզումներ անցկացնելու եւ արժանվույն նախապատրաստվելու համար, ու տեղեկացվել, որ արվել ու արվում է հնարավոր ամեն բան։ Մեր պատանեկան հավաքականը մարտի 5-ից 9-ը կայանալիք ընտրական մրցաշարին նախապատրաստվել սկսել է դեռեւս անցած տարվա դեկտեմբերի սկզբից։ Մարզիչներն ամենայն պահանջկոտությամբ են ընտրում հավաքականի թեկնածուներին, անցկացրել են երկու ուսումնամարզական հավաք, որին հրավիրված են եղել 24 ֆուտբոլիստներ, նրանց թվում՝ նաեւ ռուսաստանցի չորս հայորդիներ։ Հավաքների ընթացքում, որոնք գերազանցապես նվիրված են եղել խաղացողների ֆիզիկական ու ֆունկցիոնալ պատրաստականության բարձրացմանը, կազմակերպվել են նաեւ ընկերական մի քանի հանդիպումներ առաջին եւ բարձրագույն խմբի թիմերի հետ։ Դրանց արդյունքում դրսից հրավիրվածներին մարզիչները խնդրել են վերադառնալ Ռուսաստան՝ նրանց փոխարեն փորձարկման հրավիրելով տեղացի շնորհալի պատանիների, հիմնականում «Փյունիկ-4» պատանեկան թիմից։ Երեւանում նախատեսված նախապատրաստական փուլի ավարտից հետո հավաքականը 18 ֆուտբոլիստներով հերթական հավաքը փետրվարի 6-13-ը անցկացնում է Կիպրոսում, որտեղ նախատեսված է նաեւ երկու ընկերական ստուգողական հանդիպում Կիպրոսի պատանեկան (մինչեւ 17 տարեկաններ) հավաքականի եւ այդ երկրի բարձրագույն խմբի առաջնության մասնակից «Օլիմպիակոսի» փոխարինող կազմի հետ։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել