Գնալ սուրբ հաղորդության եւ ապաշխարության Տատամսում էի արձագանքել Վանուշ Շերմազանյանի «Եղբայրացեք երջանկահիշատակ Մանթաշովին» հոդվածին («Առավոտ», 19.01.2002), որովհետեւ չեմ կարծում, թե դրանից մեր նորօրյա «մանթաշովները» կարող են սթափվել, դառնալ արվեստի ու գրականության հովանավորներ։ Դրա համար պետք է գոնե մի քիչ թաթախված լինել արվեստով ու գրականությամբ: Չէի ասի, թե նախկին՝ խորհրդային շրջանի ղեկավարները կամ փողատերերը այդպիսին էին։ Քչերն էին, որ կարող էին թափանցել Համո Սահյանի քնարերգության, Մարտիրոս Սարյանի կտավների կամ Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի խորքը։ Սակայն ենթագիտակցաբար զգում էին նրանց մեծությունը։ Դրան նպաստում էին նաեւ մամուլը, ռադիոն եւ հեռուստատեսությունը՝ հագեցած եւ բարձրորակ հաղորդումներ տալով մեծերի մասին։ Այսօր եթերը Կոմիտասով, Եկմալյանով, Սպանդիարյանով ու Խաչատրյանով չէ ողողված, ոչ էլ Մարտիրոս Սարյանի, Ռաֆայել Իսրայելյանի, Արտաշես Հովսեփյանի կամ Համո Սահյանի, Պարույր Սեւակի գործերի քարոզչությամբ։ Նույն Արտաշես Հովսեփյանը իր 70-ամյակը նշեց երեք-չորս հոգով՝ մութ արվեստանոցում։ Նա այսօր կարիք ունի ոչ այնքան նյութական, որքան ստեղծագործական ամլությունը հաղթահարելու աջակցության։ Եթե Արտաշեսը միջակ կարողությունների տեր նկարիչ կամ փորագրիչ լիներ, կարող էր, իհարկե, իր գործերը վերնիսաժում վաճառքի դնել։ Բայց նա մոնումենտալ քանդակագործ է եւ հանրահայտ բոլորաքանդակների (Ա. Թամանյան, Ա. Տիգրանյան) հետ ստեղծել է բարձրաքանդակային արվեստի մի շարք գլուխգործոցներ (Ս. Սարգիս եկեղեցի, կոնյակի գործարան, մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարան), որոնք ոչ միայն ազգային, այլ համամարդկային հնչեղություն ունեն։ Տարիներ առաջ Սիսիանի քաղաքապետարանը նույն Արտաշես Հովսեփյանին պատվիրել էր Համո Սահյանի հուշարձանը՝ քաղաքի հրապարակներից մեկում կանգնեցնելու համար։ Միասին եղանք քաղաքապետի մոտ։ Արտաշեսն ասաց, որ ինքը հոնորար չի պահանջում, թող հոգան միայն նյութերի ձեռքբերման ծախսերը։ Պայմանավորվեցինք, որպեսզի քանդակագործը սկսի աշխատանքը՝ մինչեւ քաղաքապետարանը կլուծի ֆինանսական հարցերը։ Արտաշեսը մեծ ոգեւորությամբ անցավ գործի եւ վեց ամսում ստեղծեց հուշարձանի չորս տարբերակ։ Անցան ամիսներ։ Սիսիանից տխուր լուրեր ստացվեցին։ Քաղաքապետը հրաժարվել էր ֆինանսական օգնությունից, որովհետեւ պատրաստվում էր հերթական ընտրություններին եւ, անշուշտ, միջոցների կարիք ուներ։ Եվ քանի որ այդ ընտրություններում էլ նա հաղթանակ չտարավ, ուստի եւ իրենից թոթափեց Համո Սահյանի հուշարձանը կանգնեցնելու բեռը։ Սակայն շատերի հովանավորությամբ գրքեր են տպագրվում, սկավառակներ են ձայնագրվում, եկեղեցիներ են կառուցվում։ Իմ գրասեղանին այս պահին մոտ երեսուն հեղինակների գրքեր են։ Մինչդեռ երեսունից մեկ-երկուսն են, որ իրավունք ունեն ծեծելու գրական տաճարի դռները։ Ակամայից հիշեցի մի զավեշտական դեպք։ 60 տարեկան մի «երիտասարդ» բանաստեղծ խնդրել էր Համո Սահյանին՝ կարդալ իր բանաստեղծությունները եւ կարծիք հայտնել։ Վարպետը թերթել էր 150 էջանոց տետրը, վերադարձրել տիրոջը եւ ասել. «Շատ ապրես, շատ լավ ձեռագիր ունես»։ Ինձ մոտ եղած երեսուն գրքերի հրապարակման համար ծախսվել է 30 հազար դոլար։ Հազարներ են ծախսվել նաեւ ամենուրեք սփռված անճաշակ գործերի վրա, որոնք արվեստի գործերի նկատմամբ աղերսներ անգամ չունեն։ Կամ մի՞թե ճիշտ չէր լինի, եթե նոր եկեղեցիների փոխարեն վերակառուցվեին հները եւ դրանցում վերականգնվեին ոչ միայն ժամասացությունը, այլ նաեւ դպրոցներն ու տպագրությունը։ Չգիտեմ որտեղ են ծառայության անցնում մեր հոգեւոր ճեմարանի կերած-խմած շրջանավարտները, սակայն մինչեւ այժմ ծառայողներ չկան Տաթեւի մենաստանում, Նորավանքում ու Որոտնավանքում։ Եվ վերջինը։ Ալեքսանդր Մանթաշովը 1909թ. ունեցել է 30 միլիոն ռուբլի կապիտալ։ 1928 թ., երբ Մարտիրոս Սարյանը հանդիպել էր Մանթաշովի որդուն՝ Հովսեփին, որի դիմանկարը ժամանակին հանձնել էր կտավին, վերջինս փող էր խնդրել՝ իր գոյությունը մի կերպ քարշ տալու նպատակով։ Մոտ 2 տասնամյակում մանթաշովյան հարստությունը փոշիացել էր։ Դժբախտաբար, այսքան կարճ է տեւում մեծահարուստների ոչ միայն երկրային, այլ նաեւ երկնային կյանքը։ Մնում է միայն գործը, անունը, եւ դա շատ լավ էր հասկացել երջանկահիշատակ Ալեքսանդր Մանթաշովը։ Ուրեմն նրա հետ եղբայրանալու կոչը պիտի հիշեցնի, որ մկրտության եւ կնունքի, պսակադրության արարողություններին մասնակցելուց հետո, մեկ-մեկ էլ պետք է սուրբ հաղորդության եւ ապաշխարության գնալ։ ՇՉՈՐՍ ԴԱՎԹՅԱՆ