Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԻ» ՍՊԱՍՈՒՄԸ

Փետրվար 08,2002 00:00

«ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԻ» ՍՊԱՍՈՒՄԸ Ի պաշտպանություն Սամվել Բաբայանի, երեկ «Օրինաց երկիր» կուսակցության թեւը կազմակերպել էր հավաք, որին մասնակցեցին նաեւ ԼՂՀ գլխավոր հրամանատարի մարտական ընկերները։ Ստորեւ ներկայացվող հրապարակումը ուշագրավ է նրանով, որ ԶԼՄ-ներին Ս. Բաբայանի հարցով վերապահվում է որոշակի դեր։ ԼՂՀ կառավարության «վերին էշելոններում» սկսված հակամարտությունը ավարտվեց նրանով, որ Ս. Բաբայանը հեռացավ զբաղեցրած պաշտոններից։ Նա գիտեր, որ իր դեմ գործող ուժերը իր անձի գործոնը օգտագործելով կարող են պառակտել բանակը եւ կամովին հեռացավ գլխավոր հրամանատարի պաշտոնից՝ բանակի միասնությունը պահպանելու համար։ Ս. Բաբայանը իր հեռանալը պարտություն չէր համարում։ Եվ ի հաստատումն դրա հայտարարեց, որ հեռանում է իր զբաղեցրած պաշտոններից իրադրությունը ավելի չսրելու համար, բայց չի հեռանում քաղաքական պայքարից եւ օրենքով սահմանված կարգով ու պայմաններում զբաղվելու է քաղաքականությամբ։ Ս. Բաբայանի հեռանալուց հետո կրքերը պետք է հանդարտվեին։ Սակայն ոչ մի կերպ չէին հանդարտվում զանգվածային լրատվության միջոցները։ Ինչ-որ ուժի շնորհիվ հասարակության մեջ արմատավորվում էր «ինչ-որ բանի» սպասումը եւ այդ «ինչ-որ բանը» պետք է կատարվեր Ս. Բաբայանի ձեռքով։ Որպես ասելիքի հիմնավորում, վկայակոչվում էին Ս. Բաբայանի անձնական հատկանիշները, որ նա անզիջում է, համառ ու անկոտրում։ Ինչ-որ մեկը ճշգրիտ օգտագործելով տվյալ պահի դեպքերի դասավորությունը՝ ճարպկորեն հասարակությանը վարժեցնում էր այն մտքին, որ Ս. Բաբայանն ինչ-որ արտակարգ ձեռնարկ է նախապատրաստում։ Որպես թիրախ, Ս. Բաբայանը լավագույն եւ ճշգրիտ ընտրությունն էր. տարիների ընթացքում նա դարձել էր արցախյան ազատագրական շարժման սիմվոլ եւ կազմակերպված այդ ուժը աշխատում էր ոչ թե Ս. Բաբայան-պաշտոնատար անձի, այլ ի դեմս Ս. Բաբայանի, հարվածն ուղղված էր արցախյան ազատագրական պայքարի դեմ։ Նպատակը ոչ թե Ս. Բաբայան-պաշտոնատար անձի, այլ արցախյան ազգային ազատագրական պայքարի գաղափարը վարկաբեկելն էր։ Մարտի 22-ը հասարակությանը որպես Ս. Բաբայանի կողմից կազմակերպված ահաբեկչություն ներկայացնելը՝ դրա լավագույն ապացույցն է։ ԶԼՄ-ների թեթեւ ձեռքով ստեղծվել էր Ս. Բաբայանի կողմից կատարվելիք «ինչ-որ ձեռնարկի» սպասումի շիկացած մթնոլորտ։ Եվ տրամաբանական է, որ այդ իրադրության մեջ Ս.Բաբայանը, եթե չէր ուզում իրեն ոչնչացնելու առիթ տալ, պետք է առավելագույնս զերծ մնար Ա. Ղուկասյանի դեմ որեւէ բան ձեռնարկելուց։ Նոր կուսակցություն ստեղծելու միջոցով քաղաքականությամբ զբաղվելու մասին հայտարարությամբ նա նաեւ ընդգծում էր, որ իր հետագա ձեռնարկումները իրականացվելու են միմիայն օրենքի սահմաններում, ինչը եւ ապացուցվեց ԼՂՀ դատարանում ամբաստանյալների եւ վկաների ցուցմունքներով։ Նա նաեւ գերազանց գիտեր, որ իրադրությունը այնքան է իր դեմ լարված, մթնոլորտը այնպես է շիկացած, որ Ա. Ղուկասյանի հետ ինչ էլ պատահի՝ առաջին կասկածյալը ինքն էր լինելու, իրեն են ձեռնաշղթաներ հագցնելու։ Նման պայմաններում ոչ թե Ս. Բաբայանի նման բնատուր խելքով օժտված մարդը, այլ ցանկացած ոք ամենաքիչը խելքը թռցրած պետք է լիներ, անելու այն՝ ինչը մեղսագրվեց իրեն։ Դատարանն էլ գիտեր, որ Ս. Բաբայանի համար ամենեւին ձեռնտու չէր Ա. Ղուկասյանի նկատմամբ կատարվածը, եւ դատավճռում գրում է, թե մահափորձը կազմակերպվել է «ԼՂՀ օրինական իշխանությունը քայքայելու նպատակով» ճապաղ, ոչինչ չասող, ոչինչ չնշանակող արտահայտությունը։ Պատկերացրեք, թե ինչքան անմիտ ու անհեթեթ էին մնացած բոլոր հիմնավորումները։ Պղծությունը՝ պղծություն է։ Շատ կամ քիչ պիղծ չկա։ Բայց դժվար թե այնքան պիղծ մարդ գտնվի, որ մտածի, որ հավատա, թե Ս. Բաբայանը ընդունակ էր Արցախի դեմ պայքարելու, Արցախը թուլացնելու։ Այս պարագայում դատավճռի «ԼՂՀ իշխանությունը քայքայելու նպատակով» արտահայտությունը վկայում է, որ համենայնդեպս կան մարդիկ, որոնց համար սրբություն գոյություն չունի։ Հեռանալով իր զբաղեցրած պաշտոններից՝ Ս. Բաբայանը թույլ տվեց իր կյանքում երեւի ամենամեծ եւ, ինչպես դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, իր համար ճակատագրական սխալ։ Դա նրա հայտարարությունն էր այն մասին, որ ինքը զբաղվելու է քաղաքականությամբ։ Նրան ասպարեզից հեռացնելու, վճռական ձայնի հնարավորությունից զրկելու մեջ շահագրգռված ուժերը հասկացան, որ Ս. Բաբայանը դեռեւս ամբողջովին մեկուսացած չէ։ Այդ ուժերի համար Ս. Բաբայանին վերջնականապես ոչնչացնելը դարձավ հրամայական անհրաժեշտություն։ Առիթը «ներկայացավ» մարտի 22-ի ողբերգության տեսքով։ Ողբերգություն՝ ե՛ւ Ս. Բաբայանի, ե՛ւ Ա. Ղուկասյանի համար, բայց ի վերուստ առաքված պարգեւ ի դեմս Ա. Ղուկասյանի եւ նրա թիկունքում գործող ուժերի համար։ Ս. Բաբայանի հետ հաշվեհարդար տեսնելու, նրան վերջնականապես մեկուսացնելու համար նման պատեհ միջոց անգամ իրենք, իրենց ողջ ճիվաղությամբ հանդերձ չէին կարող մտածել ու իրականացնել, իսկ ներկայացած առիթը իրենց նպատակների համար օգտագործելու մեջ նրանց կարողությունները ավելի քան բավարար էին։ Դատարանը պետք է ապացուցեր, որ մարտի 22-ին կատարվածի հեղինակը Ս. Բաբայանն էր։ Դատարանը թեեւ իր առջեւ դրված խնդիրը չլուծեց, չկարողացավ ապացուցել նրա մասնակցությունը մարտի 22-ի դեպքին, բայց դատավճռում դա արձանագրեց եւ նրան դատապարտեց դրա հիման վրա։ Ս. Բաբայանի ու ամբաստանյալների արարքը չորակվեց դատաքննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա։ Այսինքն, դատարանը կատարեց իրեն տրված հանձնարարությունը։ Ամբաստանյալների արարքը որակվեց ոչ թե դատաքննությամբ, այլ նախաքննությամբ ու երբեմն նույնիսկ հետաքննությամբ ձեռք բերված «ապացույցների» հիման վրա։ Ըստ ամբաստանյալների հայտարարության, այդ տվյալներն էլ ձեռք էին բերվել իրենց նկատմամբ բռնություն գործադրելու եւ այլ ոչ օրինական միջոցների կիրառմամբ։ Ասենք նաեւ՝ ամբաստանյալների այդ հայտարարությունները դատարանը անուշադրության մատնեց։ Ժաննա դը Արկին դարձրին ազգային-ազատագրական պայքարի սիմվոլ եւ հետո, նրան խարույկի վրա այրելով, թքեցին ազգային-ազատագրական պայքարի գաղափարի վրա։ Մենք էլ Ս. Բաբայանին դարձրինք արցախյան ազատամարտի սիմվոլ, որպեսզի հետո «ԼՂՀ իշխանությունը քայքայելու» մեղադրանքով նրան դատապարտենք ազատազրկման, ֆրանսիացիներից ոչ պակաս մոլեգնությամբ թքելով արցախյան ազատամարտի գաղափարի ճակատին… ՄԻՔԱՅԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել