Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքը լավ է ապրում»

Փետրվար 08,2002 00:00

«Ինքը լավ է ապրում» Փետրվարի 1-ին Լոռու մարզպետ Հ. Քոչինյանը Ալավերդու տեղական հեռուստաընկերության ուղիղ եթերում ներկայացրեց 2001թ. իր մարզպետական ձեռքբերումների հաշվետվությունը: Սակայն չանդրադարձավ տարածաշրջանի հիմնախնդիրներին, թեեւ այս համայնքներում ու մարզպետարանի ենթակայության հիմնարկներում շարունակվում է կառավարման կաթվածահար վիճակը, ահագնանում են աղքատությունն ու արտագաղթը, իսկ մասնավոր ձեռնարկատիրությամբ զբաղվելը այդպես էլ անմատչելի է մնում հասարակ մահկանացուներին։ Սրա համար ալավերդցիները մեղադրում են մարզպետին ու որպես ապացույց փաստում ամենաթարմ մի օրինակ։ Օրերս Ալավերդի-Երեւան-Ալավերդի երթուղին ԱԺ պատգամավոր Մ. Գասպարյանի կողմից սեփականացվելուց հետո, հենց Հ. Քոչինյանի հանձնարարությամբ է Ալավերդու հարկային տեսչությունը ալավերդցի վարորդներին զրկել պատգամավորի հետ երթուղում մրցակցելու իրավունքից։ Վերջին տարիներին Լոռու մարզպետ Հ. Քոչինյանը հանրապետական մամուլում հաճախ է մեղադրվում Թումանյանի տարածաշրջանի համայնքներում իր թիմակիցների անօրինականություններն ու հափշտակությունները հովանավորելու մեջ, սակայն դրանց լռությամբ է վերաբերվել։ Այս անգամ էլ տեղական հեռուստաեթերում չփոխեց իր դիրքորոշումը։ Իսկ ալավերդցիներն այդ անօրինականությունների ու հափշտակությունների վկան լինելով՝ համոզված են, որ մարզպետի լռությունը անզորությունն է արդարացի փաստերի դեմ եւ մեղադրում են նախագահ Ռոբերտ Քոչարյանին երկրի կառավարման խնդիրներում մամուլը եւ հասարակական կարծիքը անտեսելու համար։ Նրանք գտնում են, որ նախագահի հակառակ դիրքորոշման դեպքում մարզպետ Հ. Քոչինյանը ոչ միայն չէր պաշտպանի թալանչիներին, այլեւ շնչակտուր կպատասխաներ իրեն ուղղվող հրապարակային մեղադրանքներին։ Իսկ իրականությունն այն է, որ Հ. Քոչինյանը իր մարզպետության երեքուկես տարիներին վայելելով նախագահ Ռ. Քոչարյանի բարեհաճությունը, մարզում եղել է անսահման իշխանավոր, անխոցելի եւ հզոր։ Այդ բարեհաճությունը մարզի սոցիալ-տնտեսական հաջողություններով չի պայմանավորվել, այլ օգտագործվել է ի չարս։ Տնտեսության անցումային ծանրագույն շրջանում անտեսելով կրթված եւ օժտված, կառավարման շնորհք ունեցող մարդկանց կարեւորությունը, նա իր շուրջն է հավաքել քրեական անցյալ ունեցող, ոչ գրագետ ու անփորձ կադրերի, որի հետեւանքով համայնքները դարձել են թալանի որջեր, աշխատավայրերն էլ վերածվել դժոխքի։ Ալավերդու հիվանդանոց ՓԲԸ-ում օպտիմալացումը դարձել է հաշվեհարդար լավագույն բժիշկների հետ։ Ինչպես զայրացած մատնացույց են անում բժիշկները, 40 մահճակալանոց համարյա դատարկ հիվանդանոցը եւ նրա 14 բժիշկներին ղեկավարելու համար պահվում են 3 ղեկավար աշխատողներ՝ իրենց քարտուղարուհիներով, իսկ լավագույն բժիշկներին առաջարկում են նվազագույն դրույքաչափեր։ Անվերջանալի են անօրինականությունն ու մարդկային հուսահատությունը։ Իսկ եթերում մարզպետ Հ. Քոչինյանը անվրդով պատմում է իր ձեռքբերումները։ Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկա ՓԲԸ-ում ստեղծվել է 350 աշխատատեղ, հիշեց, որ ընկերությունը դեռ չի աշխատում, ասաց, որ սեփականաշնորհելուց հետո կաշխատի։ Նշեց, որ Ալավերդու «Հայկական պղինձ» ՓԲԸ-ում նահանջ է գրանցվել, արտադրության պլանը կատարվել է 95%-ով։ Ասաց նաեւ, որ արդյունաբերության մյուս ճյուղերում հաջողություններ չկան, իսկ 2002թ. ակնկալիքները այս երկու ընկերությունների հետ պետք է կապել։ Գյուղատնտեսության համար 2001թ. համարեց բարենպաստ տարի, սակայն չակնարկեց, որ գյուղերի վարելահողերի շուրջ 60%-ը մնացել է անմշակ՝ գյուղացիների աղքատության պատճառով ու չհիշեց իրեն քաջածանոթ ՄԱԿ-ի պարենային ծրագրով իրենց ուղարկված օգնության թալանի մասին։ Ոգեւորված հաղորդեց, որ համայնքներում այգեգործությունը վերականգնվում է, չհիշեց, որ դեռ 1999թ. իր իսկ գիտությամբ այստեղ քանի հարյուրավոր հեկտարների բերքատու այգիներ են հատվել։ Խորհուրդներ տվեց ընտրողներին, մոռանալով, որ տարածաշրջանում արդար ընտրությունների միակ թշնամին ինքն է՝ ընտրակեղծիքների իր մեծ վարպետությամբ։ Չամաչեց՝ եթերում ընդունեց թշվառների շքերթը, քիչ հետո նրանց մոռացավ ու ինքնագոհ հայտարարեց, թե ինքը լավ է ապրում։ Վերջում կարեւորեց հասարակության մեջ մարզպետի հարգանքը։ Չհասկանալով, որ այն վաստակում են։ Լ. ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ ՀԺԿ Թումանյանի տարածքի կազմխորհրդի քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել