Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՐԱՊ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Փետրվար 08,2002 00:00

ՊԱՐԱՊ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ Կառավարության երեկվա նիստում, որը վարել է նախագահ Քոչարյանը, եւ որը նախատեսվածից ավելի է տեւել, պարզվում է՝ որեւէ էական հարց չի քննարկվել։ Համենայնդեպս, այդպես կարելի էր դատել արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանի ներկայացրածից։ Իսկ ընդհանրապես կառավարության նիստերն ու աշխատանքները լուսաբանելու այս նոր քաղաքակիրթ կարգն այնքան էլ քաղաքակիրթ չէ։ Ավելին, անարդյունավետ է թե լրագրողների, թե կառավարության համար, նկատի ունենալով նաեւ այն, որ նիստի աշխատանքները ներկայացնողները, որպես կանոն, բրիֆինգի են գալիս 1-2 ժամ ուշացումով (երբեք հայտնի չէ, թե կոնկրետ երբ կավարտվի նիստը)։ Հետզհետե սովորություն է մշակվում, համաձայն որի կառավարության որոշումները հասարակությանն են ներկայացնում գերատեսչության ոչ առաջին դեմքերը։ Իսկ եթե այդ ոչ առաջին դեմքերը միայն մեկ-մեկ են կարողանում ամփոփ ու խելամիտ արտահայտվել, ինչպես, օրինակ, երեկ Ա. Աբովյանը, ապա կառավարության քրտնաջան աշխատանքի մասին առնվազն նույնպիսի տպավորություն չի ստեղծվում։ Այսպիսով, կառավարությունը հանրությանը ներկայացնելու համար իր քննարկած կարեւորագույն հարցերից առանձնացրել էր երկուսը եւ դրանք մանրամասնելու պատիվը վերապահել էր արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանին։ Իսկ այդ երկու հարցերից մեկը զանգվածային լրատվամիջոցների մասին նոր օրինագիծն է, իսկ մյուսը՝ մարդասիրական օգնության եւ բարեգործական ծրագրերի մասին որոշման նախագիծը, որոնք երկուսն էլ, Ա. Աբովյանի խոսքերով, էական փոփոխություններ չեն պարունակում նախորդների համեմատ։ Վերջինը «կապված է միայն ԱԱՀ-ի մասին օրենքում կատարված փոփոխության հետ»։ Նրա ներկայացմամբ, 2002թ. պետբյուջեի մասին օրենքը նախատեսեց, որ մարդասիրական օգնությամբ եւ բարեգործությամբ զբաղվող սուբյեկտները ավելացած արժեքի հարկի փոխհատուցում կստանան ծրագրի շրջանակներում կատարած գործարքի չափով։ Փաստորեն, կառավարությունը 20%-ի չափով հանդես է գալիս որպես այդ ծրագրերի համաֆինանսավորող։ Սա այն նպատակով, որպեսզի վերահսկողությունն ու այդ միջոցների ծախսումը առավել արդյունավետ իրականացվեն։ Տեսնես ի՞նչն է խանգարում կառավարությանը՝ առանց համաֆինանսավորելու արդյունավետ վերահսկողություն իրականացնել։ Հետո պարզվեց, որ համաֆինանսավորումը ամենեւին էլ համաֆինանսավորում չէ, այլ սուբյեկտը մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին է ներկայացնում բեռի ներմուծման վերաբերյալ տեղեկանք, իսկ հանձնաժողովը վերջինին տրամադրում է մեկ այլ տեղեկանք, համաձայն որի ԱԱՀ-ն արդեն վճարված է։ Փաստորեն, սա ԱԱՀ չի ստացվում։ Սրա վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին պրն Աբովյանն այսպես փայլատակեց. «Դուք դուրս եք գալիս տնտեսագիտական մոտեցման դաշտից, գնում եք լեզվական դաշտ։ Մինչդեռ ավելացված արժեքի հարկը ոչ թե ավելացված արժեքի հարկն է լեզվական առումով, այլ տնտեսական կատեգորիա է, հարկի որոշակի տեսակ»։ Լավ է, գոնե այս «կատեգորիաները» չեն ընդգրկվում բուն հարկերի մասին օրենքներում։ Թե չէ գործարարներն առանց այն էլ քիչ է մնում «կախվեն»։ Իսկ այս որոշման անհրաժեշտությունն առաջացել է այն «հստակ տվյալներից, որոնք չունենք, բայց հայտնի է, որ այդ օգնությունների որոշակի մասը քողարկված առեւտրային գործունեության արդյունք է»։ Որպես «որոշակի մաս» նշվեց 70-80%-ը։ Այնուհետեւ պրն Աբովյանը տեղեկացրեց, որ որպես կանոն մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովը մերժում է ներկայացված հայտերի շուրջ 5%-ը։ Հարց է ծագում, եթե մոտավորապես հայտնի է, որ 70- 80%-ն է քողարկված առեւտրային գործունեության արդյունք, ապա ինչու է մերժվում հայտերի ընդամենը 5%-ը։ Իսկ ԶԼՄ-ների մասին նոր օրինագծով, ըստ փոխնախարարի, նախատեսվում է լիցենզավորման պարզ ընթացակարգ։ Սակայն որքան կարելի էր հասկանալ նրա խոսքերից, ընդհանրապես լիցենզավորման մասին դրույթները ենթակա են վերանայման շահագրգիռ լրատվամիջոցների կողմից առաջարկներ ստանալու դեպքում։ «Լրատվության միջոցների գործը պետք է դիտել երկկողմանի։ Լիցենզավորումը ենթադրում է, որ լրատվամիջոցը պետք է հարգի քաղաքացիների ազատություններն ու նրանց օրինական շահերը։ Եվ մյուս դեպքում, որ պետությունը տեղյակ լինի, թե ովքեր են տվյալ դաշտում գործողները»։ Դժվար էր Ա. Աբովյանի ներկայացրածից պատկերացնել, թե ինչպիսին է իրականում նախագիծը, որը այլ քննարկման առարկա է։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել