ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՄԵԶ ՆՄԱՆ ՄԱ՞ՐԴ ԵՆ ԱԺ գրեթե բոլոր կազմավորումների ներկայացուցիչները, սկզբունքորեն «կողմ» լինելով մահապատժի վերացմանը, երեկ վերահաստատեցին, թե մնում են այն համոզմանը, որ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության կատարողները պիտի արժանանան առավելագույն պատժի։ Շատերն աշխատում էին շրջանցել այն հեռանկարը, որ մահապատժի կիրառումը կարժենա Եվրախորհրդի անդամակցության կորստին։ Առավել նախընտրում էին անարդյունավետ աշխատանքի համար մեղադրել ԵԽ-ում ՀՀ պատվիրակությանը, որ չկարողացավ Եվրախորհրդին հանրամատչելի բացատրել այս խնդրի առանձնահատկությունները։ «Այն մարդիկ, ովքեր Հայաստանը պաշտոնապես ներկայացնում են եվրոպական կառույցներում, պարտավոր են այս հարցի շուրջ սկսել նորմալ բանակցային գործընթաց։ Գիտե՞ք ինչ կա, եվրոպացիները մեզ նման մարդ են։ Պետք է կարողանալ իրողությունները ներկայացնել»,- ասաց Արթուր Բաղդասարյանը, կարեւորելով, որ նաեւ երկրի եւ ԱԺ ղեկավարներն այս խնդիրը ներկայացնեն իրենց հանդիպումներում։ Հմայակ Հովհաննիսյանը որոշակիորեն պաշտպանեց ԵԽ-ում Հայաստանի պատվիրակությանը, պնդելով, թե նրանք չէին կարող «ավելի բարձր թռչել», քան իրենց լիազորություններ տված մարմինը։ Ըստ այդմ, սա ԱԺ քաղաքական ուժերի բացթողումն էր։ ԵԽ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը հենց դա էլ հիշեցրեց՝ Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունները, որոնց ներքո ստորագրել են բոլոր քաղաքական ուժերը. «Նաեւ Անդրանիկ Մարգարյանը, որն այդ ժամանակ «Միասնություն» խմբակցության ղեկավարն էր»։ Հովհաննես Հովհաննիսյանը նաեւ նշեց. «Ոչ միայն ես, այլ մեր պատվիրակության մնացած անդամները, մեր երկրի քաղաքական ղեկավարությունը փորձեր ենք արել ամեն ինչ անել, որպեսզի «Հոկտեմբերի 27»-ը՝ որպես բացառություն, մահապատժի վերացման հարցում հարգվեր ԵԽ-ի կողմից… Եվրոպայի խորհրդում մեզ բերել են տասնյակ օրինակներ երկրների մասին, որտեղ նմանատիպ ինչ-որ բաներ են եղել։ Եվ նրանք բացառություն չեն ընդունո՛ւմ։ Սա իրենց խաղի կանոններն են եւ Հայաստանի պատվիրակությունն ի վիճակի չէ ԵԽ-ի 50 տարվա հաստատած խաղի կանոնները փոխել»։ Ա. Ի.