Մոցարտները խորհրդարանում Սահմանադրական բարեփոխումների նախագահական տարբերակը եւս քննարկվեց եւ Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը՝ Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ, քվեարկեց այն։ Խորհրդարանականի քվեարկությունն անցել էր 7-ը 5-ի հարաբերությամբ (5 «կողմ», 7 «դեմ»)։ Նախագահականին դրական եզրակացություն տալուն «կողմ» էր քվեարկել 7 պատգամավոր (ՀՀԿ, ՀՅԴ, ԺԴԿ, «Ժողպատգամավոր», Ագրոարդյունաբերողներ, ԱԺՄ, «Օրինաց երկիր»)։ Դեմ էին Շավարշ Քոչարյանը եւ Հրանտ Խաչատրյանը, պոտենցիալ «դեմ»-երից բացակայում էին Ֆրունզե Խառատյանը եւ Արա Կետիկյանը, իսկ Վարդան Մկրտչյանը ձեռնպահ էր։ Իր ձեռնպահ մնալը ՀԺԿ քարտուղարը բացատրեց հետեւյալ կերպ. «Ձեռնպահ» քվեարկեցի, որովհետեւ մենք բազմաթիվ առաջարկություններ ենք կատարել ե՛ւ խորհրդարանական կառավարման համակարգի նախագծին, ե՛ւ նախագահական տարբերակի նախագծին, եւ դրանց ընդունել-չընդունելու արդյունքում մենք մեր դիրքորոշումը կարող ենք ներկայացնել։ Եվ քանի որ որոշվեց, թե վերջնական քվեարկությունը կլինի ԱԺ-ում, ապա այդ ժամանակ ՀԺԿ-ն կներկայացնի իր դիրքորոշումը»։ ՀԺԿ-ն երկու նախագծերի առաջարկությունների իր փաթեթներում հատուկ անդրադարձ է կատարել մահապատժի խնդրին։ Կուսակցությունը գտնում է, որ մահապատժի վերացումն այսօրվա դրությամբ անընդունելի է։ Խորհրդարանականի հեղինակ Շավարշ Քոչարյանը արդեն հայտնել է իր կարծիքը, որ իրենք եւս հակված չեն վերացնել մահապատիժը, մանավանդ՝ անցումային դրույթներում նշված է, որ մինչեւ նոր Սահմանադրության ընդունումը մահապատժի դատապարտվածները պետք է ենթարկվեն մահապատժի։ Վեցնյակի մեծամասնությունը դեմ է մահապատժի վերացմանը եւ այն կարծիքին է, որ այս հարցը եւս պետք է դրվի հանրաքվեի, եւ ժողովուրդը պետք է վճիռ կայացնի։ Նախագահականի կողմնակիցները դեռեւս միանշանակ կարծիք չեն հայտնել, սակայն. «այսօր փոխխոսնակը՝ մահապատժի մասին խոսելով, եթե ուշադիր եղաք, ասաց, որ ըստ Կոնվենցիայի մահապատիժը խաղաղ ժամանակ չի կիրառվի, բայց ռազմականի մասին գրված չէ, եւ ասաց նաեւ, որ հնարավոր է մահապատիժը պահպանել համապատասխան օրենքներով»։ Հանձնաժողովի աշխատանքների ընթացքում Տիգրան Թորոսյանը, մեր դիտարկմամբ, մի քանի անգամ (ավելի կոնկրետ՝ 3) այն միտքն է հնչեցրել, որ եթե հանձնաժողովի ինչ-ինչ առաջարկներին նախագահի ներկայացուցչի (Արմեն Հարությունյան) բացատրությունները հանձնաժողովը բավարար չհամարի, կարելի է նաեւ հարցերը քննարկել ՀՀ նախագահի հետ։ «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյո՞ք հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը նախնական պայմանավորվածություն ունի նախագահ Քոչարյանի հետ։ Իսկ եթե նախագահը չկամենա հանձնաժողովի հետ քննարկումներ անե՞լ։ Տիգրան Թորոսյանը գտնում է, որ «եթե հանձնաժողովը անհրաժեշտություն ունենա հանրապետության նախագահին հանդիպելու, բնականաբար, կկարողանա հանդիպել, ես չեմ կարծում՝ որեւէ արգելք կլինի»։ Մինչ նախագահին հանդիպելը, հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի եւ Արշակ Սադոյանի միջեւ խիստ երաժշտական միջադեպ գրանցվեց։ Մինչ պրն Թորոսյանը փորձում էր «այս ուրախ նոտայով» էլ սկսել նախագահականի քվեարկությունը, Արշակ Սադոյանը նախագահի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանի եզրափակիչ խոսքում «ֆալշ» նկատելով, շարունակ պնդում էր, որ ներկայացուցիչը արված բոլոր առաջարկներին հավուր պատշաճի չի անդրադարձել։ Պրն Սադոյանի եզրակացությունը հետեւյալն էր. «Նոտան փոխվել է»։ Ում՝ ում, բայց նախագահի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանի համար հանձնաժողովի աշխատանքների ընթացքում ո՛չ «նոտան» փոխվեց, ո՛չ էլ տոնայնությունը։ Պրն Հարությունյանը ի սկզբանե որդեգրել էր պատգամավորների հետ խոսելու վերամբարձ տոն եւ այդպես էլ շարունակեց։ Օրինակ, նա իրեն իրավունք էր վերապահում «դու»-ով խոսել որոշ պատգամավորների հետ, կամ ձայնը բարձրացնել եզրափակիչ խոսքի ժամանակ։ Պրն Հարությունյանը մոռանում էր, որ ինքն ընդամենը ներկայացուցիչ է, թեկուզ՝ իրավագիտության դոկտոր, իսկ իր դիմաց ժողովրդի ընտրյալներն են, երկրի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ