Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՐՈՅԱԶՐԿՄԱՆ ԱՊԱՑՈՒՅՑ

Փետրվար 08,2002 00:00

ԲԱՐՈՅԱԶՐԿՄԱՆ ԱՊԱՑՈՒՅՑ Երեկ խորհրդարանական բոլոր կազմավորումներն իրենց գնահատականները ներկայացրին գլխավոր դատախազի այն որոշմանը, ըստ որի Վազգեն Սարգսյանի վերաբերյալ քրգործի մասով շարունակվելու է նախաքննությունը։ Բոլորից արժանահիշատակ է նախ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանի խոսքը, որի հետ կարող էր մրցել միայն Ստանիսլավսկին՝ իր «Չե՛մ հավատում» արտահայտությամբ։ Թեեւ մեր թերթն անգամ պատճենն էր հրապարակել գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ Հակոբ Բաբայանի այն որոշման, որով կարճվում էր Վազգեն Սարգսյանի վերաբերյալ քրգործի վարույթը, իսկ այնուհետեւ էլ հրապարակվեց գլխավոր դատախազի որոշումը՝ այդ կարճումը վերացնելու եւ նախաքննությունը շարունակելու մասին՝ Աղվան Վարդանյանն այն համոզմունքին է, թե իրականում ոչ մի նման բան չկա. «Եվ որոշ լրատվամիջոցներ ուղղակի խեղաթյուրում են իրողությունը։ Խոսքը բոլորովին էլ Վազգեն Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին չէ, ինչը մի քանի օր շարունակ որոշ լրատվամիջոցներ շահարկում են եւ այդպես նաեւ թյուրիմացության մեջ գցում ե՛ւ քաղաքական գործիչներին, ե՛ւ զոհվածների հարազատներին»։ Գործն, իրոք, Վազգեն Սարգսյանի նկատմամբ չէր հարուցվել, այլ Մուշեղ Սաղաթելյանի։ Եվ այդ գործից էին առանձնացվել Վազգեն Սարգսյանի եւ մահացած այլ մարդկանց վերաբերյալ մասեր, ինչպես «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատվեց կազմակերպիչների վերաբերյալ մասը։ Ի դեպ, մի առիթով, առարկելով Տիգրան Ջանոյանին, Գագիկ Ջհանգիրյանը հրապարակավ ասաց, թե նոր օրենսդրության համաձայն, գործից ոչ թե մաս է անջատվում, այլ նոր գործ։ Ահա Վազգեն Սարգսյանին վերաբերող այս գործի վարույթն էլ նախ կարճվեց, ապա վերացվեց կարճումը։ Այս փաստերն անգամ գլխավոր դատախազը չի հերքել իր պատասխաններում եւ չի փորձել «շահարկում» անվանել գոյություն ունեցող փաստաթղթերը։ Ինչ է, ՀՅԴ խմբակցության ղեկավարը գլխավոր դատախազից ավելի՞ տեղեկատվություն ունի, որ հիմք է տալիս նրան խոսել խեղաթյուրման մասին՝ մեր այս հարցին ի պատասխան պրն Վարդանյանն ասաց, թե ավելին իմանալու խնդիր չկա. «Կարծում եմ, որ կարճելու այդ որոշումը թերեւս քննիչի ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունք է եղել։ Քանի որ՝ կարճել մահվան կապակցությամբ՝ նշանակում է, ուրեմն, ինչ-որ բան կա, եւ մենք կարճում ենք, քանի որ մահվան պատճառը կա։ Բայց երբ որ գործը չի վերաբերում Վազգեն Սարգսյանին եւ, ուրեմն, գործը շարունակվում է, սա ամենեւին չի նշանակում գործ հարուցել Վազգեն Սարգսյանի դեմ, որքան էլ մեր որոշ լրատվամիջոցներ փորձեն դա այդպես ներկայացնել»։ Բանավեճը շարունակելն իմաստ չուներ, այլապես հետաքրքիր կլիներ լսել Աղվան Վարդանյանի պատասխանն այս հարցին. եթե Մուշեղ Սաղաթելյանի գործն արդեն ուղարկվել է դատարան եւ, ինչպե՞ս է կոչվում այդ գործից անջատված մասը, որի նախաքննությունը դեռ շարունակվում է Գլխավոր դատախազությունում։ Էլի՞ Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ հարուցված գործ։ Այլ խմբակցությունների ներկայացուցիչներ չփորձեցին ակնհայտը ժխտելով խուսափել գնահատականից։ Եվ անգամ այն գործիչները, որոնք Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք նրա ընդդիմախոսը եւ քաղաքական հակառակորդն էին, էլի դատապարտում էին դատախազության այս քայլերը։ «Սա քաղաքական ոլորտից չէ։ Սա բարոյական ոլորտից է, քանի որ մարդն արդեն չկա, եւ եթե նրա դեմ գործ է հարուցվել՝ նա չի կարող պաշտպանվել»,- ասաց ԱԺՄ խմբակցության անդամ Սեմյոն Բաղդասարյանը։ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանն այս հարցն առանցքային է համարում ներկա իշխանությունների բարոյազրկման չափը որոշելու համար. «Մի իշխանություն, որ բանակի հիմնադրի եւ պետականության հիմքերում կանգնած Վազգեն Սարգսյանի հիշատակն ուզում է պղծել՝ արդարացնելով հանցագործին… Եվ սա հանգիստ խղճով եմ ես ասում այն պարզ պատճառով, որովհետեւ «27»-ի ողբերգությունից հետո ոմանց նման ամբիոնից չեմ ասել՝ սրբերի շարքը դասենք Վազգեն Սարգսյանին եւ այլն»։ Իրոք, կարելի էր զերծ մնալ նման ճռճռան հայտարարություններից, Վազգեն Սարգսյանի անունով մի երկու փողոց պակաս անվանակոչել, մի քանի հուշարձան էլ չտեղադրել, բայց թույլ չտալ, որ հետմահու նրա հիշատակը հանձնվի դատախազության ողորմածությանը։ Մի ժամանակ Վազգեն Սարգսյանի հետեւորդը եւ նրա ծրագրի շարունակողը կոչվելու իրավունքը միմյանցից խլխլող ուժերը զարմանալիորեն միայն մամուլի հարցադրումներից հետո արձագանքեցին դատախազության այս քայլերին։ Ասենք՝ «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը քար նետեց ՀՀԿ-ի կողմը. «Կարծում եմ, որ այսօր Վազգեն Սարգսյանի հետեւորդ համարվողները, որոնք իշխանության բարձրագույն օղակներում են, իրենք պետք է այժմ այդ կապակցությամբ իրենց լուրջ քայլը կատարեն, ասենք, Տիգրան Թորոսյան կոչվածներն ու մնացածները, եւ ապացուցեն, որ իրե՛նք են հետեւորդները»։ «Միասնության» ղեկավար Գալուստ Սահակյանը չընդունեց մարտահրավերը. «Կարծում եմ, չի կարելի այս գործով հղումներ կատարել իշխանությանը, որովհետեւ խնդիրն ավելի շատ այսպես ծայրահեղ է դարձնում մամուլը եւ որոշ քաղաքական գործիչներ»։ Թերեւս գլխավոր դատախազի պարզաբանումներն էին հույս ներշնչել մեր գործիչներին, թե այդ մամուլն է ծայրահեղացրել եղածը։ Սակայն ի՞նչ էր ասել Արամ Թամազյանը՝ ինքը չի համաձայնել քննիչի այն ձեւակերպմանը, որ Վազգեն Սարգսյանի մասով գործի վարույթը պետք էր կարճել նրա մահվան կապակցությամբ։ Կարճման այս հիմքից, իրոք, հետեւում է, որ Վազգեն Սարգսյանը կատարել է այդ գործողությունները։ Մինչդեռ գլխավոր դատախազը գտնում է, թե բավարար ապացույցներ չկան այդպիսի հետեւության համար։ Եզրակացնենք, թե այս վարույթը մեկ անգամ եւս կկարճվի, բայց, ասենք, Վազգեն Սարգսյանի գործողություններում հանցակազմի առկայությունը հիմնավորող բավարար ապացույցների բացակայության պատճառաբանությամբ՝ ինչպես կարճվել էր Վովա Հախվերդյանի ցուցմունքի վերաբերյալ մասը։ Սա՝ լավագույն դեպքում։ Բայց որեւէ երաշխիք չկա, թե չի կարող լինել վատագույն դեպքը։ Մանավանդ որ հիմքեր կան հոռետեսության համար։ Ասենք՝ ինչո՞ւ է գլխավոր դատախազի որոշումը պատճառաբանվել նաեւ Սեյրան Ավագյանին, Շավարշ Քոչարյանին եւ Սամվել Շահինյանին լրացուցիչ հարցաքննելու անհրաժեշտությամբ։ Չէ՞ որ, ինչպես արդեն նշել էինք, նրանց ցուցմունքները վերաբերել են 1996 թ. սեպտեմբերի նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկմանը։ Այսինքն՝ Վազգեն Սարգսյանի մասով շարունակվող նախաքննությունը կարող է եւ չսահմանափակվե՞լ զուտ «Գնդապետների գործով»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել