Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳՐՈՂՆԵՐԻ ՇԱՐԱՆ՝ ԱՌԱՆՑ ԸՆԹԵՐՑՈՂԻ

Փետրվար 07,2002 00:00

ԳՐՈՂՆԵՐԻ ՇԱՐԱՆ՝ ԱՌԱՆՑ ԸՆԹԵՐՑՈՂԻ Գոնե այսօր էլ լիներ մեկը եւ ցավով բացականչեր. – Մի՞թե վերջին պոետն եմ ես… Բայց, ցավոք, այդ մեկն էլ չկա։ Չէ՜, գրում են։ Գրում են՝ ովքեր ուզում են, տպագրվում են՝ ոնց ուզում են։ Գրո՜ւմ են։ Ինչպե՞ս, բայց դա ի՞նչ կարեւոր է, որտե՞ղ, խնդրեմ՝ թեկուզ հենց խմբագրության մուտքի առջեւ։ Իսկ այդպիսի թերթերը թվով քիչ չեն՝ «Սեր», «Ճիչ», «Ուղեկից» եւ այլն, եւ այլն, որոնք, ցավոք, այսօրվա երիտասարդության համար դարձել են գրականություն։ Մի քանի կցկտուր հանգ կազմողներն իրենց հռչակում են «բանաստեղծ»։ Այսօրվա երիտասարդությունն անորոշ փնտրտուքի մեջ է։ Ընթերցող չդարձած՝ ընթերցողներ են ձեռք բերում։ Իրենք իրենց համար գրականություն ու արվեստ են ստեղծում եւ այդ «գլուխգործոցներում» արտահայտում իրենց անորոշությունն ու դժգոհությունը։ Մեր գրողներն էլ փակվել են իրենք իրենց մեջ, վիճում են, քծնում միմյանց, իսկ նոր սերնդից միայն դժգոհում են ու բողոքում։ Համենայնդեպս, շատ ավելի բուժիչ կլիներ մեկ «հայրական ապտակը», քան այս կործանարար արհամարհանքն ու անտարբերությունը։ Իսկ վերջերս մի այնպիսի աբսուրդ միտք լսեցի, որից այնքան էի ապշել, որ չկարողացա անգամ ոչինչ ավելացնել։ Այն հարցիս, թե ինչո՞ւ ժողովուրդն այսօր չի ճանաչում իր գրողներին, մեկը պատասխանեց. «Ի՞նչ ա, ուզում եք գրողները իջնեն ժողովրդի մակարդակի՞ն»։ Մի՞թե Թումանյանը կամ Չարենցը ժողովրդին սիրելուց եւ փոխադարձ մեծ սիրուց չդարձան գրողներ։ Մեր գրողները կարծես բաժանվել են երկու խմբի՝ մի մասը անցյալը չի կարողանում դարձնել ներկա, մյուս մասը ստեղծագործում է իր հորինած անորոշ ապագայում՝ անտեսելով թե՛ ներկան, թե՛ անցյալը։ Ավագ սերնդի ներկայացուցիչները ստեղծագործում են առանց հաշվի առնելու նոր սերնդի պահանջները։ Երիտասարդ ստեղծագործողներն էլ գրում են՝ նրանց չկարդալով, իրենք իրենց համար։ Արդյունքում ստեղծվում է գրողների մի շարան՝ առանց ընթերցողի։ ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել