Լրահոս
Օրվա լրահոսը

Մնում է քայլել օդի մեջ

Փետրվար 07,2002 00:00

Մնում է քայլել օդի մեջ Ստիպված Ձեզ եմ անհանգստացնում, գիտակցելով, որ հանրապետությունում որոշ պաշտոնատար անձանց ամենաթողությունը քիչ թե շատ կարելի է սանձել միայն լայն մասսաներին իրենց արածի մասին տեղյակ պահելով։ Չնայած դա էլ կասկածելի է, քանի որ քաղաքապետարանի ղեկավարների անօրինականությունների մասին հաճախ է խոսվում մամուլով եւ հեռուստատեսությամբ։ Այս անգամ խոսքը վերաբերում է 2 քմ հարթակի մասին, երկու պատշգամբների միջեւ, որը կառուցել ենք 30 տարի առաջ, ըստ նախագծի, մեր ծախսերով։ Բնակվում ենք Մ. Հերացի 2 ա շենքի 3-րդ հարկի 28 բնակարանում։ Մեր ընտանիքը բաղկացած է երեք անձից. ես մասնագիտությամբ ճարտարապետ եմ, 2-րդ կարգի հաշմանդամ եւ չեմ աշխատում, 70 տարեկան թոշակառու հայրս եւ որդիս, որը ծառայում է հայկական բանակում։ 1972թ. շենքի կառուցման հետ միասին կառուցել ենք կամրջակ՝ 8 մ երկարությամբ, պատշգամբից դեպի դիմացի հենապատ, այնտեղ գտնվող հողատարածք անցնելու համար, որտեղ մեր պատուհանների դիմաց կատարեցինք ծաղկապատում, կանաչապատում եւ բարեկարգման աշխատանքներ։ Այդ նույն բանը արված է մյուս հարեւանների պատուհանների դիմաց, որոնք այդ տարածք են անցնում փողոցի կողմից նախատեսված ընդհանուր դռնով։ Վերջին ժամանակներում մեր կողմից կամրջակով անցնել-դառնալը դուր չի գալիս 6-րդ հարկի հակառակ թեւի բնակիչ Ն. Աստվածատրյանին։ Առանց որեւէ պատճառի, լցված չարությամբ եւ թշնամությամբ, դիմել է քաղաքապետարան՝ քանդելու նշված 2 քմ մակերես ունեցող հարթակը, որը սեփականացրել ենք դեռ 1994թ. կանխիկ գումարով եւ մտած է մեր բնակարանի ընդհանուր տարածքի մեջ՝ 112.84 քմ, պատճառաբանելով, որ իրեն խանգարում է։ Համոզված լինելով, որ որդու դասընկեր, քաղաքի գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանը իր ցանկությունը կիրականացնի։ Քանի որ այդ հարթակը սեփականաշնորհված է, քաղաքապետարանը Ռ. Նազարյանի ստորագրությամբ հայցադիմում է ներկայացրել դատարան՝ այն անվավեր համարելու, հետագայում քանդելը իրականացնելու նպատակով։ Դեկտեմբերին Կենտրոն եւ Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարանը առանց փաստերը ստուգելու եւ ուսումնասիրելու, մինչեւ անգամ որոշ կեղծիքներ հիմք ընդունելով, վճիռ է կայացրել քաղաքապետարանի օգտին (դա, իհարկե, բնական է մեր օրերի համար՝ վճիռ կորզել ճնշման միջոցով)։ Կարծես թե Երեւան քաղաքի բոլոր անօրինականությունները կարգավորվել է, մնում է 30 տարի առաջվա 2 քմ հարթակի հարցը լուծել, համարելով իբր նախագիծը ժամանակին ճիշտ չի արվել։ Ներկայացնում եմ դեկտեմբերի 3-ի դատավճռի պատճենը եւ իմ առարկումները, որոնց միջոցով մանրամասն կարող եք ծանոթանալ գործին, առավել եւս եթե կատարեք տեղազննում։ ԳԱՅԱՆԵ ԽԱԼԵՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել