Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՍԻՄՖՈՆԻԱՆ

Փետրվար 07,2002 00:00

ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՍԻՄՖՈՆԻԱՆ Մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ քաղաքի 15-րդ թաղամասում կա 1000-ից ավելի թափառող շուն։ Այդ հաշվով, Երեւանի ողջ տարածքում թափառող շների թիվը կգերազանցի 10 հազարը։ Ինչի մասին խոսում եմ, համոզված եմ, բնորոշ է ողջ քաղաքին։ Տարիներ առաջ 15-րդ թաղամասի Շիրազի փողոցի ամբողջ երկայնքով տնկված քառաշար ծառերը հմայք էին հաղորդում շրջապատին եւ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ քաղաքի ամենականաչ վայրերից մեկն էր այդ տարածքը։ Շենքերի հանդիպակաց մասը մինչ Երրորդ գյուղն ընկած հատվածը պատված էր մի հոյատես անտառով, նույնիսկ թթենու ծառերով։ Այժմ այդ բոլորից միայն տխուր հուշ է մնացել։ Անկախացած Հայաստանում բարբարոսաբար, անարգել ոչնչացվեց եւ բնաջնջվեց մարդկանց երկարատեւ, քրտնաջան աշխատանքով ստեղծված եւ փայփայած անտառը, եւ տարածքը վերածվեց անպտուղ, քարքարոտ տափաստանի։ Այստեղ բարենպաստ պայմաններ ստեղծվեցին թափառող շների բազմացման համար։ Եվ այդ շների խայտաբղետ հաչոցները միաձուլվելով՝ խախտում են գիշերային անդորրը՝ կազմելով մի յուրօրինակ «սիմֆոնիա», մեխվում մարդկանց ուղեղներում, համառորեն սղոցելով նրանց քայքայված նյարդերը։ Ավարտելով իրենց գիշերային համերգը, թափառող շները ցերեկները հավաքվում են շենքերի բակերում, խաղում երեխաների հետ։ Վերջիններս շփվելով կեղտոտ շների հետ, «վաստակում» են ոջիլներ։ Եղել են նաեւ մարդկանց վրա շների հարձակման բազում դեպքեր, մանավանդ ձմեռվա ամիսներին, երբ մարդիկ գնում կամ վերադառնում են աշխատանքից ոտքով, մթին։ Իմացանք, որ Երեւանի քաղաքապետարանում կա մի բաժին, որը զբաղվում է թափառող շներին հավաքելով եւ ոչնչացնելով։ Մենք դիմեցինք նրանց, խոստացան ոչնչացնել թափառող շներին։ Բայց խոստումը մնաց անկատար։ Վերջապես ո՞ւմ դիմել այս զայրացուցիչ եւ խիստ անհրաժեշտ հարցը լուծելու համար։ Հիմա էլ հո ողորմավարձ կամ ողորմանպաստ չե՞նք ուզում։ ԱԼԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել