Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՒՅՆԻՍԿ ՕԴՆ ԵՆ ՀՈՏՈՏՈՒՄ

Փետրվար 07,2002 00:00

ՆՈՒՅՆԻՍԿ ՕԴՆ ԵՆ ՀՈՏՈՏՈՒՄ Սեպտեմբերի 11-ից հետո պարզ դարձավ, որ Ձմեռային 19-րդ օլիմպիական խաղերի հաջողությունը կամ ձախողումը կախված են լինելու ոչ այնքան մրցասպարեզներում ցույց տրվելիք արդյունքներից, որքան Խաղերի անվտանգությունն ապահովելու կոչված ծառայությունների աշխատանքից։ Առավել եւս, որ Խաղերն անցկացվելու են ռազմական հակաահաբեկչական կամպանիան նախաձեռնող ԱՄՆ-ում։ Խաղերի կազմակերպիչները, Ամերիկայի կառավարությունը արել են հնարավոր ամեն բան՝ մասնակիցների եւ հյուրերի անվտանգությունն առավելագույնս ապահովելու համար։ Սոլթ Լեյք Սիթիում 60-ից ավելի հիմնարկություններ, սկսած ՀՖԲ-ից, վերջացրած հրշեջ ծառայություններով, օր ու գիշեր աշխատելու են կանխել ամեն տեսակ հնարավոր ահաբեկչություն։ Ավելի քան 20 մարզական ու զվարճանքի համալիրներում գործի են դրված հազարավոր կոմպյուտերներ, խցիկներ, մետաղորսիչներ, այլ սարքավորումներ, որոնց «աչքից ու ականջից» չի վրիպի ոչ մի կասկածելի մանրուք, լինի դա լեռների մրցուղիներում, դրանք շրջապատող անտառներում, թե մարզադահլիճներում ու դրանց շրջակայքում։ Օլիմպիադայի 17 աշխատանքային օրերին անվտանգությունը ապահովելու են ֆեդերալ ծառայությունների, իրավապահ մարմինների, զինվորական ստորաբաժանումների մոտ 16 հազար աշխատակիցներ, այդ թվում նաեւ՝ նշանառու հրաձիգներ։ Այս թիվը վեց անգամ ավելի է, քան Խաղերի մասնակից մարզիկներինը։ Պետությունն այս ամենի համար հատկացրել է $310 մլն։ Ինչ վերաբերում է օդանավակայանին, այստեղ ուղեւորներն ու բեռները քառաստիճան ստուգում են անցնում։ Նրանց «տնտղում» են հատուկ վարժեցված շները, երկու էլեկտրոնային սքան, ապա նաեւ ձեռքով ստուգում են հատուկ աշխատակիցները։ Իսկ Խաղերի բացման եւ փակման օրերին օդանավակայանը, պարզապես, փակ է լինելու։ Ավելին, ծածկած մրցասպարեզներում, հյուրանոցներում եւ այլուր տեղադրվել են հատուկ սարքեր, որոնք «հոտոտում» են օդը եւ ի վիճակի են զգալու ամենաաննշան թունավոր նյութերի առկայությունը։ Այդուհանդերձ, Խաղերի մեկնարկից մի քանի օր առաջ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջոն Էշքրոֆթը մտահոգություն է հայտնել օլիմպիական օբյեկտներից դուրս, ասենք, զբոսայգիներում կամ հրապարակներում անվտանգության ապահովման շուրջ, որտեղ կարող են լինել մարդկային մեծ կուտակումներ՝ հիշեցնելով 1996թ. Ատլանտայի օլիմպիական խաղերի ժամանակ զբոսայգիներից մեկում տեղի ունեցած պայթյունը։ Այս բացը լրացնելու նպատակով Էշքրոֆթը Խաղերի մայրաքաղաք է գործուղել 50 լրացուցիչ գործակալի։ ՕՎՍԱՆՆԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ Երեւանի մենեջմենթի համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել