Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ձեռքով՝ երկու նվագախումբ

Փետրվար 07,2002 00:00

Մի ձեռքով՝ երկու նվագախումբ Փետրվարի 9-ին «Սերենադ» կամերային նվագախումբը կմեկնի Գերմանիա, որտեղ հանդես կգա 15 համերգներով։ «Սերենադի» եւ ՀՖՆ-ի տնօրեն Դավիթ Թերզյանի հետ զրուցեցինք մինչ մեկնումը:- Ասում են, թե «Սերենադը» տարին տասներկու ամիս հրավիրվում է Գերմանիա: – Սկսած 1992-ից, «Սերենադը» համերգներով պարբերաբար հանդես է եկել Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Հունաստանում, Շվեյցարիայում, Ավստրիայում՝ մասնակցելով միջազգային փառատոների։ Այո, Գերմանիայում լինում ենք հաճախ։ Սա բացատրվում է նրանով, որ մեր նվագախումբը, պարզապես, հայտնի է Գերմանիայում եւ այնտեղ ունենք մեր ներկայացուցիչները, բարեկամները, ովքեր անշահախնդիր կազմակերպում են «Սերենադի» հյուրախաղերը տարբեր քաղաքներում։ Այսպես. Բարբարա Հունկեն՝ Լյուբեկեում, Կորնելիա Շվանգելը՝ Հանովերում… Moderscheim Artists Management հայտնի ընկերությունն էլ է զբաղվում մեր հյուրախաղերով։ – Ճիշտ է ասված՝ «վպ ՌՎպռ րՑՏ Րցոսպռ, Ո ՌՎպռ րՑՏ ՊՐցջպռ»։ Երեւի նշված երկրներից առավել հիշարժան են «Սերենադի» ելույթները Գերմանիայում։ – Այո, չեմ թաքցնի, այդպես է։ Առանձնահատուկ պետք է նշեմ մեր համերգները Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, ֆլեյտահար Էմանուել Պահուդի մասնակցությամբ, Համբուրգի Musikhalle-ում։ – Պետք է ենթադրել, որ Ձեր մի ոտքը «Սերենադում» է, մյուսը՝ ՀՖՆ-ում։ – Իմ ոտքերը իրենց տեղում են։ Իմ գործը նվագախմբերում աշխատանքային նորմալ պայմաններ ստեղծելն է։ Հաճույքով եմ աշխատում եւ պատկերացրեք, չեմ զգում, թե աշխատանքային օրը ինչպես է անցնում։ Մարդը պետք է սիրի իր աշխատանքը եւ իրեն ամուր զգա աշխատատեղում։ – Երկու նվագախմբերում էլ կլինեն դեպքեր, ինչու չէ՝ դեմքեր, որոնց հետ աշխատելը, ուզեք թե չուզեք, բարդ է։ – Կատարյալ ոչինչ չկա, չկա նաեւ անթերի մարդ։ Կան բարդ մարդիկ, որոնց հետ դժվար է աշխատելը, բայց հանրահայտ ճշմարտություն է, որ արվեստագետները պատկանում են երազող մարդկանց դասին։ Աշխատում եմ նրանց նուրբ մոտենալ։ Այս կամ այն հարցն ուղղելուց առաջ մտածում եմ՝ հարցադրումն այնպես անել, որ ճիշտ ընկալվի։ Երկու նվագախմբերում էլ աշխատում են կոնսերվատորիան ավարտած բարձրակարգ երաժիշտներ։ Այնպես որ, նրանց պետք է հարգել եւ պահպանել։ Երաժիշտների եւ իմ միջեւ ստեղծվել են մտերմիկ հարաբերություններ։ Պարզ կամ բարդ որեւէ հարցի լուծման առիթով նրանք իմ կողքին են։ Օրինակ, «Սերենադի» կոնցերտմայստեր Արամ Ասատրյանը, ՀՖՆ-ի կոնցերտմայստեր Յուրի Պողոսյանը, տեսուչ Եվգենի Նոնինյանը… – Երբեմն «Սերենադը» եւ ՀՖՆ-ն հանդես են գալիս մեկ կազմով։ – Այո, 2000 թվականին «Սերենադից» եւ ՀՖՆ-ից կազմված միացյալ նվագախումբը, իհարկե ոչ ամբողջական կազմով, հիանալի հանդես եկավ Բադ-Ֆյուսսինգի եւ 2001-ին՝ Բեռլինի Young Euro Classic միջազգային փառատոներում։ – Ո՞րն է, որպես նվագախմբի տնօրեն՝ Ձեր դավանանքը։ – Չէի ասի, թե այդ դավանանքը հատուկ է միայն ինձ։ Ես արվեստասեր եմ, եւ գրեթե արվեստագետ։ Իսկ բոլոր արվեստագետների նպատակը նույնն է՝ մարդկայնացնել մարդուն։ Այս առումով՝ բոլոր արվեստագետները հավատակից եղբայրներ են։ Հավատակից են մեր երկու նվագախմբերի թե երաժիշտները, թե աշխատակիցները։ Միայն տարբեր են այդ նպատակին տանող ուղիները, որոնք, հավատացեք՝ անթիվ-անհամար են։ Մենք ընտրել ենք այն ուղին, որը հարթ է, մաքուր եւ աշխատում ենք ունկնդրին հրամցնել բարձր արվեստ։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել