Այս խղճուկ բառապաշարով, բայց մեծ սրտով «Բարոյական արժանիքներով օժտված, աշխատանքային եւ քաղաքական գործունեության մեջ չվարկաբեկված» Մանվել Բադալյանի ղեկավարած Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը (ՀԵԱԽ) երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու իր հերոսական անցյալը եւ երազելու փառապանծ ապագայի մասին։ Բայց քանի որ «Առավոտի» «գրչակներս» չենք տիրապետում «արդի գրական հայերենի բառապաշարին», չենք համարձակվում մեր «չորրորդ կարգի հրապարակումներով» պղծել Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի անբասիր գործունեությունը։ Այնպես որ, գիտակցաբար մեզ զրկում ենք ՀԵԱԽ-ի մեկ տարվա աշխատանքը հասարակությանը ներկայացնելու մեծագույն պատվից։ Փոխարենը, ամենայն պատկառանքով կմեջբերենք հատվածներ ՀԵԱԽ-ի հայտարարությունից։ Վերը բերված չակերտավորված խոսքերը եւս այդ հայտարարությունից են, ինչն անտարակույս կռահեցիք արդի հայերենի անթերի գործածությունից։ Մեղքի խոր գիտակցումով ընդունում ենք, որ մեր պանծալի ՀՀ նախագահի հանդեպ չենք տածում այնպիսի ջերմ զգացմունքներ, ինչպես ՀԵԱԽ-ն եւ չենք գնահատում, որ Մանվել Բադալյանին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ նշանակելը Ռոբերտ Քոչարյանի կադրային քաղաքականության ամենափայլուն նվաճումն է։ Սակայն ավելի լավ է մեջբերենք դասականներից, տվյալ դեպքում ՀԵԱԽ հայտարարությունից. «ՀՀ նախագահի այս նշանակումը իսկապես կարելի է համարել հեղափոխական, կադրային քաղաքականության հաջողություն, երկրի կառավարման համակարգը երիտասարդացնելու եւ թարմացնելու երաշխիք։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ որոշ ուժեր կցանկանային այստեղ տեսնել հասարակությանը «հայտնի», գորշ անցյալ ունեցող անձանց, որպեսզի հեշտ լիներ հերթական անգամ քննադատել իշխանություններին։ Բայց հոգ չէ։ Ի՞նչ կարեւոր են բարոյական նորմերը, որտե՞ղ է «արդի գրական հայերենի» իրենց բառապաշարը, կարելի է հորինել առասպելներ եւ հասարակությանը ներկայացնել մտավորականների թշնամիների կամ փքված չինովնիկների կերպարներ։ Երիտասարդական հասարակական կազմակերպությունների այս հայտարարությունը պատասխան է ինչ-ինչ քաղաքական ուժերի հերյուրանքներին եւ «Առավոտի» ու «Չորրորդ իշխանության» գրչակների չորրորդ կարգի հրապարակումներին»։ Երիտասարդների պետականամետ (հանկարծ չմտածեք թե իշխանամետ) մտածողությունը պարզապես հիացնում է։ Բայց ավելի լավ է դարձյալ մեջբերենք դասականին. «Սա երիտասարդության մի ստվար մասի ձայնն է ի պաշտպանություն բարոյական նորմերի եւ պետականաշինության։ Արժեքներ, որ վերջին տասնամյակում խարխլվել են, բայց մեզ համար առաջնային են եւ անվիճելի։ Այսօր մենք հայտարարում ենք, որ այսուհետ եւս հետամուտ ենք լինելու մեր երկրում, որի տերերը մենք ենք լինելու, բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման, կառուցողական պետականամետության (ոչ թե իշխանամետության) եւ երկրի զարգացման գործընթացներին»։ Բայց ամենասարսափելին երիտասարդ ակտիվ մարդկանց սպառնալիքն է. «Մենք ենք կառուցելու մեր երկրի ապագան»։ Միայն մի փոքր անհանգիստ ենք, թե ինչպես են մեր երկրի ապագա տերերը իրականացնելու իրենց վերոհիշյալ իղձերը, եթե հավաստիացնում են, որ «քաղաքականությամբ չեն զբաղվելու, իրենց համախմբել է միայն երիտասարդ լինելը»։ Սույն հանգամանքն առավել զարմանալի է, եթե նկատի ունենանք, որ ՀԵԱԽ-ը միավորում է մոտ հինգ տասնյակ երիտասարդական կազմակերպություններ, այդ թվում՝ քաղաքական տարբեր կուսակցությունների երիտասարդական թեւերին՝ ՀՀՇ-ից մինչեւ ՀՅԴ։ Այնուամենայնիվ, չենք կասկածում, որ հանուն մեր երկրի ապագայի կերտման սուրբ գործի, երիտասարդները պատրաստ են համախմբվել եւ լինել պետականամետ՝ ի հեճուկս մայր կուսակցությունների՝ քաղաքական ասպարեզում թափած դառը քրտինքի։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ