ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ԿԱՐԿԱՏԵԼՈՒ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը երեկ շարունակվեց Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ-փաստաբանի՝ Տիգրան Ջանոյանի հարցերով՝ ուղղված առ… ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը։ Վերջինս «մեծ պատիվ համարեց» հանրաճանաչ փաստաբանի հետ առնչվելը։ Այս միտքը իր հետագա զարգացումը ստացավ մեղադրող Արմեն Հարությունյանի հարցերից մեկում. «Պատի՞վ է, որ ամբաստանյալ եք»։ Ամբաստանյալը շարունակեց. «Ոչ թե պատիվ համարեցի, որ ամբաստանյալ եմ, այլ ասացի, որ պատիվ էր, որ Ջանոյանի նման անձնավորությունը գործ ունի ինձ հետ։ Նույնը կարող եմ ասել ձեզ համար, եթե խանդում եք»։ Մի տարօրինակ արտահայտություն էլ թույլ տրվեց նախագահող դատավորի կողմից։ Երբ փաստաբան Ջանոյանը փորձում էր ամբաստանյալից ճշտել, թե ինչպես է ընտրվել դեպքի վայրը, գործողության օրը, ինչպես է ամբաստանյալը տվել իր համաձայնությունը, Է. Գրիգորյանը չհամաձայնեց այդօրինակ հարցադրմանը, իսկ դատավոր Ս. Ուզունյանն էլ փորձեց «նեղ վիճակից» հանել ամբաստանյալին՝ ասելով բառացիորեն հետեւյալը. «Դուք մի մտածեք, որ Տ. Ջանոյանը մեղադրանքն է պաշտպանում…»։ Ինչպես գիտեք, տուժողների ներկայացուցիչները եւ մեղադրողները մեղադրանքի կողմ են ճանաչված եւ այդ դեպքում խիստ մտահոգիչ է դառնում այսօրինակ վրիպումը։ Հիմա էլ հարցը մենք տանք՝ իսկ ի՞նչն է պաշտպանում տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչը… Ի դեպ, ամբաստանյալին փաստաբան Տ. Ջանոյանը հարցեր էր տալիս միայն մեղադրականից, ի տարբերություն իր գործընկերների, չվկայակոչելով ամբաստանյալների նախաքննական եւ դատաքննական ցուցմունքները։ Ամբաստանյալ Է. Գրիգորյանը Սարգսյանների ներկայացուցչի հարցին, թե Ն. Հունանյանը նրա միջոցով փորձել է հավաքագրել Արթուր Բարսեղյանին, իրականությանն անհամապատասխան համարեց։ Ամբաստանյալը չպատասխանեց («չեմ կարող ասել որտեղից»), թե ինչպես են ձեռք բերվել 4 նռնակները, 2 պայթունակ փաթեթները, ռազմամթերք հանդիսացող նյութերը։ Փաստաբան Ջանոյանը փորձեց ճշտել գոնե այն հանգամանքները, որում ձեռք էր բերվել ԱԺ-ում օգտագործված զենքը։ Սակայն դա էլ նրան չհաջողվեց։ Ամբաստանյալը հաճախ ապավինում էր. «Դա իմ պաշտպանական մարտավարությունն է» կամ՝ «չեմ ուզում առաջ ընկնել» արտահայտություններին, որում այնքան առաջ գնաց, որ պայման դնելու նման առաջարկեց, որ ինքը ցուցմունքներ կտա այն ժամանակ, երբ ցուցմունքներ կտան տուժողներն ու մնացած ամբաստանյալները։ Անշուշտ, հասկանալի է ցուցմունքներ կարկատելու վերոնշյալ մարտավարությունը։ «Մարդիկ կգան, ինձ պետք չէ պաշտպանել, ինձ լրիվ բավարար է, որ նրանք ճիշտ խոսեն»,- շարունակեց ամբաստանյալը։ Է. Գրիգորյանը ԱԺ-ում հայտնվելը բացատրեց ոչ թե, որ շեղվել էր ծրագրից եւ ինքնակամ գործողությունների դիմել, այլ գիտական մի ամսագրի (ստացել էր մեկուսարանում 2000թ. հոկտեմբերին) հրապարակման մեջ արտահայտված փոխօգնության «վարքաբանությամբ»։ «Ես, իրոք, չեմ կողմնորոշվել, թե ինչ անել։ Իմ ներս գնալը պայմանավորված էր փոխօգնությամբ»։ Է. Գրիգորյանը երեկ նույնպես պնդեց, որ Ն. Հունանյանին ինքը ընդունել է իբրեւ լիդեր եւ Եվպատորիայից նրա վերադառնալուց հետո որեւէ վիճարկելի բան չի տեսել նրա վարքում։ Ի դեպ, ներկայանալով իբրեւ 20 տարվա ամենամտերիմ ընկեր, երբ պատասխանեց մեղադրողի հարցին, թե որպես ընկեր այցելե՞լ եք Հրաչիկ Հունանյանին (երբ նա Ղրիմում էր), ամբաստանյալը պատասխանեց, որ մի քանի անգամ զանգահարել է հեռախոսով։ Այն հարցին, թե ինչու 1996թ. սեպտեմբերի 26-ի ԱԺ հայտնի դեպքերը հաջողությամբ չպսակվեցին, Է. Գրիգորյանը պատասխանեց այսպես. «Մասնակիցներից պետք է հարցնել, դիտորդի կարգավիճակում եմ եղել»։ Մեղադրողը հարցրեց, թե 96-ին ամբաստանյալի հորեղբայրն ի՞նչ պաշտոն ուներ, նա պատասխանեց, որ հորեղբայրը չէր աշխատում։ Խոսքը առեւտրի նախկին նախարարի մասին էր։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ