Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարան չունեն

Փետրվար 07,2002 00:00

Բնակարան չունեն Անօթեւան մնալու սպառնալիքի տակ հայտնված Իրինա Խաչատրյանի հինգ անչափահաս երեխաները մանուկներին հատուկ միամտությամբ ժպտում էին, երբ իրենց լուսանկարում էր մեր աշխատակիցը։ Հունվարի 29-ին երեխաների հետ «Առավոտի» խմբագրություն այցելած կինն իր դարդն ու ցավը պատմելուց հետո շտապում էր նստացույցի՝ ՀՀ կառավարության շենքի առջեւ։ Ամուսիններ Կարապետ Առաքելյանի եւ Իրինա Խաչատրյանի բազմանդամ ընտանիքը սեփական բնակարան չունենալու պատճառով երկար ժամանակ բնակվել է վարձով։ Կնոջ պատմելով, բնակարանի տանտերն անսպասելի պահանջել է, որ 15 օրվա ընթացքում բնակարանն ազատեն։ Անակնկալ կերպով դրսում հայտնված ընտանիքն այլ գնալու տեղ չունենալով, 1998-ին տեղափոխվել է «Երտեքս» ԲԲԸ-ին (նախկինում նուրբ բրդյա գործվածքների կոմբինատ) պատկանող հանրակացարան եւ անօրինականորեն զբաղեցրել թիվ 8/27, 8/29 սենյակները։ Ի. Խաչատրյանի խոսքերով. «Հիմնական բնակարան չունենք։ Ոչ ես, ոչ ամուսինս ոչ մի տեղ գրանցված չենք։ Իմանալով, որ այդ հանրակացարանում ազատ սենյակներ կան, դրսում չմնալու համար ստիպված զբաղեցրել ենք։ Հարեւաններից ոմանք անընդհատ բողոքում են, ուզում են մեզ վտարել, որպեսզի սենյակները վերցնեն»։ Նկատենք, որ Գ. Նժդեհի 56ա հանրակացարանը գտնվում է Շենգավիթի համայնքի հաշվեկշռում։ Ըստ Ի. Խաչատրյանի, 2000թ. դիմել են Շենգավիթի թաղապետարան՝ թիվ 8/27 եւ 8/29 սենյակներն օրինականացնելու խնդրանքով։ Թաղապետարանում հրաժարվել են նշված սենյակները հատկացնել նրանց ընտանիքին՝ պատճառաբանելով, որ չեն հանդիսանում համայնքի բնակիչներ, գրանցում չունեն այդ համայնքում եւ հերթագրված չեն որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր։ Ամուսինների կողմից թաղապետարան հասցեագրված մի դիմումի կապակցությամբ էլ «Շենգավիթ» ՓԲԸ գործադիր տնօրեն Հ. Սահակյանը գրավոր պատասխանել է. «Քանի որ կա վիճելի հարց թիվ 8/29 սենյակը ձեր կողմից ինքնակամ զբաղեցնելու վերաբերյալ, ուստի հնարավոր չէ հարցը կարգավորել առանց իրավապահ մարմինների միջամտության»։ Հետեւելով Հ. Սահակյանի խորհրդին, հարեւանների կողմից անընդհատ շարունակվող բողոքներին վերջ տալու եւ սենյակներն օրինականացնելու համար Ի. Խաչատրյանը հայցով դիմել է Շենգավիթի համայնքի 1-ին ատյանի դատարան։ Խնդրել է, որ դատարանը հաշվի առնի ամուսինների եւ հինգ անչափահաս երեխաների այլ բնակվելու տեղ չունենալու եւ շուրջ չորս տարի այդ սենյակներում բնակվելու հանգամանքները, ճանաչի բնակարանների օգտագործման իրավունքը՝ թիվ 8/27 եւ 8/29 սենյակների նկատմամբ։ Կնոջ խոսքերով, դատարանը մերժել է հայցը՝ «բողոքող կողմը թող դատարան դիմի» անհասկանալի պատճառաբանությամբ։ «Առավոտի» հեռախոսազանգին Շենգավիթի թաղապետարանի քարտուղար Արբակ Աբրահամյանը տվեց նույն պատասխանը, ինչն արդեն խմբագրությունում պատմել էր Ի. Խաչատրյանը։ Ա. Աբրահամյանի խոսքերով. «Չնայած ամուսինները գրանցված չեն Շենգավիթի համայնքում եւ նշյալ սենյակների համար համապատասխան փաստաթղթեր չունեն, սակայն հաշվի առնելով այդ ընտանիքի անապահով վիճակն ու բազմանդամ լինելը, թաղապետի գիտությամբ մենք աչք ենք փակել եւ որեւէ մեկը չի փորձել նրանց այդ հանրակացարանից վտարել»։ Ա. Աբրահամյանը նաեւ ավելացրեց, որ ամուսինների կողմից զբաղեցրած սենյակներից մեկի բնակիչները ժամանակավորապես բացակայում են եւ դեռ որոշակի իրավունքներ ունեն այդ բնակարանի նկատմամբ։ Իսկ «Առավոտի» այն հարցին, թե հաշվի առնելով Ի. Խաչատրյանի ընտանիքի անօգնական վիճակը, որեւէ բանով թաղապետարանը կօգնի՞ նրանց, պրն Աբրահամյանը Ի. Խաչատրյանին նախեւառաջ խորհուրդ տվեց ՀՀ կառավարության շենքի առջեւ նստացույց անելու փոխարեն այցելել Շենգավիթի թաղապետարան։ Նրա խոսքերով. «Նման իրավիճակից ելնելով, Շենգավիթի համայնքի ավագանին հնարավորության սահմաններում կաշխատի հարցին լուծում տալ։ Որ գոնե ընտանիքն իր բնակելի տարածքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերի»։ Նյութի հրապարակումից հետո «Առավոտը» հետեւողական կլինի մեր օրերում հազվադեպ բազմանդամ ընտանիքի «ոչ հազվադեպ» ճակատագրի նկատմամբ։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել