Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՍԸ ՎՃԱՐԻ՝ ՄԵԿ ԿՏՐԻ

Փետրվար 07,2002 00:00

ՏԱՍԸ ՎՃԱՐԻ՝ ՄԵԿ ԿՏՐԻ Ճիշտ հանրապետության եւ մայրաքաղաքի բնակչության նման՝ Երեւանի կանաչ տարածքներն էլ 1992-93թթ. սկսած՝ քչանում ու քչանում են։ Եթե բնակչության նվազմամբ իշխանություններն առանձնապես մտահոգ չեն, ապա կանաչ տարածքներով լավ էլ հետաքրքրվում են։ Կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ հետաքրքրված են կամ իշխանությունները, կամ իշխանավորները, ծայրահեղ դեպքում՝ վերջիններիս ազգական-հովանավորյալները։ Որովհետեւ հետաքրքրվածության ամեն մի դրսեւորմանը հետեւում է այդ կանաչ զանգվածների հերթական ոչնչացումը։ Երբեմն էկոլոգիական ուղղվածության որոշ ՀԿ-ներ սկսում են պայքարել՝ փրկելու սրճարանի կամ հյուրանոցի զոհաբերվող որեւէ գազոն եւ միշտ տանուլ են տալիս. ուժերն են անհավասար։ Այս ամենով հանդերձ, նույնիսկ բնապահպաններն են գտնում, որ քաղաքը անշարժ էակ չէ. այն զարգանում, փոխվում է։ Դա նշանակում է, որ զարգանում, փոխվում է քաղաքի տնտեսությունը, դրանով պայմանավորված՝ նաեւ քաղաքաշինությունը։ Սակայն այս պրոցեսները պետք է խստագույնս վերահսկվեն, որպեսզի շրջակա միջավայրին չհասցվի այն վնասը, ինչը մեզ մոտ է արվում։ Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ռոմիկ Կոսեմյանը գտնում է, որ պատժամիջոցները (բնությանը հասցված վնասի համար- Ա.Գ.) պետք է լուրջ լինեն։ Եթե մեկ ծառ կտրելու համար քաղաքացին տուգանվի, ասենք, 500 դոլարի չափով, նրան հաստատ ձեռնտու չի լինի կտրել այդ ծառը՝ ոչ այրելու, ոչ այլ նպատակներով։ Այս դեպքում, մենք կարծում ենք, որ պատժամիջոցի խստացմանը զուգահեռ կարող են աճել դրանից խուսափելու համար տրվող «մաղարիչները»։ Պրն Կոսեմյանը հակառակ երեւույթի համար էլ կանոնակարգման անհրաժեշտություն է տեսնում։ Մասնավորապես նա հիշեց մի դեպք, երբ չորացած ծառը կտրելու եւ դրա տեղում կրպակ դնել ցանկացողը պատրաստակամություն է հայտնել նաեւ փոխհատուցում վճարել։ Սակայն այդ մեխանիզմը մեզ մոտ գոյություն չունի։ Հակառակ դեպքում, քաղաքացու մուծած գումարը կարող էր փոխանցվել արդեն իսկ ստեղծված Էկոլոգիական հիմնադրամ, եւ դրանով հետագայում քաղաքի մեկ այլ հատվածում կանաչապատման աշխատանքներ կարող են արվել։ Նշենք, որ փոխհատուցման մեխանիզմի բացակայությունը մեզ մոտ ամենեւին էլ չի նշանակում, որ չեն կտրվում չոր ու կանաչ ծառերը։ Լավ էլ կտրվում են՝ թույլտվությամբ, թե առանց դրա։ Ուղղակի այդ հատումների դիմաց փոխհատուցում չի լինում։ Քաղաքում կարող են իրականացվել նաեւ խոշոր ծրագրեր, որոնք բնությանը որոշակի վնաս են հասցնում։ Նախ, այդ վնասը պետք է որոշակի սահմաններ չգերազանցի, գտնում է Ռ. Կոսեմյանը։ Հետո էլ, այդ վնասն անպայման պետք է փոխհատուցվի։ Այդպես է հնարավոր պահել մեկ բնակչի հաշվով կանաչ զանգվածի բալանսը։ Վարչության պետի տվյալներով, Մոսկվայում յուրաքանչյուր ծառահատումն «արժե» 1000 դոլար։ Եթե մեր օրենսդրությունում ինչ-որ բան էլ ասվում է կանաչ զանգվածի մասին, ապա՝ հիմնականում անտառային գոտիների, այսինքն բնական անտառների վերաբերյալ։ «Քաղաքային կանաչ գոտիների վերաբերյալ հստակ մեխանիզմներ չկան»,- ասում է Ռ. Կոսեմյանը։ Վերջինիս կարծիքով, անհրաժեշտ է նաեւ քաղաքի կանաչ գոտիների համար պատասխանատու մի մարմնի գոյությունը։ Այսօր այդ պատասխանատվությունը բաժանված է. բնապահպանության նախարարությունը անտառային գոտիների համար է պատասխանատու, քաղաքապետարանը՝ քաղաքային նշանակության, համայնքապետարանները՝ համայնքային նշանակության կանաչ զանգվածների համար։ Սակայն կանաչ գոտին մեկ միասնական համալիր է, հետեւաբար եւ քաղաքականությունը միասնական պետք է տարվի։ Թեեւ, կարծում ենք, որ այդ միասնական քաղաքականությունը կարող է նախարարությունը մշակել եւ ինքն էլ այն կատարել, այն կատարելու ուղարկել նաեւ քաղաքապետարան-թաղապետարաններին էլ։ Քաղաքի կանաչ գոտիների օգտագործման կարգ մշակվել է մի քանի ամիս առաջ։ Եվ վերոշարադրյալ նկատառումները տեղ են գտել այդ կարգի մեջ, հավաստիացնում է Ռ. Կոսեմյանը։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել