Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՐՀՈՒՐԴ ՏՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ

Փետրվար 07,2002 00:00

ԱԱ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՐՀՈՒՐԴ ՏՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ Ազգային անվտանգության համապատասխան վարչությունը հայրենիքի դավաճանության եւ լրտեսության մեղադրանքներով քրեական գործ է հարուցել ՀՀ քաղաքացու դեմ։ Արդյոք այլ մեղադրյալներ կամ կասկածյալներ ե՞ւս ներգրավված են։ Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի վերոհիշյալ հարցին, ԱԱ փոխնախարար Գ. Գրիգորյանը խորհուրդ տվեց սահմանափակվել այն հաղորդագրությամբ, որը մամուլում եղել է։ Փոխնախարարի ասելով՝ ավելին ոչ ոք այս պահին չի կարող ասել։ Սակայն մամուլում եղել է նաեւ հստակ անուն։ Ճի՞շտ է այդ անունը։ Խոսքը Մուրադ Բոջոլյանի մասին է։ Փոխնախարարն անդրդվելի էր. «Մեր հաղորդագրության մեջ անուն չի եղել եւ պետական շահերը այսօրվա դրությամբ թելադրում են, որ անունը չտրվի»։ Պրն Գրիգորյանը չասաց նաեւ այն քննիչի անունը, որը նախաքննության մարմնի ղեկավարն է. «Անկեղծ եմ ասում, չգիտեմ, կարիք չկա, այդ հարցով մի խորացեք»։ Իսկ մեղադրանք առաջադրելու համար ապացույցները բավարար են համարվել. «Դուք հավատո՞ւմ եք այսօրվա դրությամբ առանց ապացույցների մեղադրանք առաջադրվի, բացառած է այսօր»։ Վերջին տասը տարում հայրենիքի դավաճանության եւ լրտեսության մեղադրանքներով քրգործ չի հարուցվել։ Պատճառը ո՞րն է՝ ԱԱ մարմիններն են մինչ այդ վատ աշխատե՞լ, թե՞ պարզապես լրտեսությունը եւ դավաճանությունը միասին չեն եղել. «Եկեք մարմիններին վատ-լավ չասենք։ Հայտնաբերվել է, ուրեմն դա ԱԱ մարմինների այսօրվա լավ աշխատանքի արդյունք է։ Իսկ սրան տարիներով ենք եկել, ոչ թե միանգամից ստացվել է»։ Միակ ռեալ ինֆորմացիան, որ հնարավոր եղավ իմանալ փոխնախարարից, այն էր, որ բաց դատավարություն կլինի։ Վերջում Գրիգորի Գրիգորյանը խորհուրդ տվեց լրագրողներին, իրենց ունեցած կարեւոր ինֆորմացիան ոչ թե տպագրել մամուլում, այլ պարզապես ներկայանալ եւ հայտնել անվտանգության մարմիններին։ Առաջին փոխնախարարը համոզված է, որ (ի դեպ, նման համոզմունք ունի առաջին հերթին նախարարը՝ Կառլոս Պետրոսյանը) յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է այդպիսով աջակցել պետության անվտանգությանը։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել