Լրահոս
Օրվա լրահոսը

Դիակապտողները

Փետրվար 07,2002 00:00

Դիակապտողները Վազգեն Սարգսյանի մասով քրգործի նախաքննությունը շարունակելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արամ Թամազյանի որոշման մեջ մասնավորապես նշված էր, թե այդ մասով անհրաժեշտ է լրացուցիչ հարցաքննել Սեյրան Ավագյանին եւ Շավարշ Քոչարյանին՝ հետո հանգել վերջնական հետեւության։ Ի՞նչ են ասել այս երկու պատգամավորները նախաքննության ընթացքում, որ անհրաժեշտ էր վերացնել քրգործի այս մասով կարճումը եւ նորից հարցաքննել նրանց։ Որեւէ ցուցմունք տվե՞լ են, որ կարող է լույս սփռել «Գնդապետների գործում» Վազգեն Սարգսյանի եւ մյուսների դերակատարության վրա. մեր այս հարցին ի պատասխան՝ Սեյրան Ավագյանն ասաց. «Այդ հարցով ինձ մինչեւ հիմա չեն դիմել, եւ չեմ կարծում, թե այսուհետ կդիմեն։ Ինձ հարցաքննել են 1996 թ. սեպտեմբերի 26-ին ԱԺ-ում կատարված դեպքերի առնչությամբ, որտեղ Վազգեն Սարգսյանը դերակատարություն չուներ»։ Նույնը հավաստեց եւ Շավարշ Քոչարյանը, սակայն նաեւ նշեց. «Վազգեն Սարգսյանի առնչությամբ իմ հարցադրումները վերաբերել են միայն ՍԴ-ին, 1996-ի ընտրությունների արդյունքները զանգվածայնորեն կեղծվելու առնչությամբ»։ Ըստ այդմ, առնվազն անհասկանալի է, թե ինչու են այս երկու անձանց անունները հայտնվել Վազգեն Սարգսյանի մասով քրգործի նախաքննությունը շարունակելու որոշման մեջ։ Իսկ ինչպե՞ս են նրանք գնահատում դատախազության այս գործելակերպը՝ անարձագանք թողնել իշխանավորներին առնչվող ահազանգերը եւ միայն նրանց պաշտոնանկությունից կամ մահվանից հետո ընթացք տալ դրանց։ «Կարծում եմ, որ արդարադատությունն իրականացնող մարմինները պիտի միշտ էլ կարողանան իրենց մեջ ուժ գտնել բոլոր հարցերը ժամանակին քննարկելու եւ լուծում տալու, որպեսզի դրա հետեւանքները հասարակության համար ծառայեն իրենց նպատակին»,- ասաց Սեյրան Ավագյանը։ Իսկ Շավարշ Քոչարյանի գնահատականն այս էր. «Սա բարոյական չեմ համարում։ Երեւի ունեմ այդ գնահատականը տալու իրավունքը, քանի որ Վազգեն Սարգսյանի պաշտոնավարության օրոք ես հրապարակայնորեն բազմիցս անդրադարձել եմ ե՛ւ նրա գործունեությանը, ե՛ւ այն քայլերին, որ, իմ կարծիքով, անընդունելի էին։ Բայց եթե հիմա ինձ փորձեն ներքաշել նման որեւէ քրեական գործի մեջ, որպեսզի ցուցմունք տամ՝ ես, բնականաբար, կհրաժարվեմ»։ Մեր կողմից նշենք, որ դատախազությունն իր այս պահվածքով շատ է նմանվում Կարեն Հունանյանին, որ միայն անշնչացած մարդուն հարվածելու եւ «Սրանի՞ց էիք վախենում» գոռալու «քաջությունն» ունեցավ։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել