«27»-Ի ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ Հարցազրույց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ -Հակառակ պաշտոնական այն պնդումների, թե Գլխավոր դատախազությունը մասնավորապես՝ Ազգային հերոս, նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի «դեմ կամ նրա մասնակցությամբ կատարված որեւէ արարքի կապակցությամբ քրգործ չի հարուցել», այդուհանդերձ, օրեր առաջ պարզ դարձավ ավելին. քրգործ, այնուամենայնիվ, կա եւ այն ոչ միայն կարճված չէ, այլ գլխավոր դատախազի որոշմամբ այդ մասով նախաքննությունը շարունակվելու է: – Ընդհանուր առմամբ լավ երկրում, նորմալ պետությունում օրենքը բոլորի, ներառյալ՝ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի համար է: Բայց ես ուզում եմ այդ խնդրի մյուս կողմն էլ նայել՝ ինչո՞ւ հենց հիմա: Կարելի էր նման բան մտածել եւ անել Վ.Սարգսյանի կենդանության ժամանակ, բայց ոչ հիմա, առավել եւս, երբ ընթանում է մեր պետության կենսական շահերին առնչվող «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը: Իմ գնահատմամբ, այդ պայմաններում Վ.Սարգսյանի դեմ քրգործի հարուցումն ակնհայտորեն կապված է նաեւ «27»-ի շարունակվող դատավարության հետ: Այսինքն, այդ կերպ փորձ է արվում արդարացնել Ն.Հունանյանի արարքը, եւ դա անում են իշխանությունները՝ ֆիքսելով, որ իրենց եւ Ն.Հունանյանի մոտեցումները «27»-ի հարցում նույնն են: Չեմ զարմանում: Այսպես Վ.Սարգսյանին կարող են, ասենք, մեղադրել նաեւ ժամանակին եռամսյա հավաքներ կազմակերպելու մեջ. գտնել մարդկանց, ովքեր խուսափում էին այդ հավաքներից եւ ովքեր կբողոքեն, թե իրենց բռնում-տանում էին երկիրը պաշտպանելու: Բայց բանն այն է, որ նույնիսկ այն մարդկանց մեծամասնությունը, ովքեր, իշխանությունների ասելով, 95-ին կամ 96-ին տուժել են իրենց դեմ կատարված ոտնձգություններից, բարոյական չի համարում այսօր Վ.Սարգսյանին հետմահու մեղադրանքներ առաջադրելն ու նրա դեմ ցուցմունքներ տալը: Դա միայն մեր «բարի» եւ «ոչ թունավոր» իշխանությունների բարոյականության շրջանակներում է տեղավորվում: – Ի՞նչ եք կարծում, տարօրինակ չէ՞, որ Ձեր վկայակոչած մարդիկ եւ տուժող ներկայացվողները, ովքեր դեռ մի քանի տարի առաջ եւ ժամանակին են պահանջել անդրադառնալ 95-ի եւ 96-ի դեպքերին, ովքեր ժամանակին նույն Վ.Սարգսյանի ընդդիմախոսներն են եղել, այսօր նրան մեղադրանքներ առաջադրելն անբարո են համարում, իսկ ահա Վազգենին իրենց «ընկեր» կամ «եղբայր» անվանած Ս.Սարգսյանն ու Ռ.Քոչարյանը հիմա, ըստ էության, ողջունում են այդ «շքահանդեսը»: – Նրանք ուղղակի բացում են իրենց դեմքը: Մի բան է ասելը, այլ՝ գործողությունները: Այո, գործի նախաքննությունը վարում է Գլխավոր դատախազությունը, բայց ես երբեք չեմ հավատա, որ նա ինքնուրույն է որոշել քրգործ հարուցել Ազգային հերոս Վ.Սարգսյանի դեմ՝ առանց իշխանությունների հետ խորհրդակցելու, եթե չասեմ՝ առանց նրանց ուղղորդման: Վստահ եմ, որ դատախազության որեւէ քննիչ այդ գործը հաճույքով չի անում: – Երբ դատապարտեցին ղարաբաղյան պատերազմում մեծ ներդրում ունեցած Ազգային հերոս Սամվել Բաբայանին եւ նրա կոչումներն ու շքանշանները ետ վերցվեցին, հասարակության մեջ եղան մարդիկ, ովքեր կարծիք հայտնեցին, թե մեր պետության ու հասարակության արժեքային համակարգում, այնուամենայնիվ, ինչ-որ բան այն չէ: Հիմա փորձ է արվում դատապարտել մեկ այլ հերոսի՝ բանակի հիմնադիր, մեր տարած փայլուն հաղթանակների համահեղինակ Վ.Սարգսյանին: Ի՞նչ եք կարծում, մեր արժեքային համակարգում, իրո՞ք, ինչ-որ բան այն չէ: – Համեմատության համար ասեմ, որ Ս.Բաբայանին մեղադրել են գոնե իր կենդանության օրոք, իսկ Վ.Սարգսյանին՝ հետմահու: Այդ իմաստով տարբերությունը մեծ է: Բացի այդ, ամենասարսափելին այն է, որ Վ.Սարգսյանի նկատմամբ այդ անում են միաժամանակ ե՛ւ նրան սպանած ոճրագործը, ե՛ւ իշխանությունները: Նրանց կարծիքները «27»-ի հետ կապված, փաստորեն, համընկնում են: Այդ իմաստով, մեր արժեքային համակարգն, իսկապես, այն չէ: Իսկ ընդհանուր առմամբ, կրկնում եմ, բոլորը՝ Ազգային հերոսներ Ս.Բաբայանը, Վ.Սարգսյանը, նաեւ՝ այսօրվա իշխանությունները օրենքի առաջ նորմալ պետությունում պետք է հավասարապես պատասխանատու լինեն, բայց՝ ոչ հետմահու: Ու նույնիսկ այդ դեպքում դատողները պետք է դատելու իրավունք ու դրա համար բարոյականություն ունենան: Ես չեմ կարծում, որ այս իշխանությունները Վազգենին դատելու իրավունքն ունեն իրենց բարոյականությամբ ու կեցվածքով: Չեմ կարծում նաեւ, թե այս իշխանությունները Վ.Սարգսյանից լավն են կամ այն ժամանակ նրա կատարած քայլերին, եթե եղել են այնպիսիք, որոնք ենթակա են պատասխանատվության, դեմ կամ անմասն են եղել կամ, որ իրենք զերծ են եղել նման քայլերից: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Հ. Գ. Ներկայիս իշխանություններն, իհարկե, զերծ կամ անմասն չեն եղել համենայն դեպս ո՛չ 95-ի, ո՛չ էլ, առավել եւս, 96-ի դեպքերից, որոնց ամենաակտիվ դերակատարներից մեկն էլ այն ժամանակ՝ ԱԱՊՎ պետ, ապա՝ ԱԱՆ նախարար Ս.Սարգսյանն է եղել: Չենք խոսում նաեւ 96-ի սեպտեմբերի 25-ին ԱԺ շենքի գրոհման կապակցությամբ ԼՂՀ նախագահ Ռ.Քոչարյանի արած հայտարարությունների եւ Լ.Տեր-Պետրոսյանին հարկ եղած դեպքում Ղարաբաղից օգնական ուժեր ուղարկելու պատրաստակամության մասին: