ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՆՈՒԳՈՐԾՆ ՈՒ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ Դեռ չեն վերացել մեր Հայրենիքում միամիտ գործիչները, որոնք ենթադրում են, թե պաշտոնյաները պիտի պատասխանատու լինեն իրենց հրապարակային հայտարարությունների եւ դրանց հետեւանքների համար։ Ասենք, եթե Ռոբերտ Քոչարյանն անցած տարվա աշնանը հրապարակավ հայտարարում էր, որ հանձնարարել է արգելել րոպեավճարի կիրառումը՝ հիմա պիտի գոնե բացատրություններ տա՝ իր հանձնարարականներն ինչո՞ւ չեն կատարվում, թե՞ նա այդպես ասելով ուղղակի «վախեցնում» էր «ԱրմենՏելին», բանակցային հնարք էր գործադրում՝ պահանջել առավելագույնը, որ ստանաս նվազագույնը։ Սակայն նախագահից որեւէ մեկը ո՛չ բացատրություններ է պահանջում, ոչ էլ՝ հրաժարական։ Ի տարբերություն վարչապետի, որին երեկ էլ Արշակ Սադոյանը կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ուղղեց հետեւյալ հարցը. «Դուք պնդում էիք, որ րոպեավճար չի մտնելու, հիմա մտել է։ Այն ժամանակ ես ասացի՝ եթե հունվարի 1-ից մտնի, Դուք հրաժարական կտա՞ք։ Հիմա նորից եմ կրկնում հարցը՝ Դուք, որ չկարողացաք, վնաս տվեցիք Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին, առանձին մեր թոշակառուներին, Ձեր անհաջող գործունեության պատճառով՝ հրաժարական տալո՞ւ եք, թե՞ ոչ»։ Բացասական պատասխան ստանալուց հետո էլ Արշակ Սադոյանը չէր հանդարտվում. «Րոպեավճարը մտել է, հիմա, ի պատասխան այդ խաբեությանը, հրաժարական տալո՞ւ է կառավարության գոնե մի ներկայացուցիչ»։ Իմիջիայլոց, այս հարցը միայն Արշակ Սադոյանին չէ, որ մտահոգում է։ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն էլ «Արմինֆոյին» տված հարցազրույցում էր հայտարարել. «Կառավարության այն անդամները, ովքեր անփութորեն եւ անառարկելիորեն հայտարարեցին, թե Հայաստանում ներքաղաքային հեռախոսային խոսակցությունների դիմաց րոպեավճար չի կիրառվի, պետք է պատասխան տան իրենց անպատասխանատու հայտարարությունների համար»։ Նա նաեւ նշել էր, որ եթե կառավարության այդ անդամները պատասխան չտան իրենց անհիմն խոստումների համար՝ ստվեր կընկնի ողջ գործադիր իշխանության վրա։ «Առավոտը» երեկ փորձեց պարզել, թե արդյոք ՀՀԿ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը համամի՞տ է ՀՀԿ փոխնախագահի այս պահանջին. «Պրն Թորոսյանն ԱԺ պատգամավոր է եւ իրավունք ունի հարցեր բարձրացնելու։ Ճիշտն ասած, Հանրապետական կուսակցության խորհրդում չի քննարկվել այս խնդիրը, քանի որ խորհուրդը վստահում է, եւ կառավարություն-«ԱրմենՏել»-ԱԺ հարաբերություններում ես հաշվի եմ առնում ԱԺ-ում ՀՀԿ ներկայացուցիչների կարծիքը։ Այդ հարցերի քննարկումները տեղափոխում ենք ԱԺ։ Եթե որեւիցե մեկն այս գործընթացի ժամանակ թերություններ է ունեցել, բնականաբար, որոշակի պատասխանատվություն կկրի։ Բայց միայն նրա համար, որ հայտարարել է, թե րոպեավճար չի լինի՝ միայն դրա համար, բնականաբար՝ ոչ։ Բայց եթե նմանատիպ ուրիշ խնդիրներ էլ կան իր աշխատանքում՝ ցանկացածը՝ լինի դա վարչության պետ, գլխավոր մասնագետ, թե փոխնախարար՝ պատասխանատվության կենթարկվի»։ Ուշադրություն դարձրեք, որ այս շարքում վարչապետը չթվարկեց նախարարներին։ Ընդհանրապես, Անդրանիկ Մարգարյանը շարունակում էր դժկամորեն արձագանքել նախարարների հնարավոր փոփոխությունների վերաբերյալ հարցերին։ Երեկ էլ, այն հարցին ի պատասխան, թե արդյոք պաշտոնից ազատվելո՞ւ է Անդրանիկ Մանուկյանը, վարչապետն ասաց. «Բազմիցս ասել եմ՝ երբեք ոչ մի նախարարի պաշտոնանկության մասին մինչեւ հանելը կառավարությունը չի ասի»։ Վարչապետը թերեւս բավարար էր գնահատում «ԱրմենՏելի» հետ բանակցությունների արդյունքները. «Գտնում ենք, որ այն, ինչի որ մենք հասել ենք, որոշակի ձեռքբերում է, եւ այն խնդիրները, որ խառնում են րոպեավճարի հետ, վերաբերում են ներդրումային քաղաքականությանը, դեռեւս փակված չեն։ Միջգերատեսչական հանձնաժողովն ինձ ներկայացրել է նյութերը։ Մենք պատրաստվում ենք քննարկման, որից հետո կառավարությունն արդեն իր հստակ դիրքորոշումը կցուցաբերի ե՛ւ ներդրումների, ե՛ւ հետագայում մենաշնորհի ու ինտերնետային կապի վերաբերյալ։ Այսինքն, բազմաթիվ խնդիրներ կան, որոնք դեռ լուծման եւ քննարկումների փուլում են։ Կառավարություն-«ԱրմենՏել» հարաբերությունները չեն սահմանափակվում միայն րոպեավճարով»։ Սակայն երբ լրագրողները փորձեցին պարզել, թե ինչո՞ւ ուրեմն վարչապետը չէր պատասխանում Արշակ Սադոյանի հարցադրումներին, որոնք բացի որեւէ նախարարի հրաժարականից՝ նաեւ «ԱրմենՏելի» ներդումների չափին էին վերաբերում, պրն Մարգարյանն ընդվզեց. «Ես պարտավոր չեմ Արշակ Սադոյանի ցանկացած ցանկությանը եւ ասածներին պատասխանել (…)։ Կառավարությունը ոչ մի բան ու գործ չունի՝ ամբողջ օրն Արշակ Սադոյանի հարցերի՞ն պիտի պատասխանի»։ Ի դեպ, պրն Մարգարյանն էլ հաստատեց, թե իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները՝ իբր ՀՀԿ-ն որոշել է պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը 2003-ի ընտրություններում. «Հանրապետական կուսակցությունն այդպիսի որոշում չի կայացրել նախագահական ընտրություններում որեւէ մեկի թեկնածության պաշտպանության վերաբերյալ, քանի որ դեռ վաղ է եւ ոչ մեկը պաշտոնապես չի հայտարարել իր առաջադրման մասին»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ