ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ԵՐԵԽԱՅԻ ՇԱՀՆ Է Շատերի մեջ թերեւս երեխաների իրավունքների պաշտպանության ամերիկյան համակարգի մասին այսպիսի տպավորություն է ստեղծվել, թե ծայրահեղությունների երկիր է, որտեղ երեխան նույնիսկ կարող է դատի տալ ծնողներին։ Արդյո՞ք իրականում այդպես է։ Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Քնեկտիկութ նահանգի գլխավոր դատախազի օգնական, երեխաների պաշտպանության բաժանմունքի ղեկավար Սյուզան Պիըրլմենի հետ մեր զրույցից, որն օրերս Հայաստանում էր գտնվում եւ նրա փաստաբանական գործունեությունը հիմնականում երեխաների իրավունքների խնդիրներին է առնչվում։ Տիկին Պիըրլմենը հիմնականում ներկայացրեց խնդիրը Քնեկտիկութ նահանգի օրինակով։ Նաեւ նկատեց, որ թեեւ տարբեր նահանգներում այս հարցում օրենսդրության առումով տարբերություններ կան, բայց գլխավոր սկզբունքները եւ ֆեդերալ օրենքները նույնն են։ Քնեկտիկութ նահանգը մոտ 5 միլիոն բնակչություն ունի եւ շուրջ 5000 երեխա համարվում է ծնողների կողմից անտեսված։ Նահանգի գլխավոր դատախազության երեխաների պաշտպանության բաժանմունքը, որ 1989-ից ղեկավարում է Սյուզանը, քաղաքացիական հայցերով դիմում է դատարան երեխաների իրավունքների պաշտպանության գործերով եւ դատարանում ներկայացնում երեխաների իրավունքները։ Դատարանն էլ վճիռներ կայացնում է ամենից առաջ երեխայի շահն ու իրավունքները հաշվի առնելով։ Ասենք՝ դատարանը կարող է վճիռ կայացնել երեխային հարբեցող մոր ձեռքից վերցնելու մասին՝ թեեւ երեխան ուզում է մնալ մոր հետ։ Այսինքն՝ մորը սիրող երեք-չորս տարեկան երեխան չի գիտակցում՝ որն է իր համար լավ եւ նրա փոխարեն դատարանն է որոշում։ Հարցին՝ վտանգ չկա՞, որ պետությունը, այսպես ասած՝ հաճախ ներխուժում է ընտանիքների անձնական խնդիրների մեջ եւ իրեն որոշումներ կայացնելու իրավունք վերապահում, Ս. Պիըրլմենը նման վտանգ տեսնում է, բայց ըստ նրա՝ երեխայի հանդեպ ծնողն ունի հիմնարար իրավունք եւ դա է առաջնայինը, բայց մյուս կողմից էլ կա երեխայի շահը։ Դատարանի որոշմամբ երեխային կարող են վերցնել ծնողների ձեռքից, ասենք, երկու տարով եւ հանձնել այլ ընտանիքի խնամքին՝ ծնողներին, այսպես ասած, ուղղվելու հնարավորություն տալով։ Եվ շատ հազվադեպ է լինում, որ սահմանված ժամկետից հետո երեխան չի վերադարձվում ծնողներին եւ դատավորը վճիռ է կայացնում, որ նոր ընտանիքում երեխայի համար շատ ավելի լավ կլինի։ Կամ երեխային չեն վերցնում, բայց ծնողներին որոշակի ժամանակ են տալիս, որ ուղղվեն (եթե թմրամոլ են կամ հարբեցող՝ բուժման կուրս անցնեն) եւ սոցիալական աշխատողները հետեւում են՝ արդյո՞ք փոփոխություն կա, թե ամեն ինչ առաջվա պես վատ է։ Վերջին դեպքում տիկին Պիըրլմենի ղեկավարած կառույցը կարող է դատարանին խնդրել երեխային ընդհանրապես ծնողներից վերցնել։ Ի դեպ, այն ընտանիքը, ում խնամքին ժամանակավոր հանձնվում է երեխան, ամսական յոթ հարյուր դոլար է ստանում պետությունից։ Հարցին՝ իսկ եթե ծնողը չի կարող ապահովել երեխային նորմալ կենսապայմաններով, անհրաժեշտ խնամքով եւ ուշադրությամբ՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառո՞վ, Սյուզան Պիըրլմենը պատասխանեց, որ դրա համար կան սոցիալական աշխատողներ։ Վերջիններս աշխատում են ծնողների հետ, խորհուրդներ տալիս, օգնում նրանց աշխատանք գտնելու եւ այլ հարցերում։ Կան նաեւ հատուկ բարեգործական ծրագրեր նման ծնողների համար։ Եվ երբեք ֆինանսատնտեսական վատ պայմանները չեն կարող պատճառ դառնալ, որ երեխային վերցնեն ծնողների ձեռքից։ Տիկին Պիըրլմենը շեշտեց, որ դատարանը նման որոշում կարող է կայացնել միայն բացառիկ դեպքերում, երբ, ասենք, ծնողները հոգեկան խանգարում ունեն, հարբեցող են կամ թմրամոլ եւ ակնհայտ է, որ երեխային այդ ընտանիքում վտանգ է սպառնում։ Ս. Պիըրլմենի վկայությամբ, շատ քիչ տոկոս են կազմում ընտանիքում երեխայի հանդեպ բռնարարքների դեպքերը։ Առավել հաճախ երեխաների իրավունքները ոտնահարվում են նրանով, որ ծնողները բավարար ուշադրության նրանց չեն արժանացնում (հատկապես մինչեւ չորս տարեկան փոքրիկների դեպքում հետեւանքները շատ տխուր կարող են լինել), երեխան լավ չի սնվում, դպրոց չի հաճախում (իսկ միջնակարգ կրթություն ստանալը պարտադիր է) կամ ծնողները սրված հարաբերություններ ունեն եւ երեխաները նրանց մշտական կռիվների վկան են ստիպված լինում եւ այլն։ Սյուզանից հետաքրքրվեցինք՝ լինո՞ւմ է, որ երեխաներն են գալիս եւ բողոքում իրենց ծնողներից եւ որտեղի՞ց են նրանք իմանում իրենց իրավունքների մասին, հատուկ կրթական ծրագրեր կա՞ն։ Պարզվում է՝ համարյա չի լինում, որ երեխան բողոքի իր ծնողներից, նույնիսկ լինում են դեպքեր, երբ երեխան ստում է, թե տանն իրեն չեն ծեծում։ Եվ ինչպես Սյուզանն է ասում՝ «Մենք չենք ակնկալում, որ երեխաները պետք է իրենց իրավունքները պաշտպանեն, մենք պարտադրում ենք, որ մեծահասակները դա անեն»։ Ամերիկյան իրականության մեջ հստակ կանոն է, որ բոլոր նրանք, ովքեր իրենց գործի բնույթով (մանկավարժներ, բժիշկներ, դաստիարակներ) կամ այլ կերպ շփվում են երեխաների հետ, պարտավոր են զեկուցագիր գրել դատախազության վերոնշյալ բաժանմունք, եթե այս կամ այն երեխայի հետ կապված որեւէ կասկածներ են ունենում։ Ասենք՝ երեխայի մարմնի վրա ծեծի հետքեր են նկատում կամ զգում են, որ միշտ սոված, հոգնած, հին ու կեղտոտ հագուստով է դպրոց գալիս կամ ընդհանրապես օրերով դպրոց չի հաճախում եւ այլն։ Նման ահազանգի դեպքում իրենք պարտավոր են գնալ եւ ստուգել պատճառները։ Սյուզան Պիըրլմենը գործող այս համակարգը կատարյալ չի համարում եւ նշում է, որ բնականաբար միշտ էլ բարելավման կարիք կա, սակայն այն, ինչ այսօր կա, շատ ավելի կատարյալ է, քան մի քանի տարի առաջ էր։ Մասնավորապես, առաջ կարող էին երեխային ծնողներից ընդմիշտ վերցնել, իսկ այժմ՝ միայն խիստ ծայրահեղ դեպքերում եւ միշտ ծնողներին ուղղվելու եւ երեխաներին հետ վերցնելու հնարավորություն է տրվում։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ