Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՂՔԱՏ ԵՆՔ

Փետրվար 06,2002 00:00

ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՂՔԱՏ ԵՆՔ Ընդամենը մեկ անգամ մեր կառավարությունը (ֆինանսների նախարարը) կոնկրետ խոսեց միջազգային դոնոր ազմակերպությունների հետ աշխատելու մասին եւ շաբաթներ անց դրան հետեւեց երկար սպասված ՍԱԿ-4-ի հերթական մասնաբաժինը։ Դիտորդների գնահատմամբ, սակայն, մեկը մյուսի հետ բացարձակապես կապ չունի։ Ավելին, ըստ նրանց, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն այս երկրում միակ մարդն է, որ այդպես խոսելու իրավունք չուներ՝ զբաղեցրած պաշտոնի պատճառով։ Իսկ ի՞նչ էր ասել նախարարը. «Այսուհետ գլխակորույս ոչինչ չենք անի»։ Այսինքն, այդ զանազան ՍԱԿ-երը, վարկերը «պետբյուջեում ընդգրկելուց առաջ՝ զգուշավոր հաշվարկներ կարվեն»։ Այդպիսով, այս տարվա պետբյուջեում ուղղակիորեն չընդգրկվեցին դրանք, որովհետեւ, ըստ Վ. Խաչատրյանի, լրացուցիչ սոցիալական ծախսեր են պարտադրում, որոնք, վարկերը չստանալու դեպքում նույնիսկ, պարտավորվում ենք չկրճատել։ Այս ամենին էր, որ հաջորդեց Համաշխարհային բանկի ներկայացուցչի կոպիտ արտահայտությունը, թե մեր նախարարը կարծում է, որ ՀԲ-ն ՀՀ պետբյուջեի հարկատու է։ Իսկ ո՞վ էր ասել, թե մեր պետբյուջեի հարկային մասի թերահավաքագրման պատճառը հենց այդ վարկերն են։ Վարկի հերթական մասնաբաժնի՝ 15 մլն-ի ստացման լուրը, նախարարը լայն ժպիտով հաղորդեց, որից հետո «Առավոտը» նրան հարցազրույցի հրավիրեց։ Առաջին ծագած հարցը հետեւյալն էր. «ՀԲ հայտարարությունից հետո փոխե՞լ եք միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու Ձեր հայեցակարգը եւ ինչպե՞ս եք վերաբերում Ձեր հասցեին արված հայտարարությանը»։ Նախարարը հաստատեց իր վճռականությունը՝ նույն աշխատանքային ոճը չփոխելու վերաբերյալ, ավելացնելով. «Ես ընդամենը ասել եմ, որ այդ պահին բարդություններ կան։ Իսկ ընդհանրապես, մեր հարաբերությունները շատ գործընկերային են։ ՀԲ ներկայացուցիչը վատ չի արտահայտվել։ Պարզապես ընկալվեց այն ձեւով, թե իբր ես իրենցից հարկերի մուտք եմ ուզում։ Ո՛չ, ես ընդամենը ասում էի, որ այն, ինչ պլանավորել ենք, չի գալիս։ Սաադաթի հետ հաճախ հանդիպել ենք, նորմալ աշխատում ենք։ Մի խնդիր ունեն. որ կառավարությունն էլ մեղք ունի»։ Ո՞րն է այդ մեղքը՝ «չկարողացա ճշտել։ Աշխատում ենք, գուցե ինչ-որ մեղք էլ ես ունեմ»։ Ընդհանրապես նախարարը գտնում է, որ վարկերը կարեւոր են։ Մասնավորապես ջրագծերի կառուցման, ճանապարհների նորոգման, գյուղատնտեսությանն աջակցելու համար, պարզ է, Հայաստանը միջոցներ չունի. «Նույնիսկ ձեռներեցները այդ գումարներն ավելի էժան չեն տա, քան ստանում ենք ՀԲ-ից»։ «Առավոտի» տարակուսանքին ի պատասխան, թե միեւնույն է, պետբյուջեի՞ց չեն վերադարձվելու վարկերը, Վ. Խաչատրյանը 40 տարվա հեռահայաց լավատեսությամբ ասաց. «Տարբեր են։ Օրինակ, ջրային տնտեսությունը 40 տարվա մեջ կամաց-կամաց լավանալու է, հավաքագրման վիճակը լավանալու է, ինքը (Ջրտնտը- Ա. Ու.) մարելու է»,- թեեւ համաձայնեց, որ հակառակ դեպքում հենց պետբյուջեն էլ փակելու է պարտքերը։ Բայց ենթակառուցվածքները տնտեսության համար կարեւոր են. «Մարդիկ մեքենան վարելու համար տուրք են վճարում, որը պետբյուջե է մուտքագրվում։ Եվ մենք պարտավոր ենք այդ գումարով մարդկանց համար ճանապարհներ կառուցել, որ չջարդեն իրենց մեքենաները»։ Բյուջեն է մարելու այդ վարկերը, «բայց 40 տարում է մարելու։ Իսկ եթե նույն խնդիրը լուծելու համար առեւտրային վարկեր վերցնեինք, նախ 1 տարով, 6 ամսով կվերցնեինք եւ ավելի բարձր տոկոսներով»։ Ինչ վերաբերում է մեր արտաքին մեծ պարտքին՝ 900 մլն դոլար, եւ փոքրիկ պետբյուջեի հարաբերակցությանը, ապա նախարարը նկատում է. «Մեկ տարվա բյուջեն է այդքան, իսկ 900 մլն արտաքին պարտքը 40 տարվա է»։ Նախարարը մեկ անգամ եւս պնդեց իր տեսակետը. «Լրացուցիչ միջոցը (վարկերը- Ա.Ու.) պետբյուջեում տեղադրելով՝ պետք է ուշադիր լինես, որ այդ միջոցը այլ պարտքեր չստեղծի։ Ես ընդամենը պայմանների եւ պարտնյորական հարաբերությունների հստակեցում եմ ուզում»։ Իհարկե, լավ է, որ նեղ օրիդ պարտք տվող կա։ Բայց որքան շուտ հրաժարվենք այդ պարտքերից, այնքան լավ՝ նույնիսկ ամենատարրական, ամենակենցաղային նկատառումներով։ Իսկ այդ վարկերի վակուումը լցնելը կախված է խոշոր հարկ թաքցնողներից։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել