ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՍԵԿՈՍԵՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որպես կանոն, առանց բարդույթավորվելու եւ պատրաստակամորեն է արձագանքում իր մասին տարածված ասեկոսեները ճշտելու փորձերին։ Ահա այժմ էլ, երբ հետաքրքրվեցինք՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է այն լուրը, թե իր որդին՝ Արման Սահակյանը, որ Երեւանի քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետն է, «Հին Երեւան» պանդոկի մոտ մի ոստիկանի է ծեծել, Գալուստ Սահակյանն անվրդով պատասխանեց. «Իմ որդին բավականին բարեկիրթ է։ Իր հաջողությունների համար նա միայն իրեն է պարտական։ Չեմ կարծում, որ իմ որդին որեւէ տհաճ պատմության մեջ ընկնի կամ ընկած լինի»։ Հաջորդ ասեկոսեն վերաբերում էր հենց իրեն՝ «Միասնության» ղեկավարին. իբր նա շահագրգիռ էր, որ իր խմբակցության անդամ, ՀԺԿ-ից հեռացված Արմեն Հակոբյանին նշանակեն Սերգեյ Վանցյանի պաշտոնին՝ «Հայկական ավիաուղիների» գործադիր տնօրեն։ Այս լուրն «Առավոտին» փոխանցածները պնդում էին, որ Գալուստ Սահակյանը միջնորդել է Անդրանիկ Մարգարյանին, եւ վարչապետը համաձայնել է։ Սակայն համաձայն չի եղել Քաղաքացիական ավիացիայի Գլխավոր վարչության պետ Հովհաննես Երիցյանը, որն իր բողոքը փոխանցել է Ռոբերտ Քոչարյանին։ Եվ նախագահն էլ վարչապետին արագ հիշեցրել է, որ ավիացիան եւս այն ոլորտներից է, որտեղ ինքն է որոշում կադրային քաղաքականությունը։ Այս ամենի առնչությամբ Գալուստ Սահակյանի մեկնաբանությունը հետեւյալն էր. «Ճիշտն ասած, մտքովս չի անցել, որ Արմեն Հակոբյանն այդ ոլորտում կկարողանա պաշտոնավարության խնդիր դնել ընդամենը։ Թերեւս, եթե նման խնդիր դրած լիներ՝ կմտածեի։ Անակնկալ է հարցը»։ Իսկ ընդհանրապես, որքանո՞վ է Գալուստ Սահակյանը միջամտում կադրային քաղաքականությանը. «Մեր կողմից՝ վարչապետն է զբաղվում կադրային քաղաքականությամբ։ Բնականաբար, եթե լինում են որոշ կադրեր, որոնց անձամբ եմ ճանաչում՝ կարծիք հայտնում եմ, բայց պարտադիր չէ, որ իմ կարծիքն ընդունելի համարվի»։ Ա. Ի.