Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍԿԱՑՈՂԻՆ ՄԻՆ, ՉՀԱՍԿԱՑՈՂԻՆ՝ ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻՆ

Փետրվար 06,2002 00:00

ՀԱՍԿԱՑՈՂԻՆ ՄԻՆ, ՉՀԱՍԿԱՑՈՂԻՆ՝ ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻՆ Պատգամավոր Արամայիս Բարսեղյանը «ԱրմենՏելի» հետ բանակցություններ վարած արդարադատության նախարարին անընդհատ խնդրում էր, որ պատասխանի, թե ինչի հիման վրա էին ժամանակին ինքը, կառավարությունը եւ ՀՀ նախագահը հայտարարում, թե ունեն լուրջ փաստարկներ, որոնք թույլ չեն տա րոպեավճարի կիրառումը։ Եվ հետո՝ ինչո՞ւ պետք է OTE-ին բաժանորդը վստահի, ի՞նչ երաշխիք, որ րոպեների հաշվարկը ճիշտ կկատարվի։ Արամայիս Բարսեղյանի այս հարցապնդմանը ի պատասխան՝ նախարարը փորձում էր խուսանավել. «Գնացեք OTE-ին հարցրեք»։ «Բայց դուք եք չէ՞ Հայաստանը ներկայացնում»,- շարունակում էր Արամայիս Բարսեղյանը։ Հարցին կոնկրետ պատասխանելու փոխարեն Դ. Հարությունյանը գիտե՞ք ինչ ասաց, ահա. «Դուք այնպես եք ասում, կարծես թե առաջին անգամ տիեզերքում կամ Հայաստանում ծագեց րոպեավճարի գաղափարը։ Կամ՝ տիեզերքում անհայտ էր այս երեւույթը, ընդհանրապես միջքաղաքայինի ժամանակ մեկին դնում են «շչոչիկով» ձեր տանը»։ Վազգեն Մանուկյանը, լրացնելով Ա. Բարսեղյանի հարցը, փորձեց ճշտել՝ աշխարհում կա՞ն բիլինգը ստուգելու մեխանիզմներ եւ արդյո՞ք դրանք կիրառվում են մեզ մոտ։ Դ. Հարությունյանի պատասխանը հետեւյալն էր. «Այո, կան, կիրառվո՞ւմ են մեզ մոտ, դեռեւս՝ ոչ, կիրառվելո՞ւ են՝ այո»։ Արամայիս Բարսեղյանը շարունակելով հետաքրքրվեց. «Մեր քաղաքացու կապը կտրվեց, ո՞ր պայմանագրով են պաշտպանվելու քաղաքացու շահերը»։ Արդարադատության նախարարը բացատրեց՝ «գրելով հայցադիմում եւ ներկայացնելով դատարան»։ Որեւէ պայմանագիր չկա, որի հիման վրա շարքային քաղաքացին կկարողանա դիմել դատարան իր շահերը պաշտպանելու համար։ Դավիթ Հարությունյանը պնդում է, որ պայմանագիր հարկավոր չէ։ Վազգեն Մանուկյանի մեկնաբանությունը գերազանցեց նույնիսկ Դավիթ Հարությունյանի ասածը. «Ինքն ասաց, որ եթե փողոցում մեկն ինձ ծեծում է, պարտադիր չէ, որ մենք պայմանագիր ունենանք, որ ինքը ինձ չծեծեր»։ Շարունակելով՝ Վազգեն Մանուկյանը ասաց. «Շարունակել արդարադատության նախարարին համոզել, որ ինքը սխալ է, իմաստ չունի։ Եթե էդ մարդը էդքան բանը չի հասկանում, ինչքան էլ բացատրենք՝ չի հասկանալու»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել