Լրահոս
Օրվա լրահոսը

Երկարակեցությունը սպառնո՞ւմ է վարչապետին

Փետրվար 06,2002 00:00

Երկարակեցությունը սպառնո՞ւմ է վարչապետին Անցյալ տարի համառորեն շրջանառվում էր այն տեսակետը, թե 2002-ի բյուջեն ներկայացնելուց հետո, ինչպես սովորաբար է լինում, ՀՀ հերթական վարչապետը պաշտոնանկ կարվի: Այս կանխատեսումների մի զգալի մասը ոչ այնքան կառավարամերձ շրջանակներից ստացվող տեղեկությունների, որքան տրամաբանական մտավարժանքների արդյունք էին. այսպես, փորձում էին տրամաբանորեն դատել, թե Ռ.Քոչարյանի ինչի՞ն է պետք վարչապետ Ա.Մարգարյանն՝ իր զուտ պրոֆեսիոնալ սուղ կարողությունների եւ քաղաքական ասպարեզում դերակատարման իմաստով: Իսկապես, Ռ.Քոչարյանի ինչի՞ն է պետք Հանրապետականի նախագահը, եթե նրան պաշտոնանկ անելու դեպքում հասարակությունը չի դժգոհի, իսկ ՀՀԿ-ն այլեւս ընդդիմության գիրկը վերադառնալու շանսեր չունի, գոնե՝ առայժմ: Բայց արի ու տես, որ նախագահը վարչապետի պաշտոնանկության խնդրում չի շտապում: Տեսակետ եղավ, թե ի դեմս վարչապետ Ա.Մարգարյանի եւ նախարար Ս.Սարգսյանի նոր տանդեմ է ձեւավորվել մասնավորապես Դաշնակցության առաջխաղացման «դեմն առնելու» համար: Ներիշխանական անցուդարձին տեղյակ մի պաշտոնյա վերջերս մեր զրույցի ժամանակ կարծիք հայտնեց, թե տագնապելու կարիք չկա՝ Քոչարյանը հիմար չէ, որ դաշնակներին ավելի լուրջ պաշտոններ տա, քան նրանք ունեն: Կարծիք կա նաեւ, թե թույլ վարչապետ լինելով՝ Ա.Մարգարյանը չի կարողանալու Ռ.Քոչարյանին դիվիդենտներ ապահովել առաջիկա ընտրությունների նախաշեմին: Մինչդեռ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրներն այն կարծիքին են, որ վարչապետ Մարգարյանը շատ էլ լավ ձեռնտու է ե՛ւ Ռ.Քոչարյանին, ե՛ւ Ս.Սարգսյանին, առավել եւս, որ վերջինս արդեն դե ֆակտո կառավարությունում «գորշ կարդինալ» է: Վերջիններիս կարծիքով, վարչապետ-նախարար տանդեմ էլ գոյություն չունի: Պարզապես ե՛ւ Ռ.Քոչարյանը, ե՛ւ Ս.Սարգսյանն առայժմ նոր վարչապետի նշանակման հողի վրա գժտվելու ոչ մի ցանկություն չունեն, ինչն, իրոք, կարող էր լինել մեկ՝ դաշնակներին առավել ծանրակշիռ պաշտոններ վստահելու, մեկ՝ պաշտպանության նախարարին վարչապետի աթոռը «դեմ տալու» դեպքում: Բայց Ս.Սարգսյանն այդ պաշտոնի վրա այս փուլում պարզապես աչք չունի, առավել եւս, որ այն կարող է փչացնել Քոչարյան-Սարգսյան հարաբերությունները՝ «երկու գլուխ մի կաթսայում չեն եփվի» հայտնի ասույթի մոտիվներով: Իսկ Ա.Մարգարյանի պաշտոնավարության օրոք ոչ միայն նման խնդիր չկա, այլեւ ԱԺ-ում դե յուրե գոյություն ունեցող «Միասնությունը» իներցիայով է գործում եւ պատասխանատու է կառավարության բոլոր գործողությունների համար, մինչդեռ, ասենք, Դաշնակցությունը կամ ԱԺՄ-ն չեն կարող նման «ազդեցիկ» մեծամասնություն կազմել: Կառավարության մեր աղբյուրներն ավելի հակված են կարծելու, որ այդ գերատեսչությունում կադրային փոփոխություններն առաջիկայում էլ կսահմանափակվեն նախարարների մակարդակով, բայց ոչ ավելին, կամ ոչ հիմա: Ավելի հավանական է համարվում, որ Ա.Մարգարյանի պաշտոնանկության խնդիրը ծագի միայն առաջիկա նախագահական ընտրությունների անմիջապես նախաշեմին կամ անգամ դրանից հետո: Այն, որ նախագահ Քոչարյանը կարողանում է Ա.Մարգարյանի վարչապետության օրոք տնտեսության չեղած աճ մատուցել հանրությանը՝ խոսում է, թերեւս, այն մասին, որ նա առավել եւս հրապարակայնորեն վարչապետից պետք է որ դժգոհելու քիչ առիթ ունենա: Էլ չենք խոսում նրա պաշտոնանկությունը պատճառաբանելու մասին: Մյուս կողմից՝ քաջատեղյակ աղբյուրները վստահեցնում են, որ «նախագահականում» հիմա ավելի շատ մտահոգված են ոչ այնքան նոր վարչապետի թեկնածության փնտրտուքով, որքան նախագահի՝ որպես 2003-ի նախագահի թեկնածուի, նոր իմիջի ու ծրագրային դրույթների, ներառյալ՝ հայ-ռուսական «փայլուն» հարաբերությունների, Արեւմուտքի հետ սերտ համագործակցության, ղարաբաղյան կնճիռի մոտալուտ կարգավորման, նոր աշխատատեղերի բացման եւ տնտեսական նոր հրաշքների տեսլականի երկնումով: Ասել է թե, վարչապետ Ա.Մարգարյանը լինելու է ետիշխանափոխության ամենաերկարակյաց վարչապե՞տը: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել