Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱՂԱՆՑԻԿ ՀԱՇԻՎՆԵՐ»

Փետրվար 06,2002 00:00

«ՎԱՂԱՆՑԻԿ ՀԱՇԻՎՆԵՐ» Թվում էր, անցած մի քանի ամսվա ընթացքում պատգամավորները բավական ասելիք պիտի կուտակած լինեին, եւ այս նստաշրջանի առաջին հայտարարությունների ժամը հարուստ պիտի լիներ բովանդակալից ելույթներով։ Երեկ հնչած հայտարարությունների գերակշիռ մասը, սակայն, վերաբերում էր րոպեավճարին։ Դատելով նրանից, որ րոպեավճարն արգելելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու համար պահանջվող 44-ի փոխարեն Արշակ Սադոյանին առայժմ հազիվ 25-30 ստորագրություն է հաջողվել հավաքել, այս հարցն այնքան էլ օրախնդիր չէ խորհրդարանականների համար։ Թեեւ մեզ հայտնի է, որ ստորագրողների թիվը փոքր-ինչ ավելի շատ կլիներ, եթե օրակարգի երկրորդ հարցը լիներ կառավարությանն անվստահություն հայտնելը։ Շատ պատգամավորներ հենց այս պահանջի ընդգրկմամբ էին պայմանավորել ստորագրահավաքին իրենց միանալը, այլապես այս ամենը համարելով անհեռանկար զբաղմունք եւ սովորական խառնակչություն։ «Այո՛, ցավով եմ ասում, բայց շարունակ նմանատիպ կառավարություն ունեցող ազգի ոգուց շուտով գարշահոտ կգա։ Նմանները փոխանակ հայրենի երկիրը դիտեն հայ տեսակի համար արժեքների հավերժության եւ հավատի գոյության գլխավոր պայման՝ ընդհակառակն, դիտում են որպես իրենց առօրեական վաղանցիկ հաշիվների անկյուն»,- սա հատված է Ռուբեն Գեւորգյանի հայտարարությունից։ Հավերժակա՞ն, թե՞ դարձյալ վաղանցիկ հաշիվներ էին մաքրում այլ պատգամավորներ իրենց հայտարարություններով՝ դատեք ինքներդ։ ՀԺԿ ցուցակով պատգամավոր ընտրված Սերգեյ Իսրայելյանին մտահոգում էին ԺԴԿ նախագահ, ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանի հասցեին տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի մեղադրանքները. «Ես մասամբ համաձայն եմ այն մեղադրանքին, որ ներկայացնում է կապի նախարարը՝ ճի՛շտ բաներ է ասում (քիչ անց պարզաբանեց, որ խոսքն «ԱրմենՏելի» մասին է.- Ա. Ի.)։ Ինչ-որ մասերի հետ չեմ կարող ո՛չ համաձայնել, ո՛չ էլ ժխտել, քանի որ սա դատարանի հարց է»։ Սերգեյ Իսրայելյանը Գագիկ Ասլանյանին կոչ արեց դիմել դատարան՝ մաքրվելու համար. «Իսկ ես շա՛տ եմ ուզում, որ անպայման մաքրվի այդ մեղադրանքներից»։ Թեեւ Անդրանիկ Մանուկյանի մեղադրանքը՝ մաքսանենգին հովանավորելու վերաբերյալ, իրոք, լուրջ էր, որքան մեզ հայտնի է, ԱԺ փոխնախագահը չի պատրաստվում դիմել դատարան զրպարտության, վիրավորանքի կամ մեկ այլ հայցով։ Եվ իզուր էր Սերգեյ Իսրայելյանը հույս հայտնում, թե դատարան դիմելու պարագայում՝ կմաքրվեն նաեւ բոլոր պատգամավորները։ Դատարաններ չեն հերիքի, եթե բոլոր պատգամավորներից պատասխան պահանջեն բոլոր այն կադրերի գործողությունների համար, որոնց օգտին միջնորդել են իրենք։ ԱԺ փոխնախագահների բախտն այս հայտարարությունների ժամին ակնհայտորեն չբերեց։ Սասուն Միքայելյանն էլ մյուս փոխնախագահին՝ Տիգրան Թորոսյանին էր թիրախ ընտրել։ Ի պատասխան ՀՀԿ-ից Մյասնիկ Մալխասյանին եւ Սասուն Միքայելյանին հեռացնելու որոշման առնչությամբ ՀՀԿ փոխնախագահի մեկնաբանությունների, մասնավորապես՝ որ այդ երկուսը եւ այլք մոռացել են, թե ինչպես էին խնդրում Վազգեն Սարգսյանին պատգամավոր դառնալու համար, պրն Միքայելյանն ասաց. «Սույն պարոնը, չգիտեմ ինչու, իրեն իրավունք է վերապահում հիշողության եւ կուսակցական սկզբունքայնության դասեր տալ մեզ։ (…) Հավանաբար Քաջ Նազարի բախտին արժանացած պրն Թորոսյանն իր գլխապտույտ հաջողություններից իրոք կորցրել է հիշողությունը եւ մոռացել, որ մենք պատգամավոր ենք եղել նաեւ մինչեւ ՀՀԿ-ի հետ առնչվելը ու, ինչպես նախկինում, այս անգամ էլ ընտրվել ենք մեծամասնական ընտրակարգով։ Եվ ոչ թե իր նման՝ կուսակցական ցուցակով, որի առաջնային տեղ զբաղեցնելու համար միգուցե ինքն է որոշ մարդկանց խնդրել»։ Սասուն Միքայելյանը նաեւ նշեց, թե Տիգրան Թորոսյանը որդեգրել է «Ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» սկզբունքը ու «ամենայն սրբություն ուրանալու պավլիկմորոզովյան գործելաոճը»։ Հմայակ Հովհաննիսյանի թիրախն էլ անփոփոխ է՝ ՀՀՇ-ն ու նախկին իշխանությունները։ Սակայն այս անգամ նա իր նախասիրած թեմայով խոսելու առիթ էր դարձրել Շարժման 12-ամյակը. «Մի՞թե հասկանալի չէ, որ ազգային գենում այդքան խորն արմատավորված տոկունությունն արմատախիլ անելը, 1988 թ. հերոսական սերնդին ընտրակաշառքով ծախվող խաժամուժի վերածելը, պատերազմի հերոսներին փողոցային դալալներ դարձնելը հնարավոր էր ոչ թե շարքային չարագործությամբ, այլ սատանայական ոճիրի իրագործման միջոցով։ Ես դատապարտում եմ նրանց, ովքեր այսօր դեմքերը ծամածռելով, չակերտների մեջ են առնում «հանցավոր» ածականն այն վարչակազմը բնութագրելիս, որը համաշխարհային պատմության մեջ աննախադեպ թալանի ենթարկեց իրեն սեփական ձեռքերի վրա իշխանության բարձունքներին հասցրած ժողովրդին»։ Հմայակ Հովհաննիսյանը որպես «թալան» նկատի ուներ այն, որ խորհրդային խնայդրամարկղերում պահված ավանդները չվճարվեցին ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ե՛ւ մեր նորանկախ հանրապետության այլ հիմնադիրների կողմից. «Այդ թալանի արդյունքում հասարակության ճնշող մեծամասնությունն այսօր ընչազուրկ է, իսկ 1%-ը զբաղված է դղյակներ, հյուրանոցներ, խաղատներ կառուցելով, լկտիաբար հայտարարելով՝ իբր այդ ամենը ոչ թե ՀՀՇ-ի կողմից ժողովրդի թալանի, այլ սեփական քրտինքով նվաճածի արդյունք է»։ Քանի որ Հմայակ Հովհաննիսյանը մեզ համար անվիճելի՜ հեղինակություն է, ուստի պնդում ենք, որ մասնավորապես ուժային այն գործող պաշտոնյաները, որոնց դղյակների լուսանկարները հրապարակում ենք ամեն շաբաթ՝ բոլորն անխտիր ՀՀՇ-ից են եւ այժմ նրանց ձեռքին են թալանված ավանդները։ Եվ եթե Ռոբերտ Քոչարյանը դեռ հավատարիմ է իր նախընտրական ծրագրի այն խոստմանը, թե մշակելու է ավանդների վերադարձման մեխանիզմներ՝ պիտի ազգայնացնի այդ դղյակները, վաճառի եւ գումարը բաժանի ավանդատուներին։ Հաստատ կանի, չէ՞, պրն Հմայակ Հովհաննիսյան։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել