Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ «ՁԵԶ ՂՈՒՐԲԱՆ»

Փետրվար 06,2002 00:00

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ «ՁԵԶ ՂՈՒՐԲԱՆ» Արշակ Սադոյանը կրկին ստորագրություններ է հավաքում արտահերթ նիստ հրավիրելու համար։ Ա. Սադոյանի պնդմամբ՝ «ամեն ինչ արվելու է, որպեսզի օրենքով արգելվի րոպեավճարի կիրառումը։ Եվ հիշատակումը, թե սա բարդություններ է ստեղծելու Հայաստանի համար, հերթական դավաճանությունն է»։ Ա. Սադոյանը մտադիր է նաեւ հարցնել հանրապետության նախագահին՝ «Ինքը կո՞ղմ է նման դավաճանության, թե՞ ոչ»։ Կապի ոլորտում կառավարության գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը երեկ նիստ հրավիրեց, որին մասնակցեց նաեւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանը եւ մյուս անդամները ակնհայտորեն մտադիր չէին սուր ճոճել կռվից հետո։ Բացի Արշակ Սադոյանից եւ Արամայիս Բարսեղյանից, որեւէ այլ հանձնաժողովական կռիվ տալու մտադրություն չուներ։ Թեպետ մինչ նիստը Արշակ Սադոյանը պնդում էր, որ արդարադատության նախարարին պատասխանատվության ենթարկելու պահանջ է ներկայացնելու, սակայն նրա եւ նախարարի երկխոսությունը արդեն ավանդական դարձած լեզվակռվից այն կողմ չանցավ։ Արշակ Սադոյանը վստահ է, որ բանակցությունները վարող նախարարը «ամեն ինչ անում էր, որպեսզի ի վնաս Հայաստանի գործարքներ կնքվեն «ԱրմենՏելի» հետ»։ Արշակ Սադոյանի ակնարկը «ազգային դավաճանության» մասին Դավիթ Հարությունյանը չի էլ պատրաստվում դատարանի միջոցով վիճարկել։ Նա Սադոյանին լուրջ չի ընդունում, իր հերթին Սադոյանը Հարությունյանին ընդունում է այնպես, ինչպես ընդունում է։ Որեւէ մեկը, ըստ Դ. Հարությունյանի, չի կասկածում, որ հնարավոր է օրենքով արգելել րոպեավճարը. «այլ խնդիր է՝ օրենքի նման կարգավորման դեպքում ո՞վ պետք է հատուցի տնտեսվարող սուբյեկտի վնասները»։ Վազգեն Մանուկյանը հայտնեց, որ հանձնաժողովը իր աշխատանքի հիմնական մասը կատարել է, սակայն սպասում է Միջգերատեսչական հանձնաժողովի տվյալներին, իմանալու, թե «ԱրմենՏելի» կողմից ներդրումները ի՞նչ ծավալով են կատարվել եւ որքանո՞վ են համապատասխանում պայմանագրին։ Հանձնաժողովը սպասում էր նաեւ ընկերության եւ արդարադատության միջեւ ընթացող բանակցությունների արդյունքին։ Վ. Մանուկյանը այնպես ասաց, թե հանձնաժողովը պատրաստ է լսել բանակցությունների արդյունքների մասին, որ թվաց, թե րոպեավճարի կիրառման մասին դեռ ոչ մի բան չի լսել։ Վ. Մանուկյանը հիշեցրեց, որ պատգամավորների խումբը որոշել էր համապատասխան օրենքով կասեցնել րոպեավճարի կիրառումը՝ հաշվի առնելով բաժանորդների ոչ հավասար պայմանները։ Կառավարությունը իր կողմից պնդում էր, որ սա կարող է օգնել կամ խանգարել։ Տպավորությունն այն էր, որ կառավարությունը իր վրա է վերցրել րոպեավճարի կիրառման հետաձգումը երկար ժամանակով։ Սակայն րոպեավճարը այլեւս կատարված փաստ է եւ այն, որ անվճար ժամանաքանակը ավելացել է (120-ից 360 րոպե), նաեւ կանխավճար կա, մեծ բան չէ, եւ Վազգեն Մանուկյանի կարծիքով. «Առաջին բորբոքվածության դեպքում այս զիջումը դիմացի կողմը կարող էր անել»։ Դ. Հարությունյանը հայտնեց, որ բանակցությունների ընթացքում որպես հիմնական հարց քննարկվել է րոպեավճարը. «Չնայած բավականին շատ հարցեր էինք մենք պատրաստել, որոնց վերաբերյալ, ցավոք սրտի, առաջին իսկ պահից փոքր-ինչ փոխվեց ֆորմատը։ Մենք ակնկալում էինք, որ OTE-ն եւս կմասնակցի բանակցություններին, այն հրաժարվեց մասնակցել»։ Դ. Հարությունյանը համաձայն չէ, որ կանխավճարը եւ անվճար խոսակցության ժամաքանակը այդքան հեշտ չի ձեռք բերվել։ «ԱրմենՏելի» Տնօրենների խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ ունենալու հարցը եւս քննարկվել է բանակցությունների ընթացքում։ Մեր կողմը որոշել է, որ ներկայացուցիչը պետք է զբաղվի Հայաստանի հարցերով շուրջօրյա եւ պետք է վարձատրվի «ԱրմենՏելի» կողմից։ Իսկ ինչպե՞ս կարող է «ԱրմենՏելի» կողմից վարձատրվող ներկայացուցիչը պաշտպանել Հայաստանի շահերը։ Դավիթ Հաությունյանը գտնում է, որ կարող է, քանի որ կգործի անվստահություն հայտնելու սկզբունքը։ Նիստի ավարտին, որպես թերեւս կատակ, Վազգեն Մանուկյանն առաջարկեց Հայաստանի ներկայացուցիչ «ԱրմենՏելում» կարգել Արշակ Սադոյանին. «ԱրմենՏելին» ըտենց էլ պետք ա»։ Ինքը՝ Արշակ Սադոյանը, հարցի հումորը թերեւս չզգալով, ասաց. «Ես կարծում եմ, որ առաջին հերթին պետք է OTE-ին զրկել մենաշնորհից, եւ ներկայացուցիչ ունենալու հարց այլեւս չի ծագի»։ Վազգեն Մանուկյանը արդարացիորեն նկատեց, որ ե՛ւ հանձնաժողովը, ե՛ւ բանակցությունները ոչ մի քայլ չեն արել մեր կապը միջազգային չափանիշներին հասցնելու համար, ընդհակառակը՝ վիճակը վատանում է։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել