Լրահոս
Օրվա լրահոսը

Համ գրա՜նտ, համ «ռեմո՜նտ»

Փետրվար 05,2002 00:00

Համ գրա՜նտ, համ «ռեմո՜նտ» «Աս սրահն ալ մեր միջոցներով նորոգված է»,- ԵՊՀ ամենամեծ լսարաններից մեկի մասին «կողմնակի» հիշեցրեց Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) գործադիր տնօրեն Սիմոն Եզնիկ Բալյանը։ Եվ հենց նույն լսարանում էլ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի ձեռքով պարգեւատրվեց շնորհակալագրով ու ոսկե հուշամեդալով՝ հայրենի կրթության ու գիտության բնագավառում կատարած ծառայությունների համար։ Հայտնի է, որ վերջին տարիներին Հայաստանին պատուհասած ուղեղների արտահոսքով ու հայ գիտնականների սոցիալական ծանր վիճակով մտահոգ մի խումբ ամերիկահայ գիտնականներ ՀՕՖ-ի աջակցությամբ հիմնել են Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ)։ Այն, գործելով ՀՕՖ-ի հովանու ներքո, վերահսկվում է հայ եւ օտարազգի անդամներից բաղկացած հատուկ հանձնախմբի կողմից, որը ԱՄՆ 5000 դոլարի չափով դրամաշնորհներ է տրամադրում հայաստանցի գիտնականներին՝ լավագույն գիտական ու հետազոտական աշխատանքների համար։ ԳԿՀԱՀ ծրագրով դրամաշնորհի հայտ ներկայացրած 80 գիտական թեմաներից, որոնք ենթարկվել են մասնագիտական փորձաքննության, 2001-ին հաստատվել են 22-ը։ ՀՕՖ-ի գործադիր տնօրեն Ս. Բալյանը նաեւ հավաստիացրեց, որ գիտական աշխատանքների ընտրության ընթացքում «չեն եղել ծանոթության, մոտիկության կամ հովանավորչության հարցեր»։ 2002-ի համար հայտ ներկայացրածները 269-ն են, սակայն դրամաշնորհների արժանացել են միայն 26-ը։ Ըստ Բալյանի՝ պարգեւատրվողներն ավելի մեծ թիվ կկազմեին, եթե լինեին համապատասխան ֆինանսական միջոցներ։ Շինաշխատանքների մասին ՀՕՖ-ի գործադիր տնօրենի խոսքը լրացրեց ԵՊՀ-ի երախտապարտ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը։ Նա եւս ողջ դահլիճին հիշեցրեց, որ ՀՕՖ-ը ներդրում ունի նաեւ բանասիրական ֆակուլտետի ներքեւի սրահի վերանորոգման գործում։ Նա նույնիսկ բոլորին լավատեսորեն տրամադրելու փորձեր արեց՝ վստահեցնելով, որ շատ շուտով մեր երկրի վիճակն այնպես կլավանա, որ «բոլոր գիտական աշխատանքների արդյունքները կներդրվեն տնտեսության տարբեր ոլորտներում»։ Առավել իրատեսական էր ԿԳ նախարարի խոսքը։ «Մենք 21-րդ դար ենք մտնում իբրեւ մի ժողովուրդ, որը տարածաշրջանում մեծ խնդիրներ ունի լուծելու։ Իսկ մեր միակ փրկությունը մեր հավաքական ուժի ու էներգիայի ուղղորդումն է մի քանի վճռական ուղղություններով»,- հայտարարեց նա։ Նախարարի կարծիքով, ՀՕՖ-ի շնորհիվ ժողովուրդը բարեգործական ընդհանուր ծրագրերից անցնում է զարգացման ծրագրերի, որոնց անկյունաքարը գիտությունն է։ Ի դեպ, արդեն երկրորդ անգամ գրանտ ստացած մի կին գիտնական շատ քիչ էր համարում 5000 դոլարը՝ իրենց կատարած աշխատանքների դիմաց, թեեւ մյուսները երազում էին գոնե մեկ անգամ արժանանալ բաղձալի դրամաշնորհին։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել